«Քեզ հետ, Հայաստան»


«Քեզ հետ, Հայաստան» ապրիլյան միջազգային համերգաշարի փայլուն իրականացման համար իրատեսական հիմքեր ապահովեցին «Երևանյան հեռա-նկարներ» միջազգային երաժշտական փառատոնի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան, տնօրեն` Սոնա Հովհաննիսյան) գործունեության 15 տարիների ընթացքում ստեղծված կապերն ու ողջ հեղինակությունը: Հատկանշական է, որ արտասահմանցի մեծանուն երաժիշտները հատուկ ծրագրված ելույթները պատեհ առիթ ծառայեցրին` իրենց միլիոնավոր երկրպագուներին Հայոց ցեղասպանության դատապարտման հանապազօր գիտակցությունը սերմանելու համար: Հանդես գալով պաշտոնապես «չեզոք» դիրք գրաված Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Իսրայելում` Կիսինը, Վենգերովը, Պենդերեցկին և մյուսները ակնկալածից ավելի հասարակական ռեզոնանս հարուցեցին: Համերգաշարի մեկնարկային հանգրվան Երուսաղեմի ԶԼՄ-ներն, օրինակ, անսպասելիորեն ողողվեցին համարձակ հայտարարություններով` առաջին անգամ «հոլոքոստ» բառն օգտագործելով Հայոց ցեղասպանության համատեքստում:

Երուսաղեմում հանդես եկավ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Տալլինում` Տղամարդկանց պետական երգչախումբը` «Հորտուս Մուզիկուսի» հետ, Լոնդոնում` Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ամերիկյան «Քարնեգի» հեղինակավոր համերգասրահում Եվգենի Կիսինի դաշնամուրային վիրտուոզ նվագին հաջորդեց մեր «Հովեր» երգչախմբով նեչշնչված Քշիշտոֆ Պենդերեցկու նոր ստեղծագործության պրեմիերան: Բրյուսելում իրենց արվեստով և խաղաղարար առաքելությամբ փայլեցին Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին և Սերգեյ Նակարյակովը: Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարեց հայազգի անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Հռոմում Դանիել Հարդինգի գլխավորած Միլանի «Լա Սկալա» նվագախմբի մասնակցությամբ կայացած երաժշտահանդեսից հետո Հայոց ցեղասպանության հանրաճանաչման ջահը վառվեց Վիեննայում` ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ