Բռնություններ մեր շրջապատում

Չվնասենք միմյանց


 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2011 թվականին Հայաստանում արձանագրվել է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 71 դեպք: Այդ թվում` բռնաբարության` 10, բռնաբարության փորձի` 5, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու` 11, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու` 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու` 39, անառակաբարո գործողություններ կատարելու` 5 դեպք:

Ամենատարբեր առիթներով մենք ընդգծում ենք մեր ազգային առանձնահատկությունները, շեշտում, որ ավանդապաշտ ժողովուրդ ենք: Պարծենում ենք, թե ազգային մեծ արժեքների կրող ենք: Նույնիսկ հպարտանում ենք, որ մեկ շնչին ընկնող հանցագործութ յունների թվով Հայաստանը տարածաշրջանում և հետխոր- հրդային մի շարք հանրապետությունների համեմատությամբ ամենանախանձելի և բարվոք վիճակում է...

Բայց պարծենալու և հպարտանալու առիթ, իրականում, կարծես` չիք, քանի որ եթե մեր շրջապատում, մեր կողքին երբեմն-երբեմն գլուխ են բարձրացնում բռնություններն ու մյուս մերժելի և արգահատելի երևույթները, ապա էլ ի՞նչ բարվոքության մասին կարող է խոսք լինել:

Այո, որքան էլ փորձենք վարդագույն ակնոցներով նայել շրջապատին ու ձևացնել, թե ավանդապաշտությունը դեռ երկար լինելու է մեր ուղեկիցը, միևնույն է, բռնություններն ամենևին էլ յոթ սարի հետևում չեն, և չենք կարող խուսափել իրականությունից ու անողոք վիճակագրությունից: Եվ հասարակությունը դեռ չէր հասցրել թոթափել ամենաթարմ օրինակները` Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի ուսուցչի, Սերոբ Տեր-Պողոսյան մանկապիղծի հեղինակած անբարո «խրախճանքների» պատճառով ապրած սթրեսներն ու տագնապները, երբ հերթական չարագույժ լուրը բառացիորեն օրեր առաջ վերստին սողոսկեց իրենց երեխաների անվտանգությամբ և ապագայով մտահոգ մարդկանց հոգիները:

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի մի բնակչուհի ներկայանալով ոստիկանություն` հայտնել է, որ նախորդ առավոտյան իրենց գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 50-ամյա Ազատ Ղուկասյանը, ով  միաժամանակ գյուղի համայնքի ղեկավարն է, դպրոցի դասարաններից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել իր 15-ամյա դստեր նկատմամբ և բռնաբարել նրան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Ընթացող նախաքննությունը մոտ առաջիկայում կպարզի, թե մենք հերթական մանկապիղծի՞ հետ գործ ունենք, թե՞ ոչ:

Ու մինչ իրավապահները կբացահայտեն գյուղապետ-մանկավարժի իրական դիմագիծը, տագնապի և վախի ալիքը այս օրերին կրկին պաշարել է հասարակությանը: Իսկ հարցականները շատ են. ինչո՞ւ բռնարարքներ հեղինակողների նկատմամբ օրենքները չեն խստացվում, ինչո՞ւ են երեխաների ապագան և նրանց վաղվա օրվա հոգեկերտվածքը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր աչքի են ընկնում երեխաների հանդեպ իրենց առանձնահատուկ դաժանությամբ. ծեծում են, հայհոյում բոլորին` անկախ այն հանգամանքից, դիմացինը աղջիկ է, թե` տղա: Հենց այսպիսի մի դեպք էլ օրերս արձանագրվել է ոստիկանության Էրեբունու բաժնում:

Մի կին ոստիկանությանը հայտնել է, որ Նոր Արեշ թաղամասում գտնվող դպրոցներից մեկի երգեցողության ուսուցչուհի Ա.-ն դասաժամին ձեռքով հարվածել է 3-րդ դասարանի աշակերտուհի դստեր ականջին` պատճառելով վնասվածք:

Ոմանք կարող են ասել` մանրուք է, սակայն ինչպես ցույց է տալիս դառը փորձը, հենց այս «մանրուքները» և դրանք հեղինակողները հետագայում չարիք են դառնում հասարակության համար:

Արժե, որ խորհենք այս ամենի շուրջ և միմյանց չվնասելու աստվածաշնչյան իմաստուն պատգամի վերաբերյալ ազգովի ճիշտ ու խելամիտ հետևություններ անենք...