Վտանգավո´ր չեն, մե´ղք են


 

Բրիտանական կրկեսներում շուտով կարգելվի ներկայացումներում վայրի կենդանիներ օգտագործել. տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը: Արգելքը կտարածվի նաև հյուրախաղերի եկող արտասահմանյան կրկեսների վրա (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Նոր օրինագիծը մշակելիս երկրի իշխանություններն ուսումնասիրում են Ավստրիայի և Հունաստանի փորձը` զգուշանալով, որ կրկեսատերերը կվիճարկեն այդ օրենքը և կառավարությունից փոխհատուցում կպահանջեն:

Մինչ օրենքի ընդունումն ու կիրարկումը, խստորեն վերահսկվելու են կրկեսային կենդանիների պահելու պայմանները: Իսկ վերահսկիչների վարձատրությունը գանձվելու է կրկեսներից:

Այդ հաստատություններում վայրի գազանների պահելու խնդիրը մեծ արձագանք է գտել հետևյալ միջադեպից հետո. իրավապաշտպան կազմակերպություններից մեկը տեսագրություն էր տարածել, որ կրկեսի աշխատակիցը եղանով հարվածում է Աննա փղին: Կատարված հարցումների արդյունքով` բրիտանացիների 95 %-ը դեմ է կրկեսային ներկայացումներում կենդանիների շահագործմանը և դա արգելող օրենքի ընդունումը համարում է հրատապ: