ՆՈՐՕՐՅԱ «ԽԵՆԹԸ»


 

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ առաջին աշխատանքը 2006-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունն էր, որին հաջորդեցին Զորայր Խալափյանի «Դպրոցականի կատակերգություն», Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Աննա Պետրոսյանի «Արատայի առասպելները» աշխատանքները: Այնուհետև` «Մետրո» թատրոնում` թումանյանական հեքիաթների մոտիվներով` «Լոռու ձորը», Հ. Պարոնյանի անվան թատրոնում` Ժան Անույի «Շրջազգեստով գեներալները», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամը» և այլն: 2010-11 թթ. Դավիթ Հարությունյանը բեմադրություններ է իրականացրել Հալեպի հայկական թատերախմբի հետ:

- Մեր զրույցը սկսենք վերջերս Պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացրած քո «Խենթը» բեմադրության մասին խոսակցությամբ: Ինչո՞ւ որոշեցիր անդրադառնալ մի ստեղծագործության, որն արդեն մոռացված էր թվում:

- Վաղուց էի որոնում մի այնպիսի ստեղծագործություն, որի մեջ կգտնվեին մեր բնավորության անհաջող գծեր, մեզ վնասող, երբեմն էլ վերացումի տանող պարադոքսալ երևույթ ներին առնչվող հարցադրումներ: Հիմնական պատճառը թերևս սա էր: Եվ հետո Վարդանի պես մաքուր, նվիրված մարդկանց մեծ պակաս ունենք: Նա´ է իրական հերոսը: Նրան պետք է ձգտել ու նրան է պետք հավասարվել: Ինձ անչափ հետաքրքիր են նաև վեպում նկարագրվող պատմական դեպքերը: Միշտ էլ դասեր ունենք քաղելու դրանցից: Կա ևս մի կարևորագույն պատճառ, որը վերոհիշյալներից թերևս ամենակարևորն է` թոմասէֆենդիների մահաբեր դերը մեր գոյության ընթացքում: Թոմասէֆենդիների առկայությունն առաջինն է ոչնչացնում ու թուլացնում մեզ:

- Արդյո՞ք միայն պատմության հանդեպ հետաքրքրությունն էր անդրադարձի պատճառը, թե՞, այնուամենայնիվ, առկա էր նաև հերոսի որոնման խնդիրը, մանավանդ որ այսօր մեր բեմից և էկրանից հեռացել է պատկերացումն իսկական հերոսականի մասին:

- Հերոսի փնտրտուքն իհարկե կար: Հիմա և միշտ այդ հերոսին անհրաժեշտ է արթուն պահել, քարոզել ու տարածել մեր մեջ: Այլ կերպ չի լինի: Թող լինի բեմում, թող լինի հենց ինքը Վարդանը: Ուզում եմ խոսել մեր բնավորության, մեր պատմական հնարավորությունների բացթողման մասին: Եվ Րաֆֆին օգնում է իր սքանչելի վեպով:

- Պատանեկան թատրոնում նման դասական ստեղծագործության բեմավորումն ու բեմադրությունը պիտի խիզախում համարել: Հիմա արդեն բեմադրությունն իրականություն է դարձել: Ինչպիսի՞ն է հանդիսատեսի ընդունելությունը:

- Պետք է ասեմ, որ սկզբնական բեմադրական աշխատանքների ընթացքում նույնիսկ դերասանախմբում անվստահություն կար, մի տեսակ հոռետեսություն` այն առումով, որ պատանիները չեն դիտի այդ ներկայացումը, որ թեման շատ ծանր է և այլն: Ինչ խոսք, անելիքս լավ իմանալով հանդերձ, միևնույն ժամանակ երբեմն ինքս էլ երկմտում էի: Բայց արդյունքը մինչ օրս հակառակն է ապացուցում: Համարում եմ, որ իսկապես մեծ աշխատանք կատարեցինք: Հասկացա, որ պատանիներին հաճախ նաև թերագնահատում ենք: Փաստացի, այսօր ներկայացումը բավական պահանջված է: Պատանի հանդիսատեսի թատրոնի հանդիսատեսը շատ բուռն է արձագանքում բեմում ծավալվող իրադարձություններին, յուրովի ապրում է հերոսների կյանքը: Ես տեսա իսկական խանդավառություն և ոգևորություն: Շատ վաղուց մեր ազգային պատմությունը բեմ չէր բարձրացել, շատ վաղուց մեր պատանի հանդիսատեսը չէր տեսել ընդօրինակելի հերոսի:

- Տեղյակ եմ, որ աշխատում ես նաև վավերագրական ֆիլմի սցենարի վրա:

-  Ապագա փաստագրական խաղարկային ֆիլմը, որը հայ-ռուսական համատեղ ձեռնարկ է, կներկայացնի Վանի թագավոր Արգիստ Առաջինի գահակալման շրջանը, ով, ինչպես հայտնի է` Մենուայից հետո ընդարձակեց, հզորացրեց թագավորությունը: Սցենարը, որտեղ ներկայացվում են այդ շրջանի քաղաքաշինությունը, քաղաքականությունը, մշակույթը, ռազմավարությունը, բանակի սպառազինությունը և, ամենակարևորը` Ասորեստանի դեմ անվերջ մղվող պատերազմների պատճառները, այժմ թարգմանում եմ ռուսերեն: Համոզված եմ, որ դիտելով այս նկարը, հանդիսատեսը զուգահեռներ կանցկացնի մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Ի վերջո, այսօր էլ պատերազմների հիմքում գերիշխանության մոլուցքն է: 

Լ.Մ.