Հարցին ի պատասխան
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ
*- Ձեր շենքի բնակիչները ոնց որ փողոցային լինեն:
- Մեր շենքի տեղում մինչև վերջերս փողոց էր:
*- Այգիդ լավն է. տեսա` բերանիս ջուրը գնաց:
- Շուտ շուտ արի` էդ ջրով այգիս ջրեմ:
*- Փաստերը քո օգտին չեն խոսում:
- Թողեք նրան ես խոսեցնեմ:
*- Ինչո՞ւ ես այդքան ուրախ:
- Էսօր ութ մարդու եմ խաբել:
*- Լցնե՞մ` խմենք:
- Չէ, ես դիետայի վրա եմ:
- Հետո՞ ինչ. ես էլ ղեկի վրա եմ:
*- Ես պաշտոն չունեմ, ինչո՞ւ ես ինձ քծնում:
- Շա˜տ ժուլիկն ես` մի օր կունենաս...
*- Հիմա կաշառքդ ո՞նց վերցնեմ` հետևում են:
- Ես էլ հետևի դռնից կբերեմ:
*- Առողջություն, շե´ֆ ջան:
- Բայց ես չեմ փռշտացել:
- Ո՞նց կարող է էսօր չփռշտաք...
*- Սեղանի թենիս սիրո՞ւմ ես:
- Սեղանին ինչ էլ դնեն` սեղանին սիրում եմ:
*- Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:
- Բաց է´ր: Դրա համար էլ ում ձեռքն ինչ ընկավ` գողացավ:
*- Իզուր թույլ տվեցիր` քեզ բարոյական ապտակ հասցնեն:
- Ախր չգիտեի, թե որտեղիս են խփելու:
*- Ձեր խոսքերն ու արարքները ռեալ հիմք չունեն:
- Մենք հիմքերը վերևից ենք դնում:
*- Երբեք ուսման հետևից չվազեցիր:
- Ֆիզկուլտի ժամերին շատ եմ վազել:
*- Գյուղացի ես, բայց բավական կուլտուրական:
- Ես միայն բոստանային կուլտուրաներ եմ աճեցնում:
*- Գնա հիվանդանոցում պառկիր:
- Հրեն տանը կպառկեմ` մահճակալի փող չեմ տա:
*- Ախորժակն ուտելիս է բացվում:
- Իմն` ուտելիքի անունը լսելիս:
*- Ախր դու ինձանից ինչո՞վ ես ավել:
- Ես քեզանից շատ եմ ուտում:
*- Կաշառքը մութ տեղը լույս է տալիս:
- Դրա համա՞ր է` մեր կյանքն այսքան լուսավոր:
*- Պարույր Սևակը ավտո-վթարի զոհ գնաց:
- Էդ ավտոյի ակները սև էին` սև ակ:
*- Պապա, բայց մեր գազանանոցի փիղն ինչքան մեծ էր:
- Բա դու կարծում էիր, թե Հայաստանը փո՞քր երկիր է:
*- Զբոսայգու այն երեխայի արձանն ո՞ւր է:
- Երեխան մեծացավ, թողեց-գնաց...
*- Մեր պատգամավորները կարծես դերասան լինեն:
- Ճիշտ է, նրանք թատերական հրապարակում ձևավորվեցին:
*- Դու ամեևին խիղճ չունես:
- Փոխարենը` փող ունեմ. ինչ պետք գա` կգնեմ:
*- Ես իմ գինը լավ գիտեմ:
- Հիմա քեզ քանիսո՞վ կարելի է գնել:
*- Ես արդարադատություն եմ խնդրում:
- Ամո´թ է, ամոթ... հո մուրացկան չե՞ս:
*- Այ հեր, դու ինձ իսկի փող չես տալիս:
- Փողը թող ուրիշը տա. իմը երես տալն է:
*- Աղջի, իբր քնած ես, հրեդ աչքերդ բաց են:
- Վայ, մոռացել էի փակեմ:
*- Խնամի ջան, մեր աղջիկը քանոն է նվագում:
- Պա´հ, մեր տղեն էլ քանոնով շատ ուղիղ գծեր է քաշում:
*- Էս ի˜նչ գեղեցիկ հարսի շոր ունես: Թող խերով ըլնի:
- Խերո´վ է, խերով. երեք անգամ սրանով հարս եմ գնացել: