Նրանց զոհերն էլ ինտերնետում են


Ոստիկանությունը մոսկվացիներին խնդրել է` իրենց անձնական տվյալները չտեղադրել սոցցանցերում, որովհետև մարդկանց հեռախոսահամարները, նշանաբառերը, հասցեները կարող են հայտնվել խարդախների ձեռքում: Ընդգծենք` խոսքը պաշտոնական հաղորդագրության մասին է, որին անդրադարձել են լրատվամիջոցները: «Կոմսոմոլսկայա պրավդան», որպես այդ անհանգստության հիմնավորում, վերհիշեցրել է միլիոնատեր Կասպերսկու որդու առևանգման փաստը. իրենց հերթական այդ զոհին հանցագործները գտել են սոցիալական ցանցի միջոցով, որտեղ Իվան Կասպերսկին նշել էր, թե որտեղ է ապրում: - Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե որոնման ծրագրով հավաքվի ցանկացած մարդու ազգանունը, անմիջապես տեղեկատվություն է ներկայացվում նրա մասին,¬ ասուլիսում հայտարարել է ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության Մոսկվայի քաղաքային վարչության պետ Օլեգ Բարանովը: Նա ասել է, որ այս կարգի հանցագործությունների դեմ պայքարում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները: Այդուհանդերձ, հարկավոր է հնարավորինս խուսափել` անձնական տվյալները ուր պատահի թողնելուց: Մեզանում այդպիսի նախազգուշացում չի հնչեցվում, և կարծես թե` դրա սուր անհրաժեշտությունը դեռևս չկա էլ: Բայց դա չի նշանակում, թե այս վտանգն ընդմիշտ շրջանցելու է մեզ: Զգուշանալ, ինչպես ասում են` երբեք ավելորդ չէ: