ԱՐԴՅՈ՞Ք ԱՆԱԶՆԻՎ ՉԷ


 

Հայտնի է, որ հունիսի 3-ին Դավիթ-Բեկ փողոցում Սոֆի Դևոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 1-ը մահացել է: Անվանի պարուհին` Հոգու և պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոֆի Դևոյանը, հաստատել է կատարվածը և այսպիսի հայտարարություն արել.

- Դա իմ անձնական մեքենան է, և նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ...… Ահավոր վիճակ է, չգիտեմ, ես շատ զայրացած եմ, որովհետև իրավունք չկար առանց ինձ հարցնելու մեր տան անդամների մեքենան վերցներ ու գնար: Մեքենան իր մոտ էր մնում, որ մենք Պտղնի էինք ապրում. գալիս մեզ վերցնում էր:

Գուցե երեք օր առաջ կատարված դեպքին մենք նման ուշադրություն չդարձնեինք, եթե պարուհի-գործարարի խոսքում չլիներ մի անհամապատասխանություն, որն էլ մտորելու առիթ տվեց: Դևոյանն ասել է, թե վարորդն ինքնակամ է վերցրել մեքենան: Սակայն դեպքից անմիջապես հետո, Դևոյանի ամուսինն ու որդին հայտարարել էին, որ վարորդը գալիս էր իրենց օդանավակայան տանելու: Ստացվում է, որ Սոֆի Դևոյանը կամենում է վարորդին մեղսագրել մի հանցանք ևս` ինքնակամ մեքենան վերցնելը` առանց սեփականատիրոջ թույլտվության: Արդյո՞ք սա ազնիվ քայլ է և վայե՞լ է արտիստուհուն, ում արվեստի էությունը մարդասիրությունն է: Ժողովուրդն ասում է` ընկածին չեն խփում: Կատարվել է ողբերգություն, որտեղ, բնականաբար, վարորդն ունի իր մեղքը, սակայն պարտակել ծառայողական պարտականության կատարման փաստը և վարորդին մի նոր հարված հասցնելը պարզապես անբարո է: Ինչո՞ւ է պարուհին շտապել հայտարարել, թե վարորդն ինչ-որ տեղից գալիս է եղել, երբ իրականում նա հենց այդ պահին սպասարկել է Դևոյաններին: Գուցե ինչ-որ բան կա, որը նա ցանկանում է թաքցնել: Դա, իհարկե, ոչ թե մեզ, այլ իրավապահներին է հետաքրքիր, սակայն կամենում ենք արվեստագետին հիշեցնել, որ անմիջապես վարորդին մեղադրելու փոխարեն, լավ կլիներ, որ հիվանդանոց այցելեր, աջակցություն հայտներ վիրավորներին, իսկ զոհվածի ընտանիքին էլ ցավակցական հեռագիր հղեր...… Ի վերջո, Դևոյանին պատկանող մեքենան է դարձել ողբերգության առանցքը:

Լ.Մ.