ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հնարավոր է, որ օլիգարխիա-իշխանություն հետզհետե սառող հարաբերություններում առաջիկայում հերթական սեպը խրվի: Գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու ծրագիրը միրգ-բանջարեղենի, կաթնամթերքի ու մսի շուկաները, ինչպես ասում են, բարեշրջման են ենթարկելու: Թեև շուկայական հարաբերությունները մեզանում երկու տասնամյակ գռեհկացվելուց հետո նոր¬նոր են գյուղական հորիզոնները նվաճում, այսուհանդերձ, գյուղի հանդեպ ուշադրության կտրուկ աճն ավելի վաղ պետք է դրսևորվեր, որպեսզի ոլորտի առողջացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց առաջ համակարգն այսչափ չքայքայվեր: Եթե գործադիրի նախաձեռնությունը հաջողություն արձանագրի, օլիգարխիան, «մանր¬մունր» կավատներով հանդերձ, իր ծանր ձեռքը ստիպված է լինելու հանել բարիք արտադրողի գրպանից: Իսկ ստեղծվելիք` մթերող, վերամշակող և իրացնող կազմակերպությունները լիովին կարողանալու են չեզոքացնել բոլոր հնարավոր մենաշնորհները: Դրանք, իհարկե, մասնակիորեն կպահպանվեն, որովհետև գյուղացիական կոոպերատիվները, համենայն դեպս սկզբնական շրջանում, մեծ դժվարությամբ են հաջողելու մրցել արդեն կայացած ու իրացման բոլոր շուկաները նվաճած կառույցների հետ: Կարևոր է նաև, որ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելն այլևս սեզոնային բնույթ չի կրի. կոոպերատիվներում ընդգրկված նույն գյուղաբնակները ձմռան ամիսներին էլ բնության պարգևած բարիքները կվերամշակեն: Արդյունքում կլուծվի և´ զբաղվածության, և´ հավելյալ եկամուտներ ստանալու խնդիրը: Եթե համարենք, որ այս հեռանկարը զգալիորեն թեթևացնելու ու մինչև անգամ բարելավելու է գյուղի վիճակը` մեռյալ կետից շունչ տալով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ապա խոշորագույն սպառողի` մայրաքաղաքի խնդիրն այս առումով շարունակում է նախկինի նման անորոշ մնալ: Երևանյան շուկաներն առաջիկայում ակտիվանալ պատրաստվող սպեկուլյանտներից մաքրելու հարցում վճռականություն դեռևս չի նկատվում: Սակայն իրական բարեփոխումների լայնածավալ թվացող գործընթացը պետք է այնքան ընդգրկուն լինի, որ այս ոլորտի խնդիրները նույնպես միանգամից ու մեկընդմիշտ լուծվեն: Ինչու, օրինակ, նույն նախանձախնդրությամբ չստեղծել գոնե կիսով չափ պետական վերահսկողությամբ գործող նոր վաճառակետեր: Ավելին, շուկաներ տնօրինող մաֆիոզ-մենաշնորհատերերի փոխարեն որոշակի եկամուտ կարող է ստանալ նաև պետությունը: Իսկ արդյունքում` ճտերն աշնանը հաշվելիս կարելի կլինի ասել, որ տարին իսկապես գյուղատնտեսական էր, և բառի ամենալավ իմաստով` ոլորտը բարեշրջվել է: