«Բժշկի մասնագիտությունը սխրանք է»


Հիշողություններ կան, որ Դանթեի «Դժոխք»¬ն անգամ դրախտն է թվում: Արդեն 20 տարի այդ դաժան հիշողությունները հանգիստ չեն տալիս Գետաշենի հիվանդանոցի գլխավոր բժիշկ` Սարգիս ՀԱԿՈԲՔՅՈԽՎՅԱՆԻՆ: Ծնվել է 1935 թ. Գետաշենում: Ավարտել է Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտը, Երևանի բժշկական ինստիտուտը: Աշխատել է ՆԳ համակարգում` որպես բուժմասի պետ: 1970¬ից մինչև 1991 թ. եղել է Գետաշենի գլխավոր բժիշկը: Վերապատրաստվել է որպես վիրաբույժ, մասնագիտացել աչքի, քիթ¬կոկորդի, վնասվածքաբանի մասնագիտությունների մեջ: Մեծ է նրա վաստակը հայրենի գյուղում առողջապահության, բուժսպասարկման որակը բարձրացնելու գործում: Պարգևատրվել է մեդալներով, արժանացել խրախուսանքի: 1991 թ. ապրիլի 29¬ի գիշերը, լույս 30¬ի առավոտ ազերի օմոնականները ռուսական 4¬րդ բանակի հետ շրջափակել էին Գետաշենը տանկերով ու զրահամեքենաներով: Ռմբկածոկում էին վերևից, կոտորում իր հողի համար պայքարող անմեղ ժողովրդին: - Բժիշկ, ինչպե՞ս էիք պատկերացնում ձեր պայքարի ելքը, երբ Գետաշենի դարպաս հանդիսացող Կամո և Ազատ գյուղերը հանձնվել էին: - Ձեր խոսքը հիշեցնում է այն բժշկին, որ լքում է հիվանդին օրհասական պահին` մտածելով, թե չի կարող օգնել նրան: Դա պատերազմ չէր: Դա մեր ծննդավայրի կռիվն էր: Ու ամեն մեկս մեր կռիվն ունեինք: Իմ կռիվը իմ ժողովրդի, իմ հիվանդների հավատն ու վստահությունն էր, հիվանդանոցն էր: Գիտե՞ք քանի սերունդ է ծնվել այնտեղ: Ինչ ուրախություն ու աչքալուսանք էր, երբ մանկան ճիչ էր լսվում հիվանդանոցում, երբ ծանր հիվանդն ապաքինվում ու հազար օրհնանքով մատաղ էր անում: - Մեր դոխտուրը ուրիշ ա, հենա Ադրբեջանի դատախազն ա գալի Սարգսի մոտ, էլ հո՞վ ա քինում Բաքու,¬ ասում էին համագյուղացիները: Իմ կռիվն ամեն վայրկյան մահվան հետ էր: Վիրահատարանում կյանք էի կորզում մահվան ճիրաններից: Ես դիրքերում էի: Այնտեղ սպիտակ խալաթավորը վիրավորին ապրելու հույս է տալիս, կռվելու հավատ ներշնչում: - Շա՞տ զոհեր ունեցաք: - Այդ օրը, բացի ֆիդայիներից, զոհվեցին 27 գետաշենցիներ: Բոլորի` Հրաչի, Արթուրի, Թաթուլի, Սիմոնի (Դեդ) խոշտանգված դիակները բերեցինք հիվանդանոց: Մաքրեցի, կարգի բերեցի, կարեցի, մշակեցի: Ճանապարհի մեծ դժվարություններ հաղթահարելով, տղաները դիակները հասցրել էին Երևան: Այդ մղձավանջը տևեց 7 օր: Արյան ու դիահոտը քիմքիս մեջ էր: Ինձ թվում էր` միտքս մթագնում է: Հասկացեք ախր, ես էլ մարդ եմ: Անզորությունից արդարացողի պես նա նայում էր ինձ: Հետո ինչ¬որ բառեր ասաց ու լռեց: Խուսափելով նոր բախումներից ու զոհերից, մայիսի 6-ի գիշերը նրանք ֆիդայիների մեծ մասին լեռներով հանում են գյուղից: Չլքելով իրենց հիվանդներին, երեք բժիշկներն էլ մնում են գյուղում` Սարգսի 90 տարեկան մոր մոտ: - Այդ ժամանակ արդեն փոխհամաձայնություն կա՞ր` գյուղը տեղահանելու մասին: - Այո´: Գիտեինք, որ դա մեր վերջին լուսաբացն է լինելու Գետաշենում: Գիշերը երեքով գնացինք հիվանդանոց: Բժշկական բոլոր սարքավորումները տարանք նկուղ: Ամբողջ զենքն ու զինամթերքը լցրեցինք վրան: Շրջեցի հիվանդանոցում: Մտովի հրաժեշտ տվեցի ու դուրս եկա: Իմ ձեռքով եմ պայթեցրել իմ սարքած հիվանդանոցը: Ու նայել եմ մինչև մոխրանալը: Ես չէի կարող թույլ տալ, որ այդ շինության մեջ, ուր հայ մանուկներ են ծնվել, ու բուժվել են իմ պապերը, ցնկեին ու բազմանային թուրք լամուկներ: Այդ մասին իմացել էր Ադրբեջանի դատախազը: Նրա հետ ոխերիմ թշնամի էինք դարձել խանութպանի սպանության դեպքի ժամանակ: Այս ամբողջ կռիվը հենց այդ դեպքից էլ սկսվեց: Ադրբեջանը հերքում էր սպանության վարկածը: Ես պահանջեցի դատաբժշկական փորձագետ և իրենց ներկայությամբ դիահերձումը կատարելու իրավունք: Հերձման ժամանակ կրակած փամփուշտը հանեցի նախասրտի ձախ փորոքից: Մայիսի 7¬ի առավոտյան ժողովրդին տեղահանում են ուղղաթիռներով: Սարգիսը մոր հետ մոտենում է ուղղաթիռին: Նրան ճանաչում են ու անմիջապես բռնում, նստեցնում են ավտոբուսը: Հետո բերում են Վալերիին, Գևորգին ու գետաշենցի 14 քաջորդիների: Նրանց տանում են Կիրովաբադի բանտ: Այս էլ քանի դար` հայը խոշտանգվում է, կտտանքների ենթարկվում միայն նրա համար, որ պայքարում է իր գոյի, իր քրտինքով վաստակածը պահելու համար: Իսկ աշխարհի աչքը փակ, սիրտը քար է: 23 օր մարդկային երևակայությունից դուրս տանջանքների են ենթարկում նրանց: Իրենց ծանր հանցագործներին հարբեցնում էին, գազազեցնում, զինում զանազան առարկաներով ու բաց թողնում հայերի վրա: Ջարդում են Սարգիսի ձեռքերը, հետո պարկի նման շպրտում են ներս, ասելով. «Էս էլ ձեր դոխտուրը, տարեք, թող ձեզ բուժի»: Սարգիսը ծանր ցնցումների մեջ է ընկնում, լյարդի ու երիկամի մասնակի պատռվածք ստանում: Գիտակցությունը խաթարվում է: Միայն Աստծո հրաշքով են ողջ մնում: Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ էլ ազատվում են բանտից: Նա երկար ժամանակ բուժվում է տարբեր հիվանդանոցներում: Ոչ մի օրգան անվնաս չէին թողել ճիվաղները: Բարեբախտաբար, տարիների հետ մեղմացել են սուր զգացողությունները ու քիչ¬քիչ նա էլ վերադարձել է բնականոն կյանքին: Հիմա աշխատում է Արեշի N 2 պոլիկլինիկայում` որպես վիրաբույժ: Գետաշենցիները, որ ապրում են Հայաստանի տարբեր շրջաններում, ուր էլ լինեն, մեկ է` անհրաժեշտության դեպքում, իրենց «դոխտուրին» են դիմում և ստանում անհրաժեշտ բուժում: Դա դառնում է առիթ` գետաշենցիներով հավաքվելու նրա տանը: Նրա բուժման ամենամեծ գաղտնիքը հոգու ջերմությունն ու հոգատարությունն է, անկեղծ խոսքն ու ուրախ բնավորությունն է: Սարգիսը լավ երգում է, շվի նվագում, դհոլ խփում: Իսկ մենակ մնալիս` իր հիշողությունների հետ է` Գետաշենում, որտեղ իր տունն էր, մեծ բակով, ծառ ու ծաղկով: Քաշքի ձորի զուլալ քչքոցն է հիշում: Իր պապերի, ապուպապի այգիները, ու նրանց սուրբ շիրիմները: Հիշո˜ւմ է, հիշում…

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ