Չկայացած հանդիպում
Գեղանկարիչ Գրիշա Գաբոյանը պատմեց.
- Գնացքով գործով գնում էի Լենինգրադ (այժմ` Պետերբուրգ): Մտածեցի` լավ առիթ է, զանգ տամ մոսկվաբնակ նախկին սիրուհուս` Վերային, գա «Կուրսկի վակզալ», 22 տարի իրար չենք հանդիպել: Ես որ կարոտել եմ, նա ինձ` ինձանից շատ:
Բայց, ավաղ, գնացքը 60 րոպե կանգ առավ, իսկ Վերան մի վայրկյան էլ չերևաց:
Կարճ ժամանակ անց Երևան վերադառնալիս նախօրոք զանգահարեցի Վերային ու խնդրեցի գոնե այս անգամ գա նույն տեղը` հանդիպենք:
Զարմանքիս չափ չկար, որ այսչափ խնդրանքից հետո, էն էլ ով, իմ Վերոչկան, հեռախոսով ինձ լսեց, բայց չեկավ:
Հենց Երևանի կայարանից զանգահարեցի իրեն:
- Վերա, դա քեզանից չէր, մի՞թե մեր անցած հրաշալի օրերը, հուշերը մոռացար, չուզեցիր հանդիպել:
- Վերան հեռախոսի մեջ լացը հազիվ զսպելով խնդրում էր ներել, ասելով,- սիրելի Գրիշա, հիշիր, որ տարիներ են անցել, իմ այժմյան տեսքը կարող էր քեզ հիասթափեցնել, էլ առաջվանը չեմ: Ինքս ինձնից ամաչեցի, կմտածեիր` էս ո՞ւմ եմ սիրել... Ավելի լավ չէ՞ր միմյանց հուշերում մնայինք մեր ջահել տարիների գեղեցկությամբ: