Ա´Յ ՔԵԶ ԹԱՍԻԲՈՎ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ 


 

Պարզվում է, որ մի խումբ երիտասարդ գյումրեցիների խիստ զայրացրել է ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հեռուստաելույթը, ուր քաղաքական գործիչը խոսել է ընտրակաշառքների մասին` ասելով, որ տգեղ է, երբ մեկից վերցնում են փողը, ապա քվեարկում ուրիշ թեկնածուի օգտին: Շուշան Պետրոսյանն իր ելույթում գյումրեցիներին չի հիշատակել, բայց, չգիտես ինչու, հենց թասիբով գյումրեցիներն են խիստ զայրացել ու նամակ հղել երգչուհուն, որում դատապարտում են երգչուհուն, իսկ վերջում սպառնում բոյկոտել մարտի 13-ին Գյումրիում հայտարարված նրա համերգը:

Երգչուհու դեմ են ելել մի շարք հասարակական կազմակերպություններ, մանկավարժական ինստիտուտի ուսանողներ: Զավեշտը գագաթնակետին է հասել, երբ ոմն Կարեն Պետրոսյան երգչուհուն մեղադրանք է ներկայացրել ողջ հայ ժողովրդի կողմից: Դե, գյումրեցիները միշտ էլ ծայրահեղությունների կողմնակից են, սակայն, չգիտես ինչու, այս անգամ նրանք որոշել են հանդես գալ բոլորի անունից: Ավելին, ընդունել, որ հենց իրենք են ընտրակաշառք վերցրել ու քվեարկել այլ թեկնածուի օգտին:

Իհարկե, ցանկացած քաղաքական գործիչ, հանրային դաշտում ելույթ ունեցող, պիտի նախօրոք իմանա, թե ինչ է խոսում և ինչի մասին, պիտի գիտենա, որ հատկապես հիմա, երբ երկրում դեռևս շարունակվում են հանրահավաքները` մարդիկ չափազանց զգայուն են դարձել ամեն մի խոսքի հանդեպ:

Շուշան Պետրոսյանի հրապարակավ ասված խոսքը, մեղմ ասած, քաղաքական գործչի խոսք չէր, ավելին, մտավորականի խոսք չէր, քանզի երգչուհին իշխանություններին դուր գալու համար կաշվից դուրս գալով, սկսեց նաև դիմել անհեթեթությունների:

Հիշեցի մեր նշանավոր դերասանուհի Վիոլետա Գևորգյանի պատմությունը: Ղարաբաղյան շարժման օրերին նա գնացել էր Բաքու և մասնակցել համամիութենական կինոփառատոնի: Ոմանք խաբել էին անվանի դերասանուհուն, ինչպես ասում են` խաղ խաղացել: Ու դյուրահավատ դերասանուհին կուլ էր գնացել սադրանքին: Հետո այդ սադրանքը խորացավ, երբ մարդկանց հանեցին նրա դեմ, անգամ դավաճան կոչեցին: Դերասանուհին զրկվեց բեմից, նկարահանվելու հնարավորությունից: Մեկնեց Ստեփանակերտ, որպեսզի աշխատեր Ղարաբաղի պետական թատրոնում: Սադրանքի ալիքն այնտեղ էլ հասավ, ու հայ թատրոնի և կինոյի ամենանշանավոր դերասանուհիներից մեկը ստիպված հեռացավ հայրենիքից:

Հիմա ոչ ոք Շուշան Պետրոսյանին դավաճան չի համարում, սադրանքներ չեն գործվում, սակայն հենց նա կարող է մարդկանց հանել իր դեմ, ոչնչացնել իր հեղինակութ յունը: Ինքնամեծար ելույթների փոխարեն, լավ կլինի, որ երգչուհին, ով սերում է նշանավոր արվեստագետների ընտանիքից, Ազգային ժողովում իր մտահոգություններն հնչեցնի մեր մշակույթի հոգսերի վերաբերյալ, խոսակցություն բացի այն մասին, որ, այնուամենայնիվ, այսօր մշուշոտ են Օպերայի և բալետի, ինչպես նաև Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնների ճակատագրերը... Լավ կլինի, որ երգչուհի-պատգամավորը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ` արվեստի մարդկանց սոցիալական պաշտպանվածությունը բերելով օրենքի դաշտ: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ