Հրաժարվեցին փրկել անօրինական ներգաղթողներին


Փաստորեն անգլիական նավերը ոչ միայն Հայոց եղեռնի տարիներին հայկական լեռներ բարձրանալ չկարողացան, այլև ծովում խեղդվողներին փրկել չցանկացան:

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան հրաժարվեց մասնակցել Եվրամիության կազմակերպած` ապօրինի ներգաղթողներին փրկելու գործողություններին: Փրկել` ամենաուղիղ իմաստով, որովհետև ծովով անօրինաբար Եվրոպա մեկնողների նավերը խորտակվում էին Միջերկրական ծովում (տեղեկացրել է The DΖily MΖil-ը):

Բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչությունն այդ հրաժարումը բացատրել է այսպես. եթե մարդիկ հաստատ իմանան, որ իրենց փրկելու են, ապա Հյուսիսային Աֆրիկայից ծովով Եվրամիություն տեղափոխվել ցանկացողների թիվը զգալիորեն կաճի: Մարդասիրության մասին եվրոպական հորդորները, ուրեմն, լսելի չեն Մեծ Բրիտանիայում:

- Մենք չենք աջակցում Միջերկրական ծովում անցկացվող որոնողական ու փրկարարական գործողություններին: Մենք համոզված ենք, որ դա կքաջալերի միգրանտներին` ծովային վտանգավոր ուղևորության մեկնել, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ողբերգական և ավելորդ մահերի,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչը:

Ի դեպ, գրեթե ամեն ամիս ապօրինի ներգաղթել ցանկացողներով լեցուն նավակներ են խորտակվում Միջերկրականում: Այդուհանդերձ միայն վերջին մեկ տարում Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից այդ ճանապարհով Եվրոպա է ներթափանցել շուրջ 150 հազար մարդ. առնվազն 2 հազարն էլ զոհվել են:

Բարեհաջող ափ հասնողների մեծ մասը մնում է Իտալիայում, որովհետև Եվրամիության օրենքներով` փախստականները պարտավոր են ապաստան խնդրել միայն այն երկրում, ուր տեղ են հասել: Ավելին, իտալական օրենսդրությամբ էլ` հաշվառումից խուսափողները արտաքսվում են իրենց հայրենիք: