Երևակայական գլխավոր ինտրիգը և «ֆորսմաժորի» հեռանկարը
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահը անակնկալի բերեց նաև քաղաքական մեկնաբաններին, ովքեր «հընթացս» փորձում են «գլուխ հանել» ստեղծված նոր իրավիճակից` կանխատեսումների «դաշտը» հարստացնելով թարմ սցենարների ցնցող սյուժեներով: Թերևս որոշ լրագրողների «մասնագիտական» թուլությունն է ամենաողբերգական իրադարձություններից անգամ սենսացիա սարքելու խիստ «հաճելի» գայթակղությանը անմնացորդ հանձնվելը: Քանի որ Կառավարության հրաժարականը և դրա ընդունումը ՀՀ նախագահի կողմից, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը չէր տեղավորվում «սենսացիա» երևույթի մեջ, անմիջապես հրապարակ նետվեցին «իրազեկ աղբյուրների» տեղեկատվությունը առ այն, թե իբր նախագահական նստավայրում քննարկվել է Դավիթ Հարությունյանի և Արմեն Գևորգյանի վարչապետ նշանակելու հարցը: Միտումնավոր անտեսվում էր նաև այն հանգամանքը, որ մինչ նոր ԱԺ ընտրությունները, ըստ կոալիցիոն պայմանավորվածության, Վարչապետի պաշտոնը պատկանելու է ՀՀԿ-ին: Ինչևէ, միակ բացարձակ ճշմարտությունը կանխատեսումների հեղեղի մեջ թերևս այն է, որ առանց Անդրանիկ Մարգարյանի, ընտրություններում հաջողության հասնելու ՀՀԿ հնարավորությունները կարող են նվազել, եթե կուսակցությունը կարճ ժամանակում չկարողանա «շտկել մեջքը», դուրս գալ ծանր կորստի պատճառով առաջացած շոկային վիճակից և կրկնապատկված ջանքերով չներգրավվի արդեն պաշտոնական քարոզարշավին: Տարածված կարծիք է (ի դեպ, իրականությանը համապատասխանող), որ Անդրանիկ Մարգարյան-վարչապետը մեծ դերակատարություն ուներ ոչ միայն իշխանության թևերի սերտ համագործակցության, այլև իշխանության և ընդդիմության միջև բևեռացումը մեղմացնելու, սուր հակամարտությունը որոշ չափով հարթելու գործում: Այսինքն, որոշ իմաստով նա իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում յուրօրինակ «բուֆերի» դեր էր կատարում: Ըստ այդմ քաղաքական մեկնաբանների մի մասը գտնում էր, որ Ա. Մարգարյանի մահը կարող է ներքաղաքական իրադրության ապակայունացման պատճառ հանդիսանալ. մասնավորապես, ընդդիմության վերաբերմունքն ու դրանից բխող գործողությունները կարող են դառնալ էլ ավելի արմատական ու անզիջում: Սույն կարծիքի մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա: Բայց ընդամենը` «հատիկ»: Ա. Մարգարյանի բացակայությունը հնարավոր է խթանիչ հանգամանք հանդիսանա ընդդիմության համար` իրավիճակը որոշ չափով փոխելու` սրացումներ մտցնելու առումով: Բայց, կարծում ենք, բեկումնային բնույթի վերափոխումներ իրականացնելու` ուժերի նոր վերադասավորության հասնելու, կշեռքի նժարը իրենց կողմը թեքելու հնարավո րություն ու ժամանակ արմատականները այլևս չունեն: Թերևս, կասկած չկա, որ, ստանձնելով ՀՀԿ ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները, Սերժ Սարգսյանը իր կազմակերպչական ունակություններով կկարողանա արագ վերականգնել ու կենտրոնացնել ՀՀԿ ուժերը, իսկ ներպետական հարաբերություններում պահպանել կայունությունն ու հավասարակշռությունը: Հայրենի քաղաքագետները վերոնշյալ սցենարը համարելով հավանական, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը համարում են ԱԺ ընտրություններից հետո ՀՀ նախագահի կողմից իբր թե նախապատրաստվող և իրականացվելիք «ձիով քայլը», որի էությունը մայիսի 12-ից հետո «առաջին ջութակը» ՀՀԿ-ից վերցնելու և ԲՀԿ-ին հանձնելու ծրագրում է «ամփոփում»: Դա ինքնըստինքյան նշանակում է, որ Վարչապետի, իսկ 2008-ին` ՀՀ նախագահի պաշտոնը, ի հեճուկս հասարակության ու քաղաքական շրջանակներում արմատացած համոզման, «հանձնվելու» է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ մեկ ուրիշի: Այդ «մեկ ուրիշի» անձը ճշտելու ուղղությամբ էլ արդեն բավական ժամանակ «գլուխ են կոտրում» ինտրիգների և սենսացիաների սիրահարները` շրջանառելով և մատնանշելով այնպիսի անուններ, որոնց «տերերի» համապատասխանությունը ՀՀ նախագահի պաշտոնին, մեղմ ասած` խիստ վիճահարույց է: Ինչից է սնուցվում, միս ու արյուն ստանում առաջիկա մեկ տարում Հայաստանի քաղաքական կյանքի այս «գլխավոր ինտրիգը»: Վերլուծաբաններն իրենք իրենց հարց են տալիս. ՀՀ նախագահի ինչի՞ն էր պետք ստեղծել, հզորացնել, իր քաղաքական հենարանը դարձնել ԲՀԿ-ն, եթե հեռագնա նպատակ չուներ ՀՀԿ-ին զրկելու երկրի կառավարման ղեկից` ԱԺ ընտրությունում վերջինիս «երկրորդ պլան» մղելու և ԲՀԿ- ին քաղաքական մեծամասնության «դափնիները» հանձնելու ճանապարհով: Հարցն իրոք տրամաբանական է թվում, եթե դիտարկում ենք միակողմանի ու մակերեսորեն և դրան էլ գումարում ենք ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև տարիներ շարունակ տարփողվող հակասությունների «վարկածը»: Սույն սցենարը, իհարկե, գայթակղիչ է քաղաքական կյանքի միօրինակությունից հոգնած, ձանձրույթի հորանջից խուսափելու մտայնությունից` անակնկալ զարգացումների օրինաչափ ու հիմնավոր պատճառներ որոնող մեկնաբանների համար: Այնպես որ, մեր առաջ քաշած «սցենարը» շատերի քիմքին հաճո չի լինի, քանզի սենսացիա չի պարունակում, ըստ այդմ հնչելու է «ստանդարտ» ու «տափակ»: Իսկ սցենարը, կատարվածը և կատարվելիքը կարելի է մեկնաբանել ու «վերծանել» և դրանից բխող հետևություններ անել մեկ այլ տրամաբանության տեսանկյունից ևս: Դիցուք, ԲՀԿ-ի ստեղծումն ու հզորացումը պայմանավորված էր պարզապես բազմավեկտոր խորհրդարան ձևավորելու և ապագայում ևս կոալիցիոն կառավարություն ստեղծելու ակնկալիքով: ՕԵԿ-ի քաղաքական հետնախորշ շպրտվելը, բնականաբար, առաջացրել էր վակուում, ինչը պետք է «լցնի» ԲՀԿ-ն: Վերջինիս բացակայության պարագայում ՀՀ-ում կստեղծվեր միաբևեռ իշխանություն` հանձին ՀՀԿ-ի, իսկ դա ՀՀ նախագահին այնքան էլ արդյունավետ ու հեռանկարային չի թվում` տարբեր պատճառներով: Ընդդիմության թուլության պարագայում վերջինիս գործառույթը մասամբ ստանձնելու է Գ. Ծառուկյանի կուսակցությունը` կատարելով յուրօրինակ հակակշռողի դեր: Դա բոլորովին էլ չի նշանակում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադրվել է վարչապետության «ճանապարհը փակել» Սերժ Սարգսյանի առջև, դրանով նաև խոչընդոտել հետագայում վերջինիս ՀՀ նախագահ դառնալուն: Կարծում ենք, ՀՀ նախագահը նախընտրում է ոչ թե մեկ, այլ առնվազն երկու գերիշխող ուժի առկայությունը երկրի հետագա կառավարման գործընթացում: Պարզապես այդքանը, և ոչ ավելին: Իսկ ավելին մոգոնողները ` «ֆորսմաժորային» զարգացումների միջոցով, պետական հեղաշրջման նման ինչ-որ հեռանկարի գաղտնի կամ բացահայտ երկրպագուներն են, ի դեպ, թե° իշխանական, թե° ընդդիմադիր ճամբարներից: