ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ» ՍԻՐԻԱՅՈՒՄ


 

Աստիճանաբար պարզ է դառնում, որ Թուրքիան է հիմնականում կանգնած սիրիական խնդրի թիկունքում: Այսինքն, առաջին հերթին Թուրքիան է այստեղ հրահրում ռազմական գործողությունները` ունենալով Արևմուտքի աջակցությունը: Վերջին հինգ տարիներին ակնհայտ էր, որ ունենալով ծավալապաշտական նկրտումներ` Թուրքիան կամենում էր ապակայունացնել իրավիճակը Սիրիայում և ներխուժելով երկիր` տեր կանգնել սիրիական տարածքների զգալի մասին:

Այս ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում նաև քրդերի դեմ պայքարը: Սիրիայում գոյություն ունի հզոր քրդական համայնք, որը կարող էր ցանկացած պահի միանալ Թուրքիա յում ապրող քրդերին և իրականություն դարձնել Քրդական պետության ստեղծման գաղափարը: Քրդական վտանգի ներկայությունը և Սիրիայի հողերին տիրանալու մշտական ցանկությունն էլ հիմա չափազանց ակտիվացրել է Թուրքիային, որն արդեն փորձում է ներխուժել Սիրիայի տարածք: Առաջին հերթին Թուրքիային հետաքրքրում են իրեն սահմանակից տարածքները, ուր տեղակայված էին սիրիական ռազմաբազաները, որոնք այսօր գրեթե ոչնչացված են:

Թուրքիայի ուշադրության կենտրոնում են նաև Հալեպին հարակից տարածքները, քանի որ այստեղ մեծ թիվ են կազմում քրդական գյուղերը, ձիթապտղի պլանտացիաները: Այսինքն, Թուրքիան ունի հեռահար և բազմաշերտ ծրագրեր, որոնց իրականացումը նա թաքցնում է իբրև թե Ասադի ռեժիմի դեմ պայքարով: Թուրքական հնարավոր ներխուժումն ուղղված կլինի նաև հայկական համայնքին, որն այս տարածքներում բիզնես շահեր և հետաքրքրություններ ունի:

Իսկ Հալեպում, ուր վերջին օրերին պայթյուններ են որոտում և այրվում են պատմական նշանակության շատ վայրեր ու հուշարձաններ, հալեպահայերի կրթական և մշակութային կենտրոններն են:

Ուշագրավն այն է, որ Միացյալ Նահանգները կարծես անուշադրության է մատնել սիրիական խնդիրները` այստեղ «էմիսար» կարգելով Թուրքիային: Նշանակում է, Սիրիայի ոչնչացումն Արևմուտքը կամենում է Թուրքիայի միջոցով իրականացնել և իրեն ձերբազատել հետագա պատասխանատվությունից: Միաժամանակ թուրքական բանակում հակակառա վարական տրամադրությունները մեծանում են, որովհետև Սիրիայի դեմ սանձազերծված պատերազմը չեն խրախուսվում թուրք գեներալների կողմից, ովքեր չեն կամենում կորցնել Սիրիան` որպես տարածաշրջանում հզոր ռազմավարական գործընկերոջ: Ինչպես վկայում են որոշ թուրք վերլուծաբաններ, որոշակի հակասություններ են հասունանում բանակի հրամանատարության և Էրդողանի միջև: Այս հակամարտությունները կարող են հանգեցնել ներիշխանական ճգնաժամի…