Շարունակվող առաքելություն


«Նանսենի գործը Ավետարանի շարունակությունն է» Նանսենը մեծ էր որպես բևեռախույզ, ավելի մեծ` որպես գիտնական և է°լ ավելի մեծ` որպես մարդ: Հարոլդ Սվերդրուպ Նանսենը մարդկության խիղճն էր փորձում մշտարթուն պահել և գործում էր խղճի թելադրանքով` ջերմացնելով աշխարհն իր հոգու բարության ճառագայթներով: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ օտարերկրացի բարեկամներ է ունեցել և նրանց մեջ առանձնահատուկ տեղ հատկացրել մեծ մարդասերին` Ֆրիտյոֆ Նանսենին: Եղեռնից մազապուրծ 320 հազար հայեր, ստանալով նանսենյան անձնագրեր, դարձել են 52 երկրների լիիրավ քաղաքացիներ: Մեծ մարդասերը գործուն աջակցություն է ցուցաբերել նորաստեղծ խորհրդային Հայաստանին, օգնել Սարդարապատի խամ ու խոպան հողերի յուրացմանը, Շիր-կանալի բացմանը: « Ազգերի լիգայի» գաղթականների գծով հանձնակատարը հստակորեն էր պատկերացնում հայ ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները: Եվ դրանք լուծելու համար այն տարիների փոխվարչապետ Արամայիս Երզնկյանի հետ ուղիներ էին որոնում` իրավիճակը կարգավորելու: Այդ հարցում ևս անչափելի էր Նանսենի մեծությունը: Հասկանալով, որ գերտերությունները մերժում են Հայաստանին հատկացնել խոստացված գումարը, Նանսենն Ամերիկայում հանում է իր լայնեզր գլխարկը և անցորդներից օգնություն հայցում` հայերին օգնելու համար: Ուշարժան են երջանկահիշատակ Գարեգին I կաթողիկոսի խոսքերը` ասված «Նանսենը և Հայաստանը» ցուցահանդեսի ժամանակ. «Նանսենի գործը Քրիստոսի Ավետարանի շարունակությունն է»... Հայ ժողովուրդը բարձր է գնահատել իր անկաշառ բարեկամի նվիրումը, և, իբրև առհավատչյա փոխադարձ սիրո, մեզանում տարբեր մշակութային ու կրթական օջախներ, փողոցներ ու հիվանդանոցներ կրում են նրա անունը (այդ թվում և` մեկ մանկատուն): Աշխարհահռչակ բևեռախույզի, մեծագույն մարդու անունն ու հիշատակը արժանվույնս հավերժացնելու, նրա բարի գործերի առաքելությունը շարունակելու մտայնությամբ էլ 1995 թվականին Մոսկվայում ստեղծվեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հայ-ռուսական բարեգործական հիմնադրամը` Նիկոլայ Ռիժկովի ու Նորայր Մուրադյանի համանախագահությամբ: Ի դեպ, այն օրերին գլխավոր քարտուղարի պարտականություն ներն ստանձնած անվանի մտավորական, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը 2002 թվականից հայաստանյան հիմնադրամի ղեկավարն է: Հարկ է նշել, որ հիմնադրամի բոլոր աշխատանքները կատարվում են հասարակական կարգով: Վերջին 4 տարիների ընթացքում հրատարակվել է Ֆ. Նանսենի 12 գիրք, նրա անվամբ դպրոցներ են բացվել Երևանում և Արմավիրում, մանկատուն` Գյումրիում, կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Հիմնադրամի աշխատանքներին աջակցել են նորվեգական NORLA կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության գեներալներ Աշոտ Գիզիրյանը, Հովհաննես Հունանյանը, գնդապետներ Իշխան Իշխանյանը, Հրաչյա Ղուկասյանը: Հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով, ի դեպ, իր կենսիմաստը համարում է նանսենյան մարդասիրական գործի շարունակությունը, փաստում է. - Հոկտեմբերի 10-ին կմեկնարկի Նանսենի ծննդյան 145 և հայերեն հրատարակ ված նրա առաջին գրքի 100-ամյակներին նվիրված տասնօրյակը, ինչին սիրով աջակցում են մարզպետերն ու քաղաքապետերը: Ի դեպ, վերջերս Մոսկվայում Ֆելիքս Բախչինյանին ընդունել էր Ռուսաստանում և Հայաստանում Նորվեգիայի դեսպանը: Զրույցի ընթացքում նախատեսվել էր Նանսենի հուշարձանը բացել Երևանում: Իսկ հայ ժողովուրդը գալիք սերունդների համար նաև իր հոգու ակնաթաքույց գանձարաններում խնամքով կպահպանի Նանսենի անմոռաց կերպարը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ