ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Դանուբ գետի աջ ափին կենտրոնացած ռուսական զորքերը` թվով 120 հազար մարդ, հետագա հարձակումը շարունակեցին 3 ուղղություններով, բնականաբար բաժանվելով 3 խմբավորումների: Որպես գլխավոր հարվածի ուղղություն ընտրվել էր Սիստովո _ Շիպկա - Ադրիանուպոլիս ուղին, ինչը ռուսական ուժերին հնարավորություն էր տալիս շրջանցել Սիլիստրա - Շումլա - Վառնա - Ռուշչուկ ամրոց _ քաղաքների գերամրացված հայտնի քառանկյունին, որի ներսում գերակշռում էր թուրք և մասամբ չերքեզ տարրը` թուրքական կողմին հնարավորություն տալով տեղում կազմավորել դաշտային մի բանակ: Զորքերին հրաման էր տրված «…չխճճվել ամրոցային պատերազմի մեջ, այլ աշխատել հակառակորդին առճակատման դուրս բերել բաց դաշտում»: Գեներալ Ի.Վ. Գուրկոյի հրամանատարության ներքո գործող առաջավոր խմբավորումը (ռուսական կողմն այն համեստորեն անվանում էր «ջոկատ» -Ռ. Ա.) կայծակնային արագությամբ` ընդամենը 2 շաբաթվա ընթացքում, հասավ մինչև Բալկանյան լեռների հարավային մատույցները` մարտերով ազատագրելով Բուլղարիայի հինավուրց մայրաքաղաք Տիրնովոն, գրավելով Շիպկայի և Խաինկոյի լեռնանցքերը, ապա Ստարա-Զագոր և Նովա-Զագոր բնակավայրերը: Սակայն այնուհետև գեներալ Գուրկոյի ջոկատի հետագա առաջխաղացման ճանապարհը փակեց անհամեմատ առավել գերակշիռ ուժեր ունեցող Սուլեյման փաշայի հրամանատարության տակ գործող թուրքական բանակը: Կարճատև մարտի բռնվելով հակառակորդի հետ` Ստարա-Զագորի մատույցներում ռուսական զորքերը ստիպված էին ետ քաշվել դեպի լեռնանցքերը և արդեն պաշտպանողական դիրքեր գրավել այնտեղ: Այդ ընթացքում ռուսական երկրորդ` Արևմտյան ջոկատը հուլիսի 5-ին գրավեց Նիկոպոլ քաղաքը: 3 օր անց` հուլիսի 8-ին, մոտենալով հաջորդ ամրոց-քաղաք Պլևնեին, ռուսական հրամանատա րության մտքովն անդամ չէր անցնում, թե ինչպիսի կարևոր ռազմավարական նշանակություն էր ձեռք բերելու այդ, թվում էր, թե շարքային բնագիծը: Իսկ պատճառն այն էր, որ Օսման փաշայի գլխավորությամբ թուրքական շուրջ 50 հազարանոց զորախումբը ռուսների համար բացարձակապես աննկատ արագ երթով մոտ 180 վերստանոց անցում էր իրականացրել Վիդինից Պլևնե և հուլիսի 7-ին մտել բերդաքաղաք: Այդ վրիպումը խիստ թանկ արժեցավ ռուսական զորքերի վրա` հարցականի տակ դնելով անգամ ողջ ռազմական կամպանիայի հաջողությունը: Հուլիսի 8-ին քաղաքը գրոհով վերցնելու Արևմտյան ջոկատի ձեռնարկած փորձը, չնայած ռուս ռազմիկների դրսևորած քաջության, որոնք գրոհի աջ թևում ներխուժեցին անգամ քաղաքի տարածք, ցանկալի արդյունք չտվեց: Նույն նպատակին հետամուտ` բերդաքաղաքն ընթացքից վերցնելու 10 օր անց կրկնված փորձը նույնպես չպսակվեց հաջողությամբ: Ինչպես մի փոքր վերն արդեն ասացի, հենց այդ քաղաք - ամրոցին էր նախախնամությամբ կանխորոշված դառնալու 1877-78 թթ. պատերազմի գլխավոր հանգույցը: Վերադառնալով դեռևս աննվաճ Պլևնեին ասենք, որ քաղաքի անհաջող երկրորդ գրոհից հետո ռուսական կողմն սկսեց արագորեն ձեռքից բաց թողնել մինչ այդ ամուր պահած նախաձեռնությունը: Առժամանակ շեղենք մեր ուշադրությունը Պլևնեի շուրջը տեղ գտնող դեպքերից ու տեսնենք, թե ողջ այս ընթացքում ինչով էր զբաղված ռուսական զորքերի 3-րդ խմբավորումը` այսպես կոչված Ռուշչուկյան (ըստ բուլղարական համանուն ամրոցի անվան-Ռ.Ա.) ջոկատը, որի հրամանատարն էր ռուսական գահի ժառանգորդ, 32-ամյա Ալեքսանդրը: Մի դիտարկում. ռուսական միապետ Ալեքսանդր II _ին ամենավաղ հասակից` 6 տարեկանից, սկսել էին պատրաստել կայսրության ապագա կառավարմանը` նրա կրթության և դաստիարակության անկյունաքարը դարձնելով բացարձակապես խաղաղ պայմաններում թագավորելու կանխադրույթը: Հակառակ դրա, գահ բարձրանալու առաջին իսկ օրից սկսած (19 փետրվարի, 1855թ.) մինչև իր կյանքի ողբերգական ավարտը (1 մարտի, 1881թ.) նրա թագավորած ողջ ժամանակաշրջանը եղել է գրեթե անընդմեջ պատերազմների մի անվերջանալի շղթա: Իսկ այ` Ալեքսանդր III-ը, որին նախապատրաստում էին, ինչպես տեսանք վերևում, ապագա ենթադրվելիք պատերազմներին պատրաստ լինելու ոգով, իր գահակալության ողջ ընթացքում ոչ մի անգամ սուրը պատյանից չհանեց: Մի բան, որն ամենևին էլ չխանգարեց նրան դառնալու ռուսական կայսրությունում երբևէ տիրած լավագույն միապետերից մեկը: Այսպես ուրեմն, Ռուշչուկյան 70 հազարանոց ջոկատը հուլիսի սկզբներին մոտեցավ համանուն ամրոցին և ոչ այն է պաշարեց, ոչ այն է`ուղղակի տեղավորվեց նրա կողքին: Ու քանի որ ըստ ռազմավարական մտահաղացման այդ ջոկատին հատկացված էր ռուսական Դանուբյան բանակի ձախ թևը հիշատակված քառանկյունում թուրքական 115 հազարանոց զորախմբի դեմ արգելապատնեշ կանգնեցնելու օժանդակ դերը, իսկ թշնամին ողջ հուլիս ամսվա ընթացքում այդպես էլ ոչ մի ակտիվ մարտական գործողության չդիմեց, ապա կարող ենք արձանագրել, որ արքայազն Ալեքսանդրի հրամանատարության ներքո գործող զորքերը այդ ժամանակահատվածի համար ամբողջությամբ կատարեցին իրենց վրա դրված պարտականություն ները: Եվ եթե ձեզ մոտ ծագեց այն միտքը, թե «դե իհարկե, ցարն իր որդուն հո ամենաարյունալի մարտերի վայրեր չէ՞ր ուղարկելու», ապա կարծում եմ, որ տվյալ դեպքում դա միանգամայն անհիմն է այն պարզ պատճառով, որ ռուսական հրամանատարությունը չէր կարող կանխավ գուշակել հակառակորդի գործողությունները, իսկ ներկայացված առկա ուժերի փոխհարաբերության պայմաններում այն կարող էր և միանգամայն հակառակը լինել: Սակայն ինքնին հասկանալի է, որ այդ ամենը Պլևնեի շուրջ տեղ գտնող իրադարձությունների վրա անմիջականորեն ոչ մի ազդեցություն չէր թողնում: Ասեմ նաև, որ թե° ռուսական, թե° թուրքական կողմերն անընդհատ համալրումներ էին ուղարկում գործող բանակ` թարմ ուժեր մտցնելով մարտական գործողությունների գոտի: Այսպես օրինակ, միայն օգոստոս ամսին ռուսական կողմն ստացավ 50 հազարանոց համալրում, իսկ առաջ անցնելով ասեմ, որ մոբիլիզացնելով գվարդիան և գրենադերներին, գործող բանակի թվաքանակն ավելացավ ևս 100 հազար ընտիր ուժերով: Սակայն, անկեղծ ասած, չգիտեմ էլ` ափսոսանք հայտնեմ, թե գոհունակություն, որ այդ զորքերը ռազմաճակատ հասան Պլևնեի արդեն 3-րդ անհաջող գրոհից հետո միայն: 1877 թ. հուլիսի 18-ից մինչև օգոստոսի առաջին տասնօրյակ մինչ այդ ակտիվորեն ծավալվող մարտական գործողություններում տիրեց հարաբերական դադար, որի ժամանակ թուրքական հրամանատարությունը պատերազմի ողջ ընթացքում առաջին ու վերջին անգամ որոշեց իր ձեռքն առնել նախաձեռնությունը: Առանց ավելորդ թերագնահատման ասենք, որ նրանց կողմից մշակված պլանը միանգամայն իրատեսական էր, չափազանց հեռանկարային և ռուսական ուժերի համար ծայրաստիճան վտանգավոր: Այն է` թուրքական բոլոր երեք բանակների (արևելքից քառանկյունում Մահմուդ Ալի փաշայի տրամադրության տակ գտնվող ավելի քան 100 հազար, արևմուտքից Օսման փաշայի Պլևնեի կայազորի հետ միասին 70 հազար և հարավից Սուլեյման փաշայի շուրջ 40 հազար) ուժերով իրականացնել միաժամանակյա կենտրոնացված հարձակում Սիստովոյի ուղղությամբ, միավորվել և համատեղ ուժերով ռուսներին հետ շպրտել Դանուբ գետից այն կողմ: Թղթի վրա հաջողությամբ մշակած այդ պլանը կյանքում իրականություն դարձնելու համար կար միան մի «փոքրիկ» խոչընդոտ, մնում էր միայն գրավել Շիպկայի լեռնանցքը, և շտաբային մտահղացումները կարող էին միանգամայն շոշափելի կերպարանք ստանալ: Սուլեյման փաշան, որի վրա անմիջականորեն դրված էր լեռնանքին տիրելու խնդիրը, մտովի հաշվարկել էր, որ` «դրա համար ինձ մեկ օրն էլ բավական է»: Եվ իսկապես էլ օգոստոսի 9-ին, երբ Շիպկայի լեռնանցքում ծայր առան առաջին մարտերը, ուժերի հարաբերակցությունն էր 12 հազարն ընդդեմ 6-ի, որոնց մի զգալի մասը կազմում էին բուլղարացի աշխարհազորայինները: 5 օր շարունակ հետզհետե ավելի կատաղի ու արյունահեղ բնույթ կրող մարտերը, որոնց ընթացքում հակառակորդներն ավելի ու ավելի հաճախ էին ձեռնամարտի բռնվում, թուրքերին մեկ քայլ անգամ չմոտեցրին իրենց նպատակին: Այստեղ արտահայտեմ մի միտք, որին, հույս ունեմ, ամենամոտ ապագայում անդրադառնալ ավելի մանրամասն. այս մարտերից հետո էր, որ առաջին անգամ շրջանառության մեջ մտավ «արյունով ամրապնդված ռուս և բուլղար զինվորների եղբայրությունը» դարձվածքը, որի հետևում կարծես անէացան բոլոր ոչ շահեկան պահերը: Ողջ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում թուրքական կողմը մի քանի անարդյունք փորձ ևս կատարեց լեռնանցքին տիրելու համար, բայց ամեն անհաջող նման փորձից հետո հետագա գրոհներն ավելի ու ավելի անատամ էին դառնում և մի տեսակ ինքնըստինքյան էլ դադարեցին: Եկել էր մի պահ, երբ կշեռքի նժարները բացարձակապես հավասարակշռվել էին. ոչ ռուսական, ոչ թուրքական կողմերը մի տեսակ չգիտեին, թե ինչ պետք է անեին հաջորդ օրը: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ