ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ


Հոբելյանական ուղերձներ Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար «Ավանգարդը» 85 տարեկան է: Անմասն չմնալով անցյալ դարի բազմաթիվ փորձություններից` թերթը հերոսական և փառավոր ճանապարհ անցավ` իր շուրջը համախմբելով երիտասար դությանը, տարբեր սերունդների կրթելով ու դաստիարակելով բարոյականության բարձր չափանիշներով: Ահա թե ինչու «Ավանգարդը» հարազատ դարձավ շատ ու շատ սերունդների համար` հայրերը որդիներին փոխանցեցին «Ավանգարդի» լեգենդը և ինքնաբերաբար նաև այն ամենը, ինչը որ թերթը ցանկանում էր տալ և տվեց իր ընթերցողներին: Ինձ համար «Ավանգարդը» ուրույն նշանակություն ու խորհուրդ ունի, քանզի իմ կենսագրության մի հատվածը նույնպես կապված է սիրելի թերթի հետ: Ուրախ եմ, որ 85-ամյա թերթն այսօր էլ տպագրվում է, իսկ գործող խմբագրակազմը` նվիրյալ ավանգարդցի Ջուլիետ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պահպանելով ավանդույթները, ձոնում է «Ավանգարդի» նորօրյա պատմությունը: Իմ շնորհավորանքն եմ հղում հոբելյանական տարելիցի կապակցությամբ և հույս հայտնում, որ դեռ երկար տարիներ թերթը իր տեղը կունենա հայ մամուլի անդաստանում, ավելի կամրապնդվի և իր առջև նպատակ ունենալով ճշմարտախոսության, ակտիվ կենսադիրքի, շիտակ լրատվամիջոցի տեսլականը դեռ շատ սերունդների կդաստիարակի ազնվության, մարդկային բարձր արժեքների պահպանման, գեղեցիկն ու բարին ընկալելու, չարը մերժելու ոգով: Հաջողություն ձեզ, սիրելի ավանգարդցիներ: Կարո ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Աբովյանի քաղաքապետ «Ավանգարդ»-ի սիրելի° աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում ենք ձեր շաբաթաթերթի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք նորանոր հաջողություններ, հետաքրքիր լուրեր և հոդվածներ, ինչպես նաև ընթերցողների մեծ բանակ: Ձեր թերթը միշտ եղել է մեր իրականության զարկերակներից մեկը, մեր ժողովրդի անխոնջ նվիրյալն ու իր ընթերցողի անդավաճան ընկերը: «Ավանգարդի» յուրաքանչյուր համար` միշտ նորովի է ներկայացնում օրվա անցուդարձը, ինչպես նաև շատ արժեքավոր և արդիական թեմաներ են արծարծվում նրա էջերում: Աբովյանի քաղաքապետարանը միշտ սիրով և պատրաստակամությամբ է համագործակցում ձեզ հետ` համոզված լինելով, որ քաղաքում կատարվող մեծ ու փոքր իրադարձությունները ըստ արժանվույն կլուսաբանվեն և իրենց արժանի տեղը կգտնեն թերթի էջերում: Թող ձեր գրիչը սուր լինի, սիրելի° ավանգարդցիներ, և թող ճշմարտության ու արդարության ձգտումը երբեք չդավաճանի ձեզ: Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայ Արիական ՄիաբանությանԳերագույն Խորհուրդ Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է «Ավանգարդ» թերթի աշխատակազմին` պարբերականի 85-ամյակի առթիվ: «Ավանգարդ»-ը երկու հանրապետություններ տեսած թերթ է, բայց չնայած իր պատկառելի տարիքին, երիտասարդական եռանդով է հանդես գալիս Հայաստանի մամուլի նորօրյա աշխարհում: Եթե խորհրդային տարիներին պարբերականի անձնակազմը չէր կարող ազատորեն հանդես գալ, ապա երրորդ հանրապետությունում «Ավանգարդ»-ը դրսեւորվեց որպես ծանրակշիռ եւ բազմակողմանի վերլուծականներով ու տեղեկատվությամբ թերթ: Երկար տարիներ է Հայ Արիական Միաբանությունը հաջողությամբ համագործակցում է «Ավանգարդ»-ի լրագրողական անձնակազմի, թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի հետ եւ հուսով ենք, որ դեռ կհամագործակցենք` հանուն ազգային եւ պետական շահի: Խմբագրությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր սրտանց շնորհավորել են «Ավանգարդի» հոբելյանը: Բոլորին մաղթում ենք հագեցած կենսագրությամբ և տասնամյակներով չափվող հոբելյաններ: