«Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ…»


Ապրեցնել սիրած մարդու անունն ու գործը հանկարծահաս մահվանից հետո բացառիկներին է միայն տրված£ Առաջին իսկ հանդիպման ժամանակ Վերա Թարիվերդիևան անսահման ակնածանք է ներշնչում ամուսնու հիշատակը հավերժացնող իր կոնկրետ նախաձեռնություններով£ Շուրջը համախմբելով մոսկովաբնակ մեր հայրենակցի երաժշտարվեստը բարձր գնահատող, նրա հետ երբևէ առնչված կամ թողած մշակութային ժառանգությամբ ճանաչած տարբեր սերնդի արվեստագետների` ոչ միայն մոռացությունից ազատագրում է Միքայել Թարիվերդիևի` դեռևս մեծ ժողովրդականություն վայելող կինոերաժշտությունը, նվիրյալների վարպետ կատարումներով հաղորդակից դարձնում արվեստասերներին կոմպոզիտորի ողջ բազմաժանր երաժշտության հոգեհմա ելևէջներին£ Այլև, մշտապես զգալով սիրելի մարդու աներևույթ ներկայությունը, իր իսկ կայացրած հոգևոր դաշինքով ծառայում է լուրջ երաժշտարվեստի հաստատուն տարածմանը£ Ամենավառ արտահայտությունը` արդի երաժշտական կյանքում մնայուն տեղ նվաճած Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթն է£ Վերայի սիրո առեղծվածային ներշնչանքով համակվում են ազնիվ հոգիները, սատարում նորանոր մտահղացումների իրականացմանը£ Փոքրիշատե բացահայտելով Սիրո հավատավոր այս կնոջ հարուստ ներաշխարհը` անկեղծորեն կիսում ես Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմից «Ճակատագրի 17 ակնթարթներ» երաժշտահանդիսաշարի անցկացմանը աջակցած բոլոր մարդկանց ուղղված երախտագիտության արցունքախեղդ խոսքերի հուզմունքը£ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնական բարյացակամությունից բացի զուտ մարդկային փոխըմբռնմանն արժանանալու անսպասելի գտնված երջանկությունը£ Վերայի տրամադրությամբ վարակված հանդիսասրահում սկսում է թանձրանալ սիրո տարբեր նրբերանգներով հյուսված հայտնի ու անհայտ ստեղծագործությունների կատարումներով հաստատված մթնոլորտը£ ՌԴ վաստակավոր արտիստուհի Տատյանա Կուինջիի (սոպրանո) զգացմունքառատ մատուցմամբ Թարիվերդիևի «Սպասում» մոնոօպերան կարեկցանք է հարուցում սիրակարոտ միայնակ հերոսուհու անարդարացիորեն կրած, գիշերային թաքուն արցունքներով սոսկ ամոքվող, տառապանքների նկատմամբ£ Կնոջ հոգեբանության բառերով դժվար բացատրելի նրբին իմացությունը զարմացնում է շատերին, իսկ ես համոզվում եմ Վերայի խոսքերի միանգամայն հիմնավորվածության մեջ. «Սերը նրա ողջ էությունն էր, բնատուր, հենց սիրո բանալիով մարդկանց հոգիները անվրեպ պեղելու ունակությունն է առանձնահատուկ խորություն հաղորդում Թարիվերդիևի երաժշտական կերպարներին»£ Պարզ ու անպաճույճ բառերում արտահայտված մարդկային հոգեվիճակները Թարիվերդիևի երաժտական մարմնավորմամբ ներկայանում են որպես ներաշխարհում կենսական հանգամանքների բերումով դաջված բանաստեղծական պատկերներ£ Հատկապես անմիջական ու հյութեղ ընդգծվելով լեգենդար «Մերիդիան» եռյակի հնչեցրած հանրահայտ կինոերաժշտության, Ալեքսանդր Գորիբոլի դաշնամուրային նվագի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` Էդուարդ Թոփչյան) կատարումների մեջ£ Մասնագիտական համերաշխության ընդօրինակման արժանի դրսևորում էր առողջական վիճակի վատթարացման պատճառով բացակայող Իոսիֆ Կոբզոնի երգացանկից անբաժան, «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից ամենահայտնի երգերի` օպերային երգիչ Գևորգ Հակոբյանի հանպատրաստից կատարումները£ «Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ»… Նադեժդա Լուկաշևիչի քնարաշունչ երգից առանձնակի տպավորված այս ոգով էր գնահատելի, ամենից առաջ, երաժշտական հանդիպումը Միքայել Թարիվերդիևի հետ£ Հոգևոր ազնիվ լիցքերով միաբանված մարդիկ, հրաժեշտից առաջ, կրկին շրջում էին ճեմասրահում, «Ես որսացել եմ զգացողություններ» լուսանկարչական անհատական ցուցահանդեսի նմուշներում առօրյա կյանքի հեքիաթային արտասովոր պահեր կորզելու Թարիվերդիևի նորահայտ ունակությամբ վերստին սքանչանալու մտադրությամբ£ Մի° սպանեք հեքիաթը, մարդիկ…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ