ԽՈՏՈՐ ՈՒՂԻ


 

Ամիսներ առաջ զուտ պատահականությամբ խաչվեցին խարդախի և մի քաղաքացու ճանապարհները: Քաղաքացին տարիներ առաջ կեղծիքի էր դիմել` կեղծել էր դստեր անձնագիրը: Այն օրեր շարունակ պահել էր մոտը, ապա վախենալով, որ կեղծիքը կբացահայտվի` այրել էր: Տարիներ անց դուստրը որոշեց բուհ ընդունվել, ինչի համար նրան օրինական անձնագիր էր հարկավոր, բայց հայրը վախեցավ, որ կեղծիքը կբացահայտվի, ուստի սկսեց հարցը լուծելու այլ ճանապարհներ փնտրել և հենց այս ընթացքում էլ անձնագրային ծառայության միջանցքում ծանոթացավ խարդախ կնոջ հետ: Սա խոստացավ 1500 դոլարով հարցը կարճ ժամանակում լուծել: Փողի հետ վերցրեց նաև աղջկա ծննդյան վկայականն ու լուսանկարները, սակայն բնական է, որ ոչ մի հարց էլ չլուծեց: Հավաստիացումների պակաս, անշուշտ, չի եղել ու այնքան վստահելի, որ խաբված քաղաքացին ուղիղ երկու տարի հույսով սպասեց և ոստիկանություն դիմեց միայն վերջերս:

Հաջորդ զոհը խարդախի ցանցում հայտնվեց մեկ տարի առաջ: Խարդախը ծանոթից պատահաբար լսեց, որ նրա ազգականը հողի սեփականաշնորհման հետ կապված խնդիր ունի և օրեր անց այցելեց իր ապագա զոհին: Խոստացավ 2000 դոլարով սեփականության վկայականն ապահովել: Ստացավ նախ 1500 դոլար, որի դիմաց ստացական գրեց, ապա պահանջեց մնացած 500 դոլարը: Խարդախի խոստումները սովորաբար միշտ էլ շռայլ են լինում, այս դեպքը ևս բացառություն չէր: Խոստացել էր, որ մեկ-երկու ամսից հարցը լուծված կլինի, բայց հարցի լուծումը ձգձգվելու էր, ու խաբվածը մի օր վերջապես անձամբ էր այցելելու անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանում, որտեղ պարզելու էր, որ իր անվամբ ոչ մի դիմում էլ չի մուտքագրվել:

Մի փոքր շեղվենք բուն դեպքից և փորձենք առիթն օգտագործելով` հարց բարձրացնել` դիմելով համապատասխան ատյաններին: Ըստ ոլորտին տեղյակ մասնագետների` Երևանի բնակիչների մոտ 80 տոկոսը տան կամ հողի սեփականության գրանցման հետ կապված տարատեսակ խնդիրներ ունի` հիմնականում հողի համար սահմանված պետական գինը վճարել չկարողանալու պատճառով: Այսօր, երբ լայնորեն տարածված է վճարման ապառիկ համակարգը, ինչու այս դեպքում էլ չներդնել ժամանակացուցային վճարման կարգ, երբ և բնակիչը չի նեղվի` մեկ կամ երկու տարում ըստ ժամանակացույցի վճարելով սահմանված գումարը, և պետգանձարան մուտքեր կլինեն: Կա նաև շահող երրորդ կողմը` հասարակությունը, որի անդամները այլևս չեն հայտնվի այս առիթը խաղարկող խարդախների ճանկը: Բանն այն է, որ տվյալ բնակչի հողատարածքը սեփականաշնորհելիս ընդամենը 92 քմ էր օրենքով սահմանված անվճար սեփականաշնորհման 300 քմ գերազանցում, որի դիմաց նա պիտի վճարեր 1 մլն 500 հազար դրամ: Այդ գումարը նա չուներ, սակայն, ինչպես հաստատվել է գործով, ուներ 549 հազար դրամին համարժեք 2 հազար դոլար, որը մեր առաջարկած կարգի ներդրման դեպքում կմտներ ոչ թե խարդախի գրպանը, այլ պետբյուջե, մնացած գումարն էլ մարդը կնքված պայմանագրի համաձայն կվճարեր հաստատված ժամանակացույցով:

Խարդախման հաջորդ դրվագը վերաբերում է կրկին անձնագրավորման գործընթացին: Տուժողը 1993 թվականից, դեռևս ԽՍՀՄ անձնագրի նմուշով մեկնել էր Ռուսաստան և այնտեղ մշտական բնակություն հաստատել, ապա մեկ տարի առաջ հոր մահվան կապակցությամբ վերադարձել էր Հայաստան և ցանկացել ձեռք բերել ՀՀ անձնագիր: Նախ դիմել էր անձնագրային բաժանմունք, որտեղ ասել են, թե հարկավոր է զինկոմիսարիատում հաշվառման հարցը լուծել, այստեղ էլ ծանոթներից մեկը տեղեկացրել է, թե այդ հարցը պիտի լուծի անձնագրերի վարչությունը, որտեղ աշխատող ծանոթ ունի, և առաջարկել է հանդիպել Գայանեին, ով կեղծ անվամբ հանդես եկող նույն խարդախն էր, և, բնականաբար, հանձն է առել այդ հարցը լուծել ու դրա դիմաց` իբր պետական մուծումներ անելու համար պահանջել է հազար հարյուր դոլար: Տուժողն այդ գումարը չուներ, ստիպված պարտք արեց հազարը, ապա խարդախի պահանջով ժամանակի ընթացքում մաս-մաս տվեց ևս 190 հազար դրամ: Բնական է, որ նման անհեթեթ խոշոր չափի գումարի պետմուծումներ չկան: Տուժողը դա, իհարկե, հասկանում էր և վստահ էր, որ այն բաժանվելու է տարբեր պաշտոնյաների, բայց երևի չէր պատկերացնում, որ այդ գումարը խարդախի գրպանից դուրս էր գալու միայն նրա անձնական կարիքների համար, իսկ իր անձնագրի հարցով ոչ մի տեղ էլ չէր դիմելու: Այսօր արդեն անձնագրավորման ընթացակարգը պարզեցնելու և անհրաժեշտ թղթաբանությունը պակասեցնելու շնորհիվ պակասել են թե կոռուպցիոն ռիսկերը, թե այս եղանակով խարդախման ոլորտն է սահմանափակվել: Սա նշանակում է, որ խարդախություն կոչվող հանցատեսակի դեմ կարելի է պայքարել ոչ միայն քրեական հետապնդում իրականացնելով, այլև համապատասխան ոլորտներում պետական բարեփոխումներ իրականացնելով, ինչն ինքնաբերաբար ոլորտից դուրս կմղի բազմադեմ խարդախներին:

«Ամենակարևոր մրցանակը բարի համբավն է»