ՀԱԿԱ- ԳՈՎԱԶԴ


Կազմակերպության մատուցվող ծառայությունների` վաճառվող ապրանքները կամ արտադրանքը ճանաչելի դարձնելու առաջին քայլը ճիշտ գովազդն է, ապա` խոստացվող որակը: Բայց արդյո՞ք մեզանում բոլոր գովազդներն են, որ տրամադրում են օգտվել գովազդվող ծառայությունից կամ այս ու այն ապրանքը գնել: Ճիշտ հակառակը. հաճախ դրանք այնքան վանող են, որ ուշադրությունդ լարում ես` սխալմամբ դրանցից չօգտվելու և զայրանում` հեռուստաեթերին տրամադրածդ ժամանակը վատնելու համար: Ահավասիկ. դիցուք` «Մամա Միա» կարաոկեն, իբր ախորժելիություն է ցուցադրում. տարեց մի կին ճաշ պատրաստելիս երգում է, գդալով ուտում ընդհանուր կաթսայից` գդալի պարունակության մի մասը կաթեցնելով ճաշի մեջ: Եթե այնտեղ մատուցվող ուտեստները թերմացքանման են, ո՞վ կձգտի դրանք «վայելել»: Կամ, «Կոկովիթա» անվանյալ արևածաղկի սերմերի գովազդում իրար հանդեպ թշնամաբար տրամադրված ընտանիքի բոլոր անդամները մեկեն հանդարտվում են, երբ բժշկի խորհրդով սկսում են չրթել: Այսինքն, որ արևածաղկի այդ սերմերն ինչ¬որ հանգստացուցիչնե՞ր են պարունակում, որոնք բացակայում են մյուս չրթելիքներից: Արտառոցության կողքին չանտեսենք նաև նշյալների օտարահունչ և օտարատառ անվանումները: Ակամա մտածում ես` որտեղի՞ց են «արտագրել» : Հետաքրքիր է, որ «Ընտանեկան զառի» գովազդատուները հավատում են, թե իրենց հոլովակում անհասկանալի բառեր արտասանող կնոջ խոսքն այնքան համոզիչ է, որ լսելուց հետո բոլորը վազելու են վիճակախաղի տոմսեր գնելու: «Բջնի. հանքային սեղանի ջուր». երանավետ ձայնով հնչում է էկրաններից, և ակամա փորձում ես պատկերացնել, թե հանքային սեղանը ո՞րն է, որի վրա պետք է դրվի «Բջնին»: Մինչդեռ կարծում էինք, թե գովազդվող ջո´ւրն է հանքային: Իսկ «Ջերմուկ» գրուպ¬ի գովազդներից մեկն էլ փորձում է «տեղայնացնել», ավելի ճիշտ, «ջերմուկաց նել» «Մենք բոլորս էլ կախված ենք մի կում թարմ ջրից» արտահայտությունը` դրան ավելացնելով «հանքային» բառը: Դե, եթե իրոք «Ջերմուկ» ըմպողը կախվածության մեջ է ընկնելու, ուրեմն այս գովազդը լսելուց հետո պետք է խուսափել այդ ջրից: Որոշ գովազդատուներ էլ փորձում են ունևորների արժանապատվությունը շահել` ձեռքի հետ էլ (կամ` չգիտակցելով) իրենց ապրանքը չգնողներին խայթել. «Սա ապրանք է բարձրաշխարհիկ և նրբաճաշակ մարդկանց համար»` հնչեցնում են` չհասկանալով, որ միշտ չէ, երբ ճաշակն ու հնարավորությունը համատեղելի են: Այս ոճի «հավաստիացումները» մեծամասամբ կահույքի, մեքենաների գովազդներն են: Այսօր ապրանքանիշների և կազմակերպությունների մեծ մասն ունեն իրենց կարգախոսները: «Գյումրի» գարեջրի գովազդն անհեթեթ լինելուց զատ, նաև հակադաստիարակչական է` չհաշված, որ շշի վրա առկա չէ հայերեն անվանումը: Դե, իսկ նաև նրա «կարգախոսը». «Գյումրի´, գարեջուր իսկական տղամարդկանց համար». տղամարդկային արժանիքների նոր` գարեջրահոտ արժանիքներ է հայտնաբերել: Ուրեմն շատ այլ որակյալ գարեջուր խմողները կամ արտադրողները հե՞չ… Փաստորեն «Գյումրի» արտադրողի համար «իսկական տղամարդկանց» չափանիշը բթադեմ այն 2 տղամարդիկ են, ովքեր կիսագողականով հեգնում են աշխատավորներին` «Գյումրի» վայելելով: Այս ամենին զուգահեռ, լավ կլինի նաև, որ ուշադրություն դարձնեն ապրանքանիշի հայերեն մակնշմանը, քանի որ կան այնպիսի արտադրողներ, որոնց արտադրանքի վրա բացակայում է հայերեն անվանումը, միայն անգլերենով է «Yan» (Յան), «Amar » («Ամառ »)… Ո՞րն է իմաստը. այդ ապրանքատեսակները միայն օտարախոս սպառողի համա՞ր են: Եթե նույնիսկ այդպես է, ապա միևնույն է` դա էլ պետք է ՀՀ պետական լեզվով` հայերենով գրվի: Գովազդի պատուհասը տևողությունն է: Այսօր հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերությունները խախտում են օրենքի պահանջը` 1 ժամվա ընթացքում 10 րոպեի փոխարեն մինչև 20 (երբեմն էլ ավելի) րոպե գովազդ հեռարձակելով: Օրենքի պահանջը շատ հստակ է` «Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ` ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ և յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ