Արդեն վիրավորում են


«Նյու Յորք Պոստ» ազդեցիկ պարբերականը վիրավորել է Բարաք Օբամային` նրան համեմատելով շիմպանզեի հետ. այս հայտարարությամբ անցյալ շաբաթավերջին հանդես են եկել ԱՄՆ առաջին սևամորթ նախագահի զինակիցները: Իսկ պարբերականի գլխավոր խմբագիրն իրենց տպագրած աղմկահարույց նկարը որակել է որպես «վերջին նորությունների ծաղրանմանակում», նկատի ունենալով ոստիկանների սպանած 90 կիլոգրամանոց կապիկին, որը բզրկտել էր իր տիրուհու ընկերուհուն: «Հիմա նրանք պետք է նորից մեկին գտնեն, որպեսզի հերթական հակաճգնաժամային ծրագիր գրի» մակագրությամբ ծաղրանկարում ծխացող ատրճանակ է, հոսող արյուն և 2 ոստիկաններ կանգնած են սպանված կապիկի կողքին: Քննադատների մի մասն այս «ստեղծագործությունը» համարում են ծաղր` դժբախտ կնոջ հանդեպ: Մյուսները դա դիտում են որպես նախագահ Օբամայի ծաղրանմանակում: Հնչած տեսակետներից տարբերվում է լրագրող Սեմ Շտայնի մեկնաբանությունը. - Ամենայն հավանականությամբ նկարը կշտամբանք է ընթացիկ օրենսդրությանը. նախագծերն այնքան թույլ են, որ դրանք կարող էր գրել նաև կապիկը: Բայց ընդհանուր առմամբ` դա սադրիչ հայտարարություն է. ներկայիս նախագահին համեմատել են կատաղի շիմպանզեի հետ: Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբբսը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ. - Այդ ծաղրանկարը ես չեմ տեսել: Բայց կարծում եմ, որ Նյու-Յորք Պոստն ընդհանրապես արժե կարդալ,- ասել է նա` Արիզոնայից Օբամայի վերադարձից հետո: Ի դեպ, այնտեղ նույնպես Բարաքը հակաճգնաժամային նոր ծրագիր է ներկայացրել: