Արտակարգ իրավիճակներում` արտակարգ որոշումներ 


 

Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի թերևս ամենակազմակերպվածներից մեկն է: Եվ այսօր այդ երկրում առկա վիճակը հայ համայնքի անվտանգության առումով անհանգստացնում է նաև Հայաստանի քաղաքացիներին:

Օրերս կառավարությունը հասկանալի պատճառներով փակ նիստում քննարկեց սիրիահայ համայնքի անվտանգության, հարկ եղած պարագայում նրան օժանդակություն ցուցաբերելու հարցեր: Այնուամենայնիվ, հանրության շրջանակներում, հատկապես սոցիալական ցանցերում չեն դադարում քննարկումները սիրիահայոց թեմայով: Այդ հարցում հայկական ավանդական կուսակցություններից մեկի` ՀՅԴ-ի դիրքորոշման մասին է զրույցը ՀՅԴ Բյուրոյի` Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո ՄԱՆՈՅԱՆԻ հետ:

- ՀՅԴ-ն պատմական հանգամանքների բերումով, թերևս, ամենաշատը պետք է շահագրգիռ լինի սփյուռքահայության խնդիրներով: Այդ առումով ո՞րն է ՀՅԴ կարծիքը սիրիահայության ներկա վիճակի վերաբերյալ, ի՞նչ օժանդակություն է հարկավոր համայնքին, կամ այդ օժանդակության կարիքը ներկա պահին կա՞, թե՞ չէ:

- Օժանդակության կարիք արդեն կա, և կարծում ենք` դա կմեծանա` հաշվի առնելով անվտանգության վիճակը հատկապես այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում: Ռազմական գործողությունները եթե ավարտվեն էլ, քաղաքական կայունացման հարցը տակավին արդիական կլինի: Այս ամենը Սիրիայի հայ համայնքին աջակցության անհրաժեշտություն է ստեղծում: Ներկայում աշխատանքի և այլ սոցիալական խնդիրներն արդեն դժվարություններ են ստեղծում անապահովների համար:

- Իսկ Հայաստանն ունի՞ այդքան հնարավորություն, այդքան ռեսուրսներ:

- Ես Հայաստանի մասին չեմ խոսում, հայությանը նկատի ունեմ: Հայաստանն էլ` որպես պետություն, աջակցելու միջոցներ ունի: Մեր մոտեցումն այն է, որ պետք չէ խուճապ առաջացնելով նորանոր խնդիրների պատճառ դառնալ: Այսինքն` օժանդակել սիրիահայ համայնքին` գոյատևել ու, ինչպես նաև աջակցել բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես Սփյուռքից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեն: Եվ այս հարցում մեր պետությունը, հասարակությունը թե´ այստեղ, թե´ Սփյուռքում անելիք ունեն:

- Դուք ասացիք` հարկավոր է օժանդակել բոլոր նրանց, ովքեր կցանկանան Հայաստան տեղափոխվել: Բայց այդ դեպքում կառաջանան աշխատատեղերի, բնակարանի և սոցիալական այլ խնդիրներ, որոնք առանց այդ էլ այսօր սրված են Հայաստանում:

- Ճիշտ է` այդ հարցերը կան ու կարող է ավելանան, բայց ճիշտ վարվելու դեպքում մենք դրանց լուծումների մի մասն էլ կբերենք Սիրիայից: Այսինքն, գործարար մարդիկ կան, ովքեր պատրաստ են այստեղ գործ դնելու, դրսից սարքեր բերելու: Օգնենք այդ մարդկանց, որ բերեն: Եթե այդ մարդկանց օգնենք, չստիպենք, որ մաքս վճարեն (որովհետև այդ մարդիկ փաստորեն տեղափոխվում են), նրանք նաև աշխատատեղ կստեղծեն:

- Ներեցեք, բայց Դուք արդեն համակարգային խնդիր եք առաջադրում:

- Համակարգային չէ, բացառիկ կարգադրություն կարվի, և հարցը կլուծվի: Այլապես, օժանդակություն ասվածն ի՞նչ է, եթե հատուկ ոչինչ չանենք և նստենք` ձեռքներս ծալած: Եթե օժանդակություն է, ուրեմն մի բան պետք է արվի: Իսկ մի բան անել նշանակում է` արտակարգ իրավիճակներում արտակարգ կեցվածք որդեգրել:

- Սոցցանցերում առաջարկվում էր նաև սիրիահայերին տեղավորել Արցախի ազատագրված տարածքներում: Բայց սիրիահայերը, որքան տեղյակ եմ, քաղաքային մշակույթի կրող են:

- Մարդիկ սկսել են բաներ խոսել, որ իրականության հետ կապ չունեն: Այսօր Հալեպում կարող է մարդ սպանվել. սա է օրվա խնդիրը: Ազատագրված տարածք գնացողը սրանից վեց ամիս առաջ էլ կգնար ու կապրեր: Մարդիկ հարցերը շփոթում, խառնում են: Հայրենադարձությունը փախեփախով չի արվում, դա հայրենադարձություն չի լինի, ոչ էլ թաղվելու նպատակով հայրենադարձություն կլինի: Այսօր խոսում ենք սիրիահայ համայնքը նվազագույն կորուստներով այս վիճակից դուրս բերելու մասին:

Զրույցը` Արթուր ԴՈԼՈԽՅԱՆԻ