ԹՈՒՐՔԻԱՆ` ՄԵԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ


Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղում տարբեր երկրների, պահանջում Հայաստանի նախագահից ներողություն խնդրել, իր երկիրը կանգնում է լուրջ խնդիրների առջև` իրական դարձնելով բացարձակ իսլամապետության ստեղծման գաղափարը: Նախագահ Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում հնչեցրած մտքերը զայրացրել են Թուրքիո վարչապետին: Նրան դուր չի եկել այն, որ Հայաստանի առաջնորդը, ի պատասխան իրեն հղված հարցի, փաստել է, թե ամեն սերունդ իր առաքելությունն ունի, ուստի նոր սերունդը պետք է իրականություն դարձնի ազգային տեսլականները: Էրդողանն, իհարկե, այնքան էլ միամիտ չէ, որ ինքն իրեն ծիծաղելի վիճակի մեջ դնի, սակայն տարբեր ժամանակներում տարբեր երկրների (Գերմանիային, Իսրայելին և այլն) ներողության պահանջներ ներկայացնելով, նա, ըստ էության, կամենում է բոլորի ուշադրությունը շեղել պատմական այն անարդարություններից, որոնք գործել է Թուրքիան: Այս ամենի մեջ մեկ այլ ենթատեքստ էլ կա. Թուրքիայում այսօր տեղի են ունենում այնպիսի քաղաքական գործընթացներ, որոնք պետությանը կանգնեցրել են ցնցումների առջև: Գյուլ-Էրդողան տանդեմի իշխանություն գալուց հետո, աստիճանաբար խարխլվեց աշխարհիկ կառավարման կարգը. աշխարհիկ Թուրքիան սկսեց գլորվել դեպի իսլամականությունը, ինչն էլ, բնականաբար, չէր կարող չանհանգս տացնել բարձրաստիճան զինվորականությանը, որն այս երկրում աշխարհիկ կարգի երաշխավորն է: Նրանց դիմադրությունը կոտրելու և սեփական թեզերն առաջ տանելու համար` Էրդողանը մի շարք դատավարություններ սկսեց զինվորականության դեմ, միայն 2010 թվականին մոտ երկու հարյուր գեներալի ու սպաների դատապարտել տվեց` մեղադրելով, թե իբր, նրանք դավադրություններ են ծրագրել, պետական հեղաշրջման փորձ արել… Վերջին շրջանում առավել են սրվել զինվորականություն-իշխանություն հարաբերությունները, որոնց արդյունքում Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը և ևս երեք զորամիավո րումների հրամանատարներ հրաժարական են տվել: Պետության պատմության մեջ սա իսկապես եզակի դեպք է, աննախընթաց իրադարձություն: Հրաժարական ներկայացրած գեներալներից (Թուրքիայում մարշալական աստիճան չկա, հետևաբար բանակի գեներալները համարվում են ամենաբարձր աստիճանավորները) որևէ մեկը հանդես չի եկել մեկնաբանությամբ ու բացատրությամբ: Սակայն ինքնին պարզ ու հասկանալի է, որ բանակի շարքերում մեծանում է դժգոհությունը Էրդողանի իշխանության հանդեպ: Հենց սա էլ երկրում ստեղծում է չափազանց լարված իրավիճակ, որովհետև զինվորականությունը համարվում է սահմանադրության պաշտպանը: Իսկ հանուն սահմանադրության պաշտպանության` նույն այս զինվորականությունը կարող է գնալ անկանխատեսելի քայլերի, ընդհուպ մինչև ռազմական հեղաշրջումը, ինչն արդեն երկու անգամ 20-րդ դարի երկրորդ կեսին իրողություն է դարձել Թուրքիայում: Հենց հեղաշրջման ուրվականն էլ սարսափեցնում է Էրդողանին: Եվ իր վախը հաղթահարելու ու համաշխարհային հանրության, ռազմավարական գործընկերների ուշադրությունը շեղելու համար էլ նա էժանագին «հնարքներ» է կիրառում` մեկ անգամ ևս հաստատելով իր խոր շփոթմունքը: Ռազմական հեղաշրջման դեպքում հիմնովին կխորտակվեն Եվրամիություն մտնելու հույսերը, տարածաշրջանում Թուրքիան կկորցնի իր ազդեցությունները, ինչն էլ կնշանակի, որ երկիրը կհայտնվի գրեթե մեկուսացած վիճակում` վստահություն չներշնչելով գործընկերներին: Իսկ գործընկերները և մասնավորաբար Միացյալ Նահանգները, այլ սպասելիքներ ունեն Թուրքիայից: Որքան էլ ԱՄՆ-ին հետաքրքրում է ժողովրդավարության խնդիրը, այնուհանդերձ հատկապես Վաշինգտոնին է ձեռնտու Էրդողանը, որովհետև այս վարչապետը պատրաստ է այսօր գնալ ցանկացած արկածախնդրության, եթե դա կնպաստի իր փառամոլությանը: ԱՄՆ-ը նախապատրաստվում է պատերազմի Իրանի դեմ. սա վաղուց հայտնի իրողություն է և մաս է կազմում Միացյալ Նահանգների ռազմական դոկտրինի: Իրանի վրա հարձակում գործելու ուղիները անցնում են Թուրքիայով և Ադրբեջանով, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ին հարկավոր է Էրդողանի աջակցությունը և նրա ազդեցութ յունը պաշտոնական Բաքվի վրա: Այն սիրախաղերը, որոնք տևական ժամանակ գոյավորվել են Անկարայի և Բաքվի միջև, երկուստեք շահավետ են. Թուրքիան Ադրբեջանի միջոցով ընդլայնում է տարածաշրջանում իր ներկայությունը, սերտացնում է կապերը Ռուսաստանի հետ և Ադրբեջանից ստանում է էժան հումք ու էներգակիրներ: Բաքուն էլ իր հերթին, Թուրքիայի միջոցով, ամրապնդում է իր դիրքերը, տարածաշրջանում ձեռք է բերում հզոր պաշտպան, որն էլ կարող է միջնորդավորված կերպով «միավորներ» բերել Բաքվին Վաշինգտոնից և Մոսկվայից: Եվ իր հաշվարկներում Բաքուն չի սխալվում, որովհետև ժամանակ առ ժամանակ Անկարան հանդես է գալիս ադրբեջանական շահերի պաշտպանության դիրքերից և շարունակում շրջափակված պահել Հայաստանը: Իրանի դեմ հարձակման պահին Վաշինգտոնը չի կարող վրացական կամ հայկական աջակցության հույս ունենալ, որովհետև Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, Ռուսաստանը համարվում է Իրանի ավանդական գործընկերը: Հայաստանն էլ որևէ կերպ չի համաձայնի իր տարածքը տրամադրել ԱՄՆ-ին` Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու համար, որովհետև Իրանը Հայաստանի համար կյանքի ճանապարհ է: Որքան էլ Վրաստանը Թուրքիայի հետ եղբայրական ջերմ հարաբերությունների մեջ է, այնուհանդերձ Վրաստանն էլ իր տարածքը չի տրամադրի, որովհետև Հարավային Օսիայում և Աբխազիայում են գտնվում ռուսական ուժերը, որոնք ցանկացած պահի, օգտվելով իրավիճակից, կարող են հարձակում գործել Վրաստանի վրա և կազմաքանդել այս պետությունը: Ուրեմն, ԱՄՆ-ի հույսն Ադրբեջանն ու Թուրքիան են, այսինքն` Էրդողանն ու Ալիևը: Ահա ինչու ռազմական հեղաշրջումը չի կարող մտնել Միացյալ Նահանգների հաշիվների մեջ: Եվ հենց այս պատճառով էլ ԱՄՆ-ը, չնայած որոշ դրսևորումների, այնուամենայնիվ պաշտպանում է Էրդողանին: Սակայն թուրք զինվորականությունը, ինչպես ցույց են տալիս զարգացումները, չի կարող հանդուրժելի համարել այս վիճակը: Եվ հրաժարականներն ու ներքին լարվածությունը հանգեցնում են մի բանի. Թուրքիայում նախապատրաստվում է հեղաշրջում, ինչն ամբողջովին կփոխի իրավիճակը: Հեղաշրջման դեպքում կփոխվեն Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, թուրք զինվորականությունը ազերիներին չի ընդունի որպես արյունակից եղբայրների էթնոմիասնություն, այլ ամեն ինչ կանի` ստորադասելու Բաքվի շահերը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ