ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ


Շախմատի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների հաղթանակը համազգային ցնծության վերածվեց: Օրինաչափ էր. մեր մարզիկները երկրիս հեղինակությունն են պանծացնում, ինչն արժանիորեն պետք է գնահատվի: Նույն այս օրերին Երևանում համերգով հանդես եկավ Նարեկ Հախնազարյանը` Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթողը. այն հռչակավոր թավջութակահարը, ով հարկադրեց երաժշտական աշխարհին` օրեր շարունակ հիշատակել Հայաստան բառը, հիանալ մեր կատարողական դպրոցով: Իսկ առաջիկա օրերին երիտասարդ ու տաղանդավոր երաժշտի անունը կհայտնվի Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Բադեն-Բադենի, Նյու-Յորքի, Լոնդոնի ազդագրային վահանակներին. նա համերգներով հանդես է գալու Մարինյան թատրոնի աշխարհահռչակ սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարը Վալերի Գերգիևն է: Հայ կատարողական արվեստի պատմության մեջ Նարեկ Հախնազարյանն առաջին թավջութակահարն է, ով միջազգային նման հեղինակավոր մրցույթում դառնում է հաղթող: Ավելին, հայ երաժիշտ-կատարողները վերջին անգամ Չայկովսկու անվան մրցույթում հաղթող են դարձել 50 տարի առաջ… «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգին, որի մենակատարը Նարեկ Հախնազարյանն էր` նույնպես աշխարհի յուրօրինակ չեմպիոն, ոչ ոք շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր չհնչեցրեց: Անգամ Մշակույթի նախարարության պատասխանատուները չկամեցան ընդունելություն կազմակերպել կամ էլ բեմից մի երկու ջերմ խոսք հնչեցնել: Բնականաբար, Նարեկ Հախնազարյանին ոչ ոք ավտոմեքենա կամ բնակարան էլ չի նվիրելու… Ոչ մեր մարզական նվաճումներն ենք ուզում նսեմացնել, ոչ էլ` Նարեկ Հախնազարյանի հաղթանակը գերագնահատել: Մեզ մտահոգում է արվեստի նկատմամբ ձևավորված անտարբերությունը: Ոչ միայն արվեստի, նաև` գիտության: Չեմպիոն կոչումով Հայաստան դարձողներին դիմավորում են համազգային ցնծությամբ, ողողում պարգևներով, մինչդեռ արվեստում համաշխարհային բարձունքների հասածներն անտարբերության են մատնվում: Վերջերս Երևանում էին աշխարհի տարբեր բալետային խմբերում հանդես եկող հայ երիտասարդ պարողներ, ովքեր վաղուց համարվում են Եվրոպայի լավագույն պարողներն ու հրավերներ ստանում աշխարհի տարբեր երկրներից: Որևէ մեկի մտքով չանցավ հանդիպում կազմակերպել նրանց հետ, շնորհավորել մեծագույն հաջողութ յունների համար: Լռություն է տիրում նաև «Մետրոպոլիտեն» օպերայի արդեն աշխարհահռչակ դարձող մենակատար Եղիշե Մանուչարյանի անվան շուրջ, չնայած նշանավոր երգիչը հիմա Հայաստանում է: Զարմանալի ու տխուր փաստ է… Անվերջ խոսում ենք, թե մենք մշակութային ազգ ենք, թե մշակույթն է ողջ աշխարհում մեր գլխավոր անցաթուղթը: Մինչդեռ անտարբեր ենք, թե ովքեր են հայ արվեստը արտերկրներում ներկայացնում, իսկ իրական շնորհալիների, տաղանդավոր արվեստագետների նվաճումները չենք էլ նկատում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ