Վարձ` ահաբեկման դիմաց
Տարիներ առաջ, երբ ներտնային գազասպասարկման վարձ գանձելու որոշում ընդունվեց, բողոքի բուռն ալիք բարձրացավ: Բնակչությունը բողոքեց-բողոքեց, բայց ինչպես հաճախ է պատահում` ոչ մի արդյունքի չհասնելով, ստիպված համակերպվեց ու լռեց:
Ինչպես և սպասվում էր, այդ ծառայությունն իրականացնող «Էյ-ի-ջի» կազմակերպությունից ոչ մի «խեր» չտեսավ, բացի «շառից»: Այս կազմակերպության աշխատակից ների մեծ մասը տարին երկու անգամ մարդկանց բնակարաններում ոչ թե սպասարկում են իրականացնում, այլ պարզապես սպառնալիքների հեղեղ են թափում գազասպառող ների վրա. այս սարքը ճիշտ չի տեղադրված, ծխնելույզների խողովակների տրամաչափը չի համընկնում ընդունված ստանդարտներին, ջրատաքացուցիչը լոգարանում չպետք է լինի և այլն, և այլն:
Մեր բնակչության 90 տոկոսից ավելին, պարզապես չունենալով ֆինանսական միջոցներ, ստիպված է օգտագործել դեռ ԽՍՀՄ ժամանակնե-րից մնացած ջրատաքացու ցիչները: Բացի այն, որ նորը թանկ արժե, տեղադրելու դեպքում պետք է փոխվեն նաև հին գազախողովակները: Հազիվ օրվա ապրուստը ապահովող մարդիկ միայն այս խնդիրը լուծելու համար ամենաքիչը պետք է ծախսեն 150 հազար դրամ: Իսկ ի՞նչ է անում «Էյ-ի-ջի»-ի աշխատակիցը: Քանի որ հարյուր հազարավոր մարդկանց գազամատակա րարումից զրկելն անհնարին է և անշահավետ հենց «Գազպրոմի» համար, ջրատաքացուցիչների վրա փակցվում է մի «հրովարտակ», թե` «Լոգարանում ջրատաքացուցիչ օգտագործելը մահացու վտանգավոր է»:
Ուրեմն` ԽՍՀՄ տարիներին Հայաստանի բնակչությունը մահացու վտանգի մեջ է ապրել ու պարզապես հրաշքով ողջ է մնացել:
Աբսուրդը սրանով չի ավարտվում: Բնակչությունը տարին մոտ 6 հազար դրամ փող է վճարում ոչ թե իրեն ահաբեկելու համար, այլ սպասարկելու: Տարիներ շարունակ մարդկանց տուն այցելող «սպասարկողները» որևէ մաշված սարք փոխե՞լ են արդյոք, որևէ թուլացած պտուտակ ձգե՞լ են: Օրինակ` 1-2 հազար դրամ արժեցող ինչ-որ փական փոխելու անհրաժեշտության դեպքում դրա գումարը պահանջում են բնակչից: Պատկերացրեք, որ նման անհրաժեշտություն առաջանում է, ասենք, 5 տարին մեկ: Հինգ տարվա ընթացքում, այդ սպասարկում կոչվածի համար գազասպառողից գանձվում է մոտ 30 հազար դրամ: Այդ 30 հազարից զլանում են 2 հազար ծախսել խողովակի ինչ-որ հնացած փական իրենց կազմակերպության միջոցներով տրամադրելու և տեղադրելու:
Ինչևէ, վերջում մի առաջարկ անենք: Հանեք «սպասարկման ծառայություն» արտահայտությունը այս կազմակերպության անվանումից: Ավելի դիպուկ կհնչի «Անվտանգության մոտիվացիայով մարդկանց ահաբեկող ընկերություն»-ը, որը հաճախ կաշառք կորզելու նպատակ է հետապնդում:
Արմեն ԱՎԱԳՅԱՆ ճարտարագետ