ՈՉ ՎԱՂԱԺԱՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ


 

Ֆրանսիացիներից շատերը լավ են հասկանում, որ Սահմանադրական խորհրդի որոշմամբ է պայմանավորված նաև երկրի ապագան, քանզի, դիմումատու պատգամավորների հաղթանակի դեպքում, Թուրքիան ցույց կտա իր գերիշխանությունը ծեր աշխարհամասի հնագույն պետություններից մեկի նկատմամբ, տարբեր ոլորտներում իր կամքը կթելադրի, առավել կամրապնդի իր դիրքերը Եվրոպայում: Այս մասին անպայմանորեն պիտի մտածեն Սահմանադրական խորհրդի անդամները` չմեղանչելով օրինականության և պատմական արդարության դեմ...

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը ցնծությամբ ընդունվեց բոլորիս կողմից, պարտադրեց խոսել պատմական արդարության վերականգնման մասին: Խնդության տոներ եղան ամենուրեք, աշխարհի հայությունն իրեն հատուցված և թեթևացած զգաց, սակայն...

Սակայն նույն Սենատի 70-ից ավելի պատգամավորներ, ինչպես սպառնացել էին նիստից հետո, դիմեցին Սահմանադրական խորհուրդ` վիճարկելու որոշման սահմանադրա կանությունը: Միամիտ ու զարմացած կեցվածք չընդունենք` սպասելի էր այս նախաձեռնությունը: Սպասելի, որովհետև մի շարք գործոններ կային, կային իրադրություններ, որոնք անպայմանորեն իրենց հետքն ու հետևանքը պիտի թողնեին: Եթե հաշվի առնենք, որ ՍԽ դիմած պատգամավորների մի մասը Սարկոզիի կուսակցությունից է` առավել բացատրելի կդառնա սենատորների քայլի տրամաբանությունը: Մեզ համար` հակատրամաբանությունը:

Սարկոզիի գլխավորած կուսակցությունը միատարր չէ. այստեղ որոշակի տեղեր ունեն մի շարք նախկին չինովնիկներ, նախկին ու ներկա սենատորներ, դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներ, պահպանողականներ, ովքեր միշտ էլ աչքի են ընկել Սարկոզիի հանդեպ որդեգրած ընդդիմադիր կեցվածքով, բայց մնացել են կուսակցության շարքերում` հանուն պաշտոնների, սենատորական մանդատների: Նրանք իրենց հռչակել են Ֆրանսիայի շահերի պաշտպան, հետևաբար չէին կարող հանդուրժել օրենքի ընդունումը, քանի որ, իրենց պատկերացումներով, խաթարվում են Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները:

Նրանց կողքին` նախաձեռնությանը միացած մյուս սենատորները որքան էլ փորձեն խոսել հումանիտար արժեքների մասին, ակնհայտ է, որ ծախվել են թուրքերին, ենթարկվել նրանց շանտաժներին և սիրաշահումներին: Իսկ թուրքերը, լինելով արևելյան ժողովուրդ, գիտեն սիրաշահել, կաշառել...

Ուրեմն, Սահմանադրական խորհուրդ է մտել մի դիմում, որը ձևավորվել է կոռուպցիայով, շանտաժով և մարդասիրական արժեքների հանդեպ ձևավորված անսահման ցինիզմով: Իսկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն էլ կազմված է տարբեր մարդկանցից` նախկին նախագահներ, իրավագետներ, օրինագծի սահմանադրականությունը կասկածի տակ չառնող... Ուրեմն, մի նոր ահեղ գոտեմարտ է սպասվում, որի ելքերը կարող են դեռ մշուշոտ համարվել, չնայած արդեն հնչել են Սարկոզիի երկու հայտարարությունները, որոնք կարող են ցնցուղի դեր կատարել ՍԽ-ի համար, կամ էլ` առավել գրգռել Սարկոզիի հակառակորդներին: Դժվար չէ կռահել, որ Սահմանադրական խորհուրդ դիմած սենատորների «վճռականության» մեջ առկա է նաև ամերիկյան հետքը, քանզի, ինչպես արդեն գրել ենք, օրերս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունը յուրատեսակ «մեսիջ» էր ֆրանսիացի սենատորներին, բոլոր նրանց, ովքեր ընդունում են ԱՄՆ-ին որպես աշխարհին թելադրող ուժ:

Սենատորների քայլից զայրացած որոշ իրավաբաններ և մեկնաբաններ այն միտքն են հայտնում, որ Սարկոզին հապաղեց օրենքի ստորագրման հարցում, ինչն էլ առիթ տվեց նրա ընդդիմախոսներին, ըստ էության` Թուրքիայի կողմից վարձվածներին, առավել գործնական լինել և վիճարկել: Արտաքուստ կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ճիշտ են Սարկոզիի հապաղման մասին խոսողները: Սակայն, իրականում, Սարկոզին առաջնորդվել է Ֆրանսիայի օրենքներով և Սահմանադրությամբ` սպասելով 15-օրյա ժամկետին: Իհարկե, կարող էր ստորագրել օրենքը, սակայն դա չէր կարող պատնեշ լինել վիճարկողների համար: Ավելին, կստեղծվեր «ֆորսմաժորային» իրավիճակ, ինչն այնքան էլ ցանկալի չէր լինի նախագահական նոր ընտրությունների պատրաստվող գործող նախագահի համար:

Այսօր արդեն ակնհայտ դարձավ, որ Սարկոզին այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված ՍԽ-ի կողմից կայացվելիք որոշման հանդեպ: Երեկ առավոտյան նախագահը սպառնաց, որ եթե Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչի Սենատի ընդունած որոշումը, ապա ինքն էլ կվիճարկի Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը: Իսկ դրանից հետո էլ հայտարարեց, որ բացասական որոշման դեպքում ինքը նոր օրինագիծ կդնի շրջանառության մեջ... Արևմուտքում ոմանք հակված են պնդել, որ Սարկոզիի հայտարարությունները մարտավարական քայլեր են, որոնց նպատակն է Սահմանադրական խորհրդին հետ պահել անխոհեմ քայլերից և գայթակղություններից: Իսկ գայթակղություն ները չեն բացառվում, որովհետև այս օրերին բացատրական աշխատանքներից զատ կարող են լինել կաշառատվության նոր դրսևորումներ...

Սենատորների, քաղաքական գործիչների և իրավաբանների մի մեծ խումբ էլ համոզված է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չի հաստատի որոշման հակասահմա նադրականությունը և կանաչ լույս կվառի նրա ճանապարհին: Նրանք հիշատակում են Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ընդունման և նրան օրենքի ուժ տալու փաստը, անդրադարձ են կատարում Հոլոքոստի հանդեպ Ֆրանսիայի ունեցած պաշտոնական վերաբերմունքին: Ինչպես նաև խոսում են այն մասին, որ ՍԽ-ի բացասական որոշումը կարող է քաղաքական նոր բռնկումների շարժառիթ դառնալ, ոտքի հանել շատերին, մասնավորաբար մոտ 600 հազարանոց հայ համայնքին ու նրա համախոհներին, հակաթուրքական տրամադրություններ ունեցող ֆրանսիացիներին:

Ուրեմն, Ֆրանսիան կանգնած է մի մեծ փորձության առջև, որի առանցքում «հայկական հարցի» բաղադրիչներից մեկն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ