Կասկածվում են... ֆուտբոլիստները
Շատերի համար հումորի թեմա դարձած «Յուշչենկոյի թունավորման գործը» պարբերաբար նորից քննարկվում է քրեական ու քաղաքական շրջանակներում: Թվում էր, թե Ուկրաինայի նախագահի դեմ նման ոտնձգության մեջ հնարավոր բոլոր կասկածյալներն արդեն հարցաքննվել են: Սակայն պարզվում է, որ մոռացել են… ֆուտբոլիստներին: Նրանցից երեքը` Անդրեյ Շևչենկոն, Կախա Կալաձեն և Անդրեյ Գուսինը վերջերս ծանուցագիր են ստացել գլխավոր դատախազությունից: Կիևի «Դինամո»-ի նախկին անդամ Անդրեյ Գուսինը, ով հիմա ժամանակավորապես անաշխատանք է մնացել և մարզվում է Կիևում, «Խկ»-ի թղթակցին պատմել է. - Ինձ կանչեցին դատախազություն, բայց ոչ թե թունավորման, այլ պետական գործչի դեմ մահափորձի գործով: Ակնհայտ է, որ ներկայումս նախագահի վարկանիշն ընկնում է. ահա և նա էլ ուզում է այն բարձրացնել նշանավոր մարդկանց հաշվին: Ինձ են կանչել նաև Շևչենկոյին ու Կալաձեին… Ես դեռ այս պատմությունը կներկայացնեմ Comedy Club-ի համար… Ինչո՞վ կարող էին մարզիկները հետաքրքրել քննիչներին: Հիմնական վարկածի համաձայն Յուշչենկոն թունավորվել էր 2004 թ. սեպտեմբերի 5-ին` Անվտանգության ծառայության պետի տեղակալ Վլ. Սացյուկայի ամառանոցում: Նույն օրն այնտեղ է եղել կինոյի խոշոր գործարար Թամազ Ցինցաբաձեն, ում ծանոթների շարքում են նաև հիշյալ 3 ֆուտբոլիստները: - Այդ ընթրիքին Ցինցաբաձեն ներկա չի եղել. հարևան սենյակում նա ֆուտբոլ է նայել,- ասել է ֆուտբոլիստը: Ինչպես լրատվության հեղինակն է նկատել` այս տրամաբանությամբ հեռու չէ այն օրը, երբ Ուկրաինայի դատախազության քննիչները կարող են պարզապես Կրեսշչատիկ գնալ և ամեն անցորդի հարցնել. «Իսկ որտե՞ղ էիք դուք 8-ից մինչև 11-ը»: