«Ինչքան մեծանում ես` մանկությունդ ես հիշում»


Տաթևիկ ՂԱՓԼԱՆՅԱՆ. ՀՀ վաստակավոր դերասանուհի - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Տղայիս կորուստը` կյանքի բնական ընթացքի չգրված օրենքին հակասող այդ իրողությունը: Ծնողը չպետք է երեխայի մահը տեսնի: - Եթե ոչ հայ, ապա որ՞ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Էլի° հայ: Իսկ որպես համակրանք… տարբեր ազգեր իրենց արվեստով են այն առաջացնում: Օրինակ` ֆրանսիական, իտալական, հոլանդական նկարչությունը: Այսինքն, ամեն մի ազգի գնահատում եմ նրանով, թե նրանք ինչ արվեստի գործեր են տալիս: Շատ սիրում եմ ճապոնացիներին, նրանց «Կաբուկի», «Նո» թատրոնները: Ֆիլմերը` էլ չեմ ասում, որ նրանց կինեմատոգրաֆը ֆանտաստիկ է: Ինձ շատերը ասում են. «Բայց դրանց ի՞նչն ես սիրում»: Ընդհանրապես այդ ազգին անհասկանալիորեն շատ եմ սիրում, որովհետև չգիտեմ թե ինչու: Այ հիմա, մտածում եմ, որ եթե նորից ծնվեի` կուզենայի ճապոնուհի լինել: Հայ կինն էլ է նույն կարգավիճակում եղել, ինչ ճապոնուհին: Հայերն էլ միշտ նվիրված և տան կանայք են եղել. տանը տղամարդն է աշխատել: Ես այդպես եմ տեսել: Հիմա փոխվել է. դարձել ենք բիզնեսմեններ, բայց դա մեր ազգին պետք չէ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք: - Ես բաց մարդ եմ և գաղտնիքներ ունենալը կարծես խորթ լինի ինձ համար: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Առեղծվածայի՞ն… Ինչքան էլ ուզում ես հավատալ, որ այնտեղ կյանք կա, ես այդ հավատով եմ ապրում, բայց և ինձ համար անպատկերացնելի է, որ պետք է գնամ այնտեղ և նորից հանդիպեմ նրանց, ում այլևս կյանքում հրաժեշտ եմ տվել ցավով: Ասում են` եթե ինքնասպանություն գործես, անցավորներիդ չես հանդիպի: Առեղծվածային են նաև աստղերը, երկրագունդը, այն ամենը, որ չգիտես, թե ո՞նց և ինչո՞ւ ստեղծվեց: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ` սիրելի անեկդոտը: - Պապան միշտ մամայի հոգին ուտում էր. ինքը հումորի ցայտաղբյուր էր: Մոսկվայում էինք. դե պապան միշտ «Բուդապեշտ» հյուրանոցի 301 համարում էր իջևանում: Մայրս լոգանք էր ընդունում: Այդտեղ երկու ցնցուղ կար, մեկը տեղաշարժվող, մյուսը` պատին ամրացված: Մեկ էլ պապան եկավ ինձ ասեց. «Արի, տես` հիմա մամայի հետ ինչ եմ անում»: Մոտեցավ, ասեց. «Էմմա, հեռախոսն է, քեզ են ուզում»: Մայրս ցնցուղը մոտեցրեց ականջին և շատ լուրջ տոնով` «Ալո¯, լսո°ւմ եմ»: Մի դեպք էլ եմ հաճախ հիշում. մաման շորերն էր արդուկում` հեռախոսը կողքին: Հեռախոսազանգը հնչեց, լսափողը վերցրեց. պապային էին ուզում, հետո նորից զանգ եկավ, այդ ժամանակ նա սկսեց լսափողով արդուկել, իսկ արդուկն ընկալուչի փոխարեն մոտեցրեց ականջին: Չեմ մոռանում և այս մեկը. մի ժամանակ աղբատար մեքենայի գալուստը հատուկ ձեռքի զանգով էր ազդարարվում: Մի քանի օր այդ մեքենան չէր եկել, ու մաման այնքան էր ասել «զիբիլը չեկավ», որ ես ու պապան գժվել էինք արդեն: Մի օր էլ պապան երեկոյան ուշ ժամի տուն եկավ, մաման էլ քնած էր: Ասեց. «Արի»: Գնացինք ննջարան, պապան շշուկով ասաց. «Էմմա¯, զիբիլն եկել ա…»: Մամաս վեր թռավ, խալաթը հագավ, վազեց խոհանոց, աղբի դույլերը վերցրեց ու թռավ դուրս: Առավոտյան ժամը 3-ն էր, իջել էր բակ, մութ, միայն ինքն է: Մեկ էլ զայրացած տուն վերադարձավ… - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ: - Տարօրինակ բան է. ինչքան մեծանում ես` մանկությունդ ես հիշում: Ասում են դա ծերանալու նշան է: Մանկությունից իմ մեջ շատ տպավորվել է, որ երբ պապան` Նիկիտիչը, տուն էր գալիս, ինձ անպայման պետք է գրկեր ու օդ թռցներ: Մինչև հիմա դա հիշում եմ: Ես միշտ սպասում էի, որ պապան գա ու ինձ օդ թռցնի: Երկու-երեք տարեկան եմ եղել, բայց նույնիսկ այդ պահերին փոխակերպվող շնչառությունս մինչ այժմ չեմ մոռացել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ