Կնոջ «շառը»` սուտ մատնություն


 

Աշտարակի գյուղերից մեկի բնակչուհի Ս.-ն քայլերն ուղղել էր ոստիկանություն և իրեն բռնաբարելու վերաբերյալ հայտարարություն տվել: Այլայլված և հուզված 35-ամյա կնոջ հավաստմամբ` գազալցակայաններից մեկի վարչական շենքում իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, սեռական ոտնձգություն էր կատարվել: Բռնաբարողն էլ, իբր, նույն լցակայանի 30-ամյա աշխատակից Հ.-ն էր:

Կնոջ ասած` «զապրավշչիկի» նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում օր-օրի ի հայտ եկող հակասությունները ոստիկաններին այլ բան էին հուշում: Ի վերջո պարզվեց, որ ծանր հանցագործությունը, ինչի մասին հաղորդում էր տվել կինը` ոչ այլ ինչ էր, քան վառ երևակայության արդյունք: Եվ օրենքի պահապանների համար այլևս ակնհայտ էր, որ նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին կեղծ ցուցմունքի դեպքում նախազգու շացված լինելով հանդերձ, Ս.-ն կատարել էր սուտ մատնություն:

Հետևանքը եղավ այն, որ ուրիշի համար փոս (այն էլ բավական խորը փոս) փորած կնոջ նկատմամբ օրեր առաջ քրեական գործ հարուցվեց` վերը նշված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով. սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ անձին մեղադրելով: