Չե՞ն դառնա


Սեպտեմբերի 7-ին նախատեսվող ՀՅԴ ղեկավարության ընդհանուր ժողովը կփորձի գտնել պատասխաններն այն բոլոր հարցերի, որոնք նախընտրական փուլերում քաղաքական շրջանակների և, առաջին հերթին, դաշնակցության համար օրախնդիր են դարձել: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը հավատացնում է, որ իրենք ոչ թե անցնող տարիներին իշխանություն են եղել, այլ ընդամենը իշխանության մաս են կազմել: Նա դժգոհ է Ազգային ժողովի աշխատանքներից և իրենց ոչ լիարժեք աշխատանքը պատճառաբանում է առաջին հերթին ընդդիմության բացակայությամբ: Առաջիկա զարգացումներում դաշնակցությունը նույնպես լուրջ ցնցումներ է կանխատեսում. ընդ որում` Հ. Կարապետյանը դա տեսնում է ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության մասով: Հավատարիմ մնալով իրենց հին սկզբունքին` դաշնակցականներն առաջիկա ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ կմասնակցեն: Եվ, չնայած դաշնակցական բանախոսի հավաստմամբ գաղափարական դաշնակիցներ քաղաքական դաշտում իրենք ունեն, այնուամենայնիվ, ավելի նախընտրելի կլինի սահմանակափակվել միայն համագործակցությամբ: Անցնող տարիների իրենց գործունեությանը վարդագույն ակնոցներով չնայելով հանդերձ` ՀՅԴ-ն մինչև առաջիկա ընտրությունները շարունակելու է մնալ կոալիցիայի կազմում և գոնե այս պահին ընդդիմություն դառնալու նպատակահարմարությունը բացառում է:

Դ. ՎԱՆԵՍՅԱՆ