«Լավագույն խթանը բարեկամությունն է»,-


ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Ա. ՔՈԹԱՆՋՅԱՆԸ Դեռևս նախընտրական արդար պայքարում Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածու Արայիկ Քոթանջյանը համոզված էր, որ հստակ ծրագրված, ազգաբնակչության շահերից բխող ձեռնարկումներն են ամենայն հաջողության գրավականը: Եվ նրան հավատաց ընտրողը. իհարկե` նրա անցած ուղուն ծանոթանալով: Ընդամենը 11 ամիս է անցել, և իր խոստումները գործի վերածող, բազմաթիվ հարցերի իրատեսական լուծումներ գտած ղեկավարի առօրյան նաև ինքնատիպ որոնումներով է հագեցած: Ավստրիայի Վիեննա քաղաքի Չորրորդ համայնքի` Վիդենի պատվիրակության այցը ասվածի վկայություններից մեկն է: Պատվիրակության ղեկավարը Ա. Քոթանջյանի ավստրիացի գործընկերն է` Չորրորդ համայնքի ղեկավար Սուզաննե Ռայխարդը` Ավստրիայի Ժողովրդական կուսակցության Վիդենի շրջանային կառույցի ղեկավար Հելդա Ռիդելի և Սոցիալիստական կուսակցության շրջանային կառույցի ղեկավար Վիլմա Կոհմանի հետ միասին: Այսօր ուշ երեկոյան կավարտվի այս այցը, որի բոլոր երեք օրերն էլ խիստ հագեցած են եղել` գործնական և ճանաչողական առումով: Խորհրդանշական էր խիստ, որ այցելության առաջին հանգրվանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր, ուր հյուրերը մեծագույն բավականությամբ ծանոթացան առաջին քրիստոնյա ազգի և Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը: Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի հետ հանդիպումներն ամենից առաջ բարեկամական զրույցներ էին` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների, մտահոգությունների շուրջ փորձի փոխանակմամբ: Հյուրընկալները հոգացել էին, որպեսզի հյուրերը հարուստ տպավորություններ քաղեն Հայաստանից: Եվ դա հաջողվեց: Երևանի տեսարժան վայրերից զատ («Կասկադ» համալիր, Մատենադարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սուրբ Հակոբ և Ուղղափառ եկեղեցիներ, Ս. Փարաջանովի և Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններ), ավստրիացի բարեկամներին Քանաքեռ-Զեյթունի թաղապետը (թաղապետարանի պատասխանատու աշխատակիցների և ավագանու անդամների հետ միասին) ուղեկցեց Գառնի, Գեղարդ, կապուտաչ Սևան, ինչպես նաև Կոտայքի «ՍՕՍ» մանկական գյուղ... Բնականաբար` շրջայցի ոչ մի հասցե ինքնանպատակ չէր ընտրված: Այսօր թաղապետարանում կստորագրվի Հուշագիր` որպես առհավատչյա այլևս ջերմ բարեկամներ դարձած ավստրիացի և հայ գործընկերների շարունակական փոխգործակցության: Իսկ մամլո ասուլիսը հնարավորություն կընձեռի լրագրողներին` ճշգրտել հասարակությանը հետաքրքրող բազմաթիվ հարցեր: