ԳՈՒՑԵ ՆՐԱՆՑ ԷԼ ՏՈՒՆ ԿԱՆՉԵՆՔ
Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այսօր արդեն բազմաթիվ համախոհներ ունի: «Արի տուն»-ը շարունակությունն է «դեպի երկիր» կոչ-գաղափարի և պիտի դառնա ոչ միայն այս նախարարության, այլև բոլորիս յուրատեսակ կոչն ու նպատակադրումներից մեկը:
Տուն կանչել` ոչ որպես հյուր, ոչ իբրև զբոսաշրջիկ, այլ այստեղ ապրելու և աշխատելու վճռականությամբ: Գուցե զարմանալի թվա այս ցանկությունը, քանզի դեռ սրտմաշուկի պես շարունակվում է արտագաղթը` աստիճանաբար մեր շատ հայրենակիցների տանելով օտար ափեր, դարձնելով աշխարհի քաղաքացիներ:
Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ցանկացած երկրի հզորության գրավականներից են գիտությունն ու մշակույթը, մինչդեռ մեզ մոտ դրանք կարծես միտումնաբար ոչնչացվում են` դրան զուգահեռ էլ երկրից դուրս գալու «ուղեգրեր» տրամադրելով շատ ու շատ տաղանդավոր մարդկանց, հատկապես` երիտասարդների: Նախարարություններն ու գերատեսչությունները տարեկան բյուջեի նախագծերը կառավարություն ներկայացնելիս գրեթե չեն անդրադառնում երիտասարդ գիտնականներին ու արվեստագետներին, մեր գիտության ու արվեստի մեծերին հայրենիքում պահելու կամ էլ հայրենիք բերելու խնդիրներին: Սփյուռքում քիչ չեն մեր գրողներն ու գիտնականները, արվեստագետները, ովքեր մատնված են անուշադրության, մեզանում մոռացվում են նրանց վաստակն ու ծառայությունները: Բայց նրանց ներգաղթը, նրանց հայրենիքում միավորելն արդեն հրամայական պահանջ է դարձել:
Հայաստանն առաջին անգամ չէ, որ բախվել է արտագաղթի տխուր երևույթին. 20-րդ դարասկզբին շատերը հեռացան երկրից, սակայն նորաստեղծ անկախ Հայաստանի, ապա Խորհրդային Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի գոնե մեր մեծերը վերադառնան, որպեսզի հայրենիքում իրենց ապահովվությունն ունենան: 1920-ականների սկզբներին, երբ Հայաստանում հաց չկար, չկային բնակարաններ, չկային սոցիալական նվազագույն պայմաններ, իշխանությունները հորդորեցին և երկիր վերադարձրեցին Ավ. Իսահակյանին, Ալ. Շիրվանզադեին, Դ. Դեմիրճյանին: Հայաստան եկան Մ. Սարյանը, Ալ. Սպենդիարյանը, Շ. Կուրղինյանը, գիտնականների մի հրաշալի համաստեղություն: Իսկ այսօր ոչ թե գալիս, այլ հեռանում են...
Ժամանա´կն է, որպեսզի կենդանություն տանք «Դեպի երկիր» կարգախոսին, որպեսզի «Արի տուն» կանչը հնչի ամեն մի հայ մտավորականի ականջին, ու նա վերադառնա հայրենիք: Իսկ որպեսզի վերադառնան, հարկավոր է պայմաններ ստեղծել: Չենք կարծում, թե մեր բյուջեն այնքան օրհասական վիճակում է, որ չի կարողանա մասհանումներ անել մեր անվանի գիտնականների ու արվեստագետների համար բարձր պատվովճարներ, աշխատավարձեր սահմանելու: Մենք հսկայական գումարներ ենք ներդնում պետական հիմնարկների պահպանման ծախսերի, տարբեր միջոցառումների, հարկային և մաքսային համակարգերի համար շքեղ ավտոմեքենաներ ձեռք բերելու, ԱԺ պատգամավորների արտասահմանյան գործուղումների ծախսերը բազմապատկելու համար: Միայն նոյեմբեր-մարտ ամիսներին ԱԺ-ն ջեռուցելու համար նախատեսված է 77 միլիոն դրամ, տարեկան մոտ 600 միլիոն դրամ է տրամադրվում պատգամավորների օգնականների և վարորդների աշխատավարձերի համար...
Եթե սևեռուն հայացք հառենք մեր բյուջեին, ապա կտեսնենք, որ չափազանց շատ են վատնվող միջոցները, որ անտնտեսվարությունը դարձել է մեզ համար անբուժելի հիվանդություն: Իսկ այս գումարներով կարող էինք լուծել մեր գիտության ու մշակույթի անվանի գործիչներին Հայաստան բերելու և այստեղ պահելու հարցերը: