Մենք պատերազմ գնացինք խաղաղության համար...


Արցախամարտը մեզ պարտադրված փորձություն էր, որը պիտի պատվով անցնեինք: Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ մի բուռ հայությունը բռունցքվել գիտի, երբ վտանգված է ամենաթանկը` հող հայրենին... Հերոսական այս պայքարում հաղթեց միասնությունը, կորովը, ոգին: Մեր կռիվն արդար էր: Հողի տեր էինք, ու դրա զորությունն էր մեր երակներում: Մենք պատերազմ գնացինք խաղաղության համար... Ադրբեջանցի ելուզակը քոչվոր պապերից միայն ոչնչացնելու, պղծելու կարողություն էր ժառանգել: Գայլի ախորժակով` չէր ուզում հրաժարվել նվեր ստացած պապենական մեր հողերից: Բեկում էր պետք: Եվ քաջարի հայորդիք անվարան նետվեցին պայքարի` պաշտպանելու արդեն օտար սմբակների տակ տրորվող մեր սուրբ հողը: Եվ հաղթեցին: Նրանք նվիրեցին մեզ ամենաթանկը` հաղթողի հպարտությունը: Պայքարի նվիրյալ մարտիկներից էր Աղաբեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ԲԵԿԸ, ով շարժման առաջին իսկ օրվանից գործողությունների կիզակետում էր: Հայրենասիրության առաջին դասը պապն էր տվել, թուրք բառն առաջին անգամ նրա շուրթերից էր լսել: Ճակատագրի ծանր հարվածներով հողից կտրված, Էրզրումից գաղթած հայերից էր պապը, ում հոգում միշտ արթուն է կորցրած հայրենիքի կարոտը, ցավը, վրեժը: Հաճախ էր թոռնիկին ասում, որ իրենց պապենական հողում` ընկուզենու տակ, 10 հատ մոսին կա: Այն օրը, երբ թոռնիկը կհանի դրանք և յուրաքանչյուրով 10 թուրքի կսպանի, ինքը հանգիստ խղճով կհեռանա աշխարհից: Երբ Բեկը հայտնեց պապին, որ սկսվել է Արցախյան գոյապայքարը, զենքը հանձնելով թոռանը, նա պատգամեց` եթե թուրքի նկար էլ տեսնես, կրակիր, չխնայես: Հայի դարավոր ցավն էր խոսում պապի շուրթերով: Սեփական աչքերով էր տեսել` ինչպես են գազանները տատի ոտքերի տակ մեխով նալ խփում: Դեռ բաց էր վերքը, կսկծում էր ցավը... 1989-ի դեկտեմբերն էր: Աղաբեկն ըմբշամարտի մարզիչ էր: Մի օր էլ զինվորական համազգեստով մի քանի մարդիկ, որոնցից մեկը Ռազմիկ Վասիլյանն էր, բարձրախոսով հայտարարեցին, որ Սումգայիթում ջարդեր են սկսվել: Զենքին տիրապետող տղամարդկանց հրավիրեցին հավաքի: Բեկն առաջին կամավորներից էր, որ զինվորագրվեց պայքարին: Մասնակցեց Երասխավանի մարտերին, որտեղ էլ զոհվեց Մովսես Գորգիսյանը` առաջին ճակատամարտի առաջին զոհը: Այնուհետև մասնակցեց Խաչիկ, ապա Գորիսի Տեղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին. 25 հոգանոց ջոկատի հրամանատար էր, թեև իրեն զինվոր էր համարում: Ապա մեկնեց Ստեփանակերտ, հետո` Հադրութի Մեծ Թաղլար գյուղ: Անտառի մեջ էր Մեծ Թաղլարը: Մի օր լուսադեմին, հերթական ռմբակոծությունից հետո հրթիռի օղակն ընկել էր դպրոցի բակում: Գյուղը խուճապի մեջ էր: Տագնապահար այս ու այն կողմ էին վազում ոտաբոբիկ մանուկներ, կանայք: Ավելի ու ավելի էր ամրապնդվում այն համոզմունքը, որ պետք է ապրել, կռվել հանուն այս մանուկների: Թանկ են հուշերը: Ազատամարտիկն անսփոփ ցավով անուն առ անուն հիշում է զոհված ընկերներին: Ափսոսանքով է պատմում այն 7 խիզախների մասին, ովքեր հակառակորդի ստորության զոհը դարձան: «Կոբրա 2» դիրքում էին տղաները, երբ անտառից կնոջ աղաղակներ լսեցին: Օգնություն էր խնդրում: Հայ Ֆիդային չէր կարող անտարբեր մնալ: Սակայն դա ծուղակ էր: Ելուզակները հայերենին տիրապետող կին էին գտել և ստիպել օգնություն խնդրել: Երբ մեր մարտիկներն օգնության էին շտապում, դեմ առ դեմ հանդիպեցին հակառակորդի զինվորներին, ովքեր հայերեն էին խոսում: Սակայն Բաքվից եկած Սաշան անմիջապես կռահեց, որ հայ չեն: Երբ բացահայտվեց նրանց ստորությունը, կատաղի կրակ բացեցին: Փրկվեց միայն մեկը… Աղաբեկ Խաչատրյանը մասնակցել է նաև Շուշիի ազատագրմանը: Իսկ երբ Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորվում էր «Արծիվ մահապարտներ» գումարտակը, նա այն խիզախներից էր, ով աչքի առաջ ունենալով մահը, անվարան միացավ մահապարտներին: Ոսոխն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին: Սակայն մահապարտները վճռական հարվածով փոխեցին պատերազմի ելքը: Նրա հետ զրույցը հայրենասիրության, ազգասիրության մի յուրահատուկ դաս է: Պատմում է ազատամարտիկը պատերազմի դրվագներից, խոսում հայրենասիրության մասին: Պատմում է հերոսը, ու կարծես մեր խիզախ նախնիների ոգին է խոսում. - Հայրենասեր ծնվում են: Մեր մայրերի, քույրերի, ապագա մայրերի երակներով հոսող հայրենասիրությունն է փոխանցվում հայրենյաց պաշտպանին: Նրանք են ծնում հերոսներ, նրանք են մեզ ուժ տալիս: Ապագա հայրենյաց պաշտպանը դասեր է առնում օրորոցից: Եթե երեխան պատասխանատու լինի իր մայրիկի համար, նա պատասխանատու կլինի նաև հայրենիքի համար: Տղա երեխան պետք է ունենա 3 սրբություն` Մայր, Հայրենիք, Աստված: Բեկի ամենանվիրական ցանկությունը զոհված ընկերների հիշատակը հավերժացնող կոթողներ կանգնեցնելն է, որպեսզի սերունդները ճանաչեն, խոնարհվեն նրանց հիշատակի առջև: Իր իսկ ջանքերով կանգնեցվել են 2 զոհված ընկերների հուշարձանները, սակայն գործն անավարտ է համարում. անելիքներ դեռ կան: Երբ խոսում է մեր միասնության, պայքարի ու հաղթանակի մասին, հպարտության կայծեր են բոցկլտում նրա արծվենի հայացքում - Մենք ազգովի կռվել, ազգովի հաղթել ենք: Ոչ ոք չի կարող անհատականացնել այս պատերազմը: Մենք պատերազմ չէինք ուզում, կռվեցինք` խաղաղության համար: Այսօր պիտի պահպանենք այդ թանկ հաղթանակը, փոխանցենք սերունդներին, որ նրանք էլ արժանապատվորեն ապրեն... Միասնական էինք, մեկս մեկին նվիրված: Երբեք չենք մտածել, որ փամփուշտը քիչ է: Կռվել ենք այն գիտակցումով, որ չպիտի թուրքին հող զիջենք, որ մեր պապերի ոխը պիտի հանենք, որ տալու բան ունենք սերունդներին: Որդիներին ևս դաստիարակել է նույն ոգով. նրանք երկուսն էլ այսօր Հայոց բանակի օրինակելի զինվորներ են. - Հպարտ եմ, որ զավակներս ծառայում են: Նրանց ասել եմ, որ զորամասը մեծ տուն է, իսկ հրամանատարները` ծնողներ: Աստված մի արասցե, եթե անհրաժեշտություն լինի` մեր զինվորները մեզնից լավ են կռվելու, նրանք ավելի ուժեղ են, քանի որ մեր արյունն է նրանց երակներում: Նրանք դեռ մոր արգանդում` պատերազմի մեջ էին: Դա իմ համոզմունքն է` այսօրվա զինվորն ավելի ուժեղ է: Ոչ ոք իրավունք չունի նրանց փնովելու: Իսկ բանակից խուսափող երիտասարդներին ու նրանց ծնողներին դավաճան եմ համարում: Նրանք այս օդը շնչելու իրավունք չունեն: Կատարած սխրանքների համար բազմաթիվ մեդալների արժանացած ազատամարտիկն ավելորդ է համարում խոսել դրանց մասին և հիմա էլ իրեն զինվոր է համարում. Հայրենիքի զինվոր: Ահա այսպես ապրում է հպարտ` իր կռիվը տված, հաղթած մարտիկը: Հերոսներն ապրում են մեզ հետ ու մեր կողքին... Անգնահատելի է նրանց սխրանքը... Նրանք են իրենց ներկայությամբ մեր ոգին ամրացնում, պայքարելու ուժ տալիս:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ