ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ


Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիք թույլ տալու և էլի նման մի քանի մեղադրանքով: Սակայն նախկին պաշտոնյան չի կամենում «քավության նոխազ» դառնալ և հիմնավորելով իր գործողությունների օրինականությունը, հայտարարում է. «գործող օրենսդրությամբ կառուցապատման իրավունքով հողամաս եմ տվել վարձակալության հիմունքներով: Բազմաթիվ հիմնավորումներ կան` սկսած տարածքային կառավարման նախարարի դրական եզրակացությունից մինչեւ անշարժ գույքի գործակալության համապատասխան թույլտվությունը: Հլը որ ուզում ես իմանաս` պետությանն եմ օգուտ տվել»: Ավելին, Հովակիմյանն օրերս «սենսացիոն բացահայտում» է արել, ասելով, որ շատ փաստաթղթերի տակ դրված է ներկայիս ոստիկանապետ և նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի ստորագրությունը: Եվ, չգիտես ինչու, նախաքննական մարմինը «մոռացության տալով» այս ամենը` մեղադրանք է առաջադրել միայն Հովակիմյանին: Իսկ որ Հովակիմյանին պաշտոնանկ անելու և նրա դեմ մեղադրանք ներկայացնելու գործում ակնհայտ է ոստիկանապետի միջամտությունը, նախկին մարզպետը չի կասկածում...