Նշանառության տակ Օլիմպիական խաղերն են
Իսկապես միամիտ դուրս եկավ այն հաշվարկը, թե բեն Լադենի ոչնչացմամբ կգլխատվի նաև նրա ղեկավարած «Ալ-Քաիդա»-ն: Ճիշտ է, վերջին 1 տարում դրա ձեռքով արյունոտ ահաբեկչություն չի իրագործվել, բայց հանցավոր խմբավորումը պարբերաբար հիշեցնում է իր գոյության մասին` հայտարարություններ տարածելով: Իսկ օրերս Եվրոպոլի աշխատակիցներն առիթ են ունեցել եզրակացնելու, որ հնարավոր է` «Ալ-Քաիդան» ահաբեկչություն իրականացնի` ընդդեմ հուլիս-օգոստոսին Լոնդոնում կայանալիք ամառային Օլիմպիադայի (գրել է The IndeΘendent on SundΖy-ը):
Չնայած վերջին ժամանակներում ահաբեկչական խոշոր այս խմբավորումը կենտրոնացել է «անհատական ջիհադի» մարտավարության վրա, սակայն ըստ Եվրոպոլի` այն նպատակադրվել է նոր ահաբեկչություններ իրականացնել, որոնք զանգվածային զոհերի պատճառ կդառնան` նաև հոգեբանական ծանր հարվածներ հասցնելով:
Եվրամիության անվտանգության ամենալուրջ սպառնալիքը ջիհադականներն (Ալլահի համար զինված պայքարողներ) ու միայնակ ահաբեկիչներն են` փաստել են Եվրոպոլի փորձագետները:
Ամերիկյան հատուկ ծառայությունները Միացյալ Թագավորության իրենց գործընկերներին նախազգուշացրել են, որ Մեծ Բրիտանիան հայտնվել է հանցավոր խմբավորումների և հակակառավարական տրամադրություններով համակված անձանց կիբեռ-գրոհի լուրջ վտանգի առջև: Այդ մասին նշվել է ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության զեկույցում (հաղորդել է BFM.RU-ն):
Մեծ Բրիտանիայի կառավարությունը միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ է ծախսել` Օլիմպիադայի մասնակիցների ու հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու համար: Ձեռնարկված միջոցներն ընդգրկում են զենիթա-հրթիռային սարքերի համալիրները, որոնք տեղադրվելու են բարձրահարկ շենքերի տանիքներին: Ինչպես նաև 13 հազար զինվորների տեղաբաշխում, ամբոխը ցրելու սարքավորումներ ու զենքեր. այդ թվում և անտանելի գլխացավեր հարուցող սարքեր` ցուցարարներին «խեղճացնելու» համար: