ՊԱՐՍԿԱԿԱՆ «ՇԱՈՒՐՄԱ»` ՀԱՅԿԱԿԱՆ «ԳԱՐՆԻՐՈՎ»


 

Ամեն տարի մեր հարևանների նոր տարին յուրովի տեղափոխվում է Երևան` մայրաքաղաքը վերածելով պարսկական ինքնահատուկ-խայտաբղետ «դիմակահանդեսի», որի մասնակիցներին պետք չեն դիմակներ և զարդարուն զգեստներ: Տասնյակ հազարներով գալիս են Երևան, լցնում փողոցներն ու հրապարակները, հյուրանոցներն ու ռեստորան-սրճարանները, մի քանի օրով հեռանում իրանական խստություններից, կաշկանդումներից, տոն ու խնդություն ապրում և վերադառնում` նորից փաթաթվելու իրենց փարաջաների մեջ, նորից քնելու ու զարթնելու հաստատված իսլամական օրենքներով:

Հայաստանում շատերն են անհամբերությամբ սպասում պարսիկների նոր տարուն, որովհետև հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարաններն ապահովում են իրենց գերշահույթները, խանութներում եռում է առևտուրը...

Միայն ուրախանալ է պետք, որովհետև հսկայական ֆինանսական հոսքեր են ապահովվում, արագորեն բացվում են սրճարաններ, շատերն իրենց բնակարաններն են վարձակալության տալիս: Այն, ինչ աշխարհի շատ քաղաքներում տարին բոլոր է տեղի ունենում` Երևանն ապրում է մեկ շաբաթով` անգամ ամենուրեք տեղադրելով պարսկերեն ցուցանակներ: Անծանոթ մեկին կարող է թվալ, թե Երևանը վերածվել է կիսապարսկական քաղաքի` արևելյան դեմքերի առատությամբ:

Այս օրերին երևանցիներից շատերի առջև փակվում են սրճարանների ու ռեստորանների դռները, այնտեղ հայտնվածներին էլ կոպտում են, չնկատելու տալիս: Հանկարծ հիշում են, որ ծխելն արգելված է` միևնույն ժամանակ ստորաքարշ ժպիտներով մոխրամաններ մատուցելով պարսիկներին: Դեմ չենք, մենք ի բնե հյուրընկալ ժողովուրդ ենք, իսկ զբոսաշրջային ինդուստրիայի կարևոր բաղադրիչներից մեկն էլ հյուրին լավ ու ժպտադեմ դիմավորելն է: Ժպտադեմ, բայց ոչ ստորաքարշ... Փողոցներում խումբ-խումբ քայլող պարսիկները վավաշոտ հայացքներով նայում են մեր աղջիկներին, երբեմն իրենց պահում չափազանց ցինիկ` քաշքշելով նրանց: Իսկ ռեստորաններում ու սրճարաններում նրանք անցնում են պարկեշտության բոլոր սահմանները` աղմկելով, իրենց պահանջները ներկայացնելով: Արդեն մի քանի տարի նույն պատկերն է, բայց ամեն անգամ մենք ներողամտորեն ենք վերաբերվում այս ամենին` մտածելով, որ մեր խստությունը կարող է հայ դուքանչիների սրտով չլինել: Սակայն աշխարհի ոչ մի երկրում հյուրեկներն իրենց այդպես չեն պահում, աշխարհի ոչ մի երկրում զբոսաշրջիկների շահերին չեն ստորադասում տեղացիների շահերը: Մենք լռում ենք, մենք համակերպվում ենք:

Գուցե ժամանակն է, որպեսզի տուրօպերատորները Հայաստան եկողների հետ բացատրական աշխատանքներ տանեն, հասկացնեն, որ գալիս են ոչ թե գաղութ, այլ` ինքնիշխան մի երկիր, որի քաղաքակրթությունն այնքան հազարամյակների պատմություն ունի: Տեղեկացնեն, որ հյուրընկալ հայերի սրտով չեն իրենց պահվածքը, անկարգությունները: Հասկանալի է, որ վանդակից արձակվածի համար ազատությունը մեծագույն արժեքն է, ու նա երբեմն ուշագնաց է լինում, դիմում խելահեղությունների: Սակայն նմաններին հասկացնում են, կարգի են հրավիրում: Մեզանից շատերն են եղել Իրանում, հարգել այդ երկրում ընդունված օրենքները, վարվեցողության կանոնները: Հայ ոչ մի կին իրեն թույլ չի տա Թեհրանի փողոցներում հայտնվել առանց գլխաշորի, ամուսնուն թևանցուկ: Թեհրանի ոչ մի սրճարանում որևէ հայաստանցի չի հանդգնի ոգելից խմիչք պատվիրել, գինովցած հայտնվել որևէ վայրում: Մենք հարգում ենք այդ երկրում ընդունված կարգերը, ուրեմն նույնն էլ պիտի պահանջենք մեզ հյուր եկողներից: Հանուն փողի` չպետք է ստորանանք, կորցնենք մեր արժանապատվությունը և համակերպվենք օտարամոլ թելադրանքներին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ