Փայտաշեն երկնաքեր


 

Այն դեռ կառուցված չէ, բայց շուտով կարող է վեր խոյանալ կանադական Վանկուվեր քաղաքում: Ինքնատիպ այս նախագծի հեղինակ Մայքլ Գրինն ասել է, թե ինքը ցանկանում է ապացուցել, որ փայտը հրաշալի շինանյութ է բարձրահարկ շենքի համար: Իսկ շենքն այդ 30 հարկանի երկնաքեր է` խոշոր պատուհաններով (տեղեկացրել է KM.RU-ն):

- Ամեն ինչ փոխվեց, երբ մենք սկսեցինք մտահոգվել կլիմայի փոփոխությամբ: Պողպատն ու բետոնը լավ են, սակայն էկոլոգիապես մաքուր չեն,- գտնում է ճարտարապետը:

Նա առաջարկում է շինարարության համար օգտագործել բնափայտի թափոններից պատրաստված բազմաշերտ խոշոր պանելներ: Այդպիսի շինանյութն առավել անվտանգ է, քան պողպատը: Հրդեհի դեպքում այդ պանելներն այրվում են արտաքինից, բայց պաշտպանվում է դրանց ներքին կառուցվածքը:

Դժվար է, իհարկե, իրատեսական համարել այդպիսի շենքերի անվտանգությունը: Բայց հիմա արդեն փայտյա բարձրահարկեր են կառուցվում Ավստրիայում և Նորվեգիայում: Դրանց առավելագույն բարձրությունը 20 հարկ է:

Ոչ շատ առաջ տեղեկացվել է, որ Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի շինարարությունը: Այն անվանել են Tokyo Sky Tree (Տոկիոյի երկնային ծառ): Այն տեղադրված է մեգապոլիսի հյուսիս-արևելյան Սումիդա շրջանում. բարձրությունը` 634 մետր: Աշտարակի բարձրության չափը պատահական չէ. այդ թիվը ճապոներեն հնչում է «մուսասի»: Ճիշտ այդպես էլ հնում կոչվել է ներկայիս Տոկիոյի շրջանը: