«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»-Ի «ԽԱՂԵՐԻՑ»


«Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի կազմակերպած ձևական փառատոները, բնականաբար, չեն կարող այլևս հետաքրքրել պրոֆեսիոնալներին և բոլոր նրանց, ովքեր ազնիվ ու անկաշառ ընտրություն են սպասում: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որն այսօր իր ենթակայության տակ է առել հիմնադրամի գործունեությունը, մտահոգվի այն մասին, որ իրազեկ ու պրոֆեսիոնալ մարդիկ ղեկավարեն ընտրության գործընթացները, Հայաստան հրավիրեն տաղանդավոր և շնորհալի մարդկանց` նրանց միջոցով հայրենականչը դարձնելով իրական և շահավետ: Տարեցտարի համոզվում ենք, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ստեղծվել է Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, Սփյուռքի շնորհալի արվեստագետներին ու գեղարվեստական հանրույթներին Հայաստանում ճանաչելի դարձնելու, նրանց համար որոշակի ճանապարհներ հարթելու նպատակով: Հիմնադրա մի կազմակերպած փառատոների ժամանակ, սակայն երբեմն հանդես են գալիս կասկածելի որակների ու ստեղծագործական «նկարագրերի» հանրույթներ և մենակատար ներ, որոնց ընտրության առնչությամբ արդեն իսկ ծնունդ են առնում լուրջ մտորումներ և կասկածներ: Մասնավորաբար 2010-ին Հայաստանում հանդես եկած այսպես կոչված ասմունքողների մի մասը ծիծաղ ու հիասթափություն առաջ բերելուց զատ` այլ «առանձնահատկություններով» աչքի չընկավ: Մենք ուշադրություն չէինք դարձնի այս խնդրին, եթե չունենայինք որոշակի կասկածներ: Ասենք միայն, որ դրանք ծնունդ առան հատկապես այն բանից հետո, երբ տեղեկացանք, որ փառատոնի անունից հանդես եկող հանձնախումբը մերժել է մի շատ տաղանդավոր մարդու` նրան չընդգրկելով փառատոնային ազդագրի մեջ: Խոսքը վերաբերում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի երիտասարդ դերասան Հենրի Պողոսյանին: Այս իսկապես տաղանդավոր երիտասարդը Սայաթ-Նովայի երգերի հրաշալի կատարող է, ստեղծել է գրական-երաժշտական կոմպոզիցիա` կազմված մեծ սիրերգակի ստեղծագործություններից և հանդես եկել Թբիլիսիում` արժանանալով հայ և վրաց արվեստագետների ամենաբարձր գնահատականներին: Մենք նույնպես առիթ ենք ունեցել` ունկնդրել նրան և հիանալ կատարումների պարզությամբ ու անմիջականությամբ, բանաստեղծական տեքստերի մեջ թափանցելու և դրանց մատուցման նոր ձևերով: Շատերս էինք սպասում, որ Հենրին հանդես կգար նաև երևանյան ունկնդրի առջև` գուցեև այդ ելույթով առիթ ստեղծելով` իրեն Հայաստան հրավիրելու համար: Մանավանդ որ նրա կատարման յուրատիպությունն այսօր չունի ոչ մի հայ երիտասարդ երգիչ: Սակայն տեղեկանալով, որ «խստապահանջ» հանձնախումբը «չի հավանել» Հենրիին, մենք զանգահարեցինք հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանին, ով հայտնեց, թե ինքը չի զբաղվում ընտրության հարցով, պետք է դիմել գլխավոր պրոդյուսեր Ա. Մանուկյանին: Դիմեցինք: Վերջինս շատ լավ էր հիշում Հենրիին, սակայն սկսեց կցկտուր մեկնաբանություններ տալ, որակումներ հորինել, որոնք, իհարկե, ավելի էին մեծացնում մեր կասկածները, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն էլ ոմանց համար յուրատեսակ բիզնեսի միջոց է դարձել: Ոմանք «ընտրում» են ոչ թե տաղանդավորներին և շնորհալիներին, այլ` պարզապես ունևոր ծնողների զավակներին, միջակություններին… Ա. Մանուկյանն ի վերջո առաջարկեց Հենրի Պողոսյանին Հայաստան գալ սեփական միջոցներով և սպասել «բաց պատուհանի». եթե ինչ-որ ծրագրի փոփոխություն լինի, ապա նրան հնարավո րություն կտան հանդես գալ փառատոնի շրջանակներում: Եթե նա արժանի չէր ընդգրկվելու փառատոնային հայտագրում, ապա ի՞նչ մեծահոգություն էր հանդես բերում փառատոնի գլխավոր պատասխանատուն… Անկեղծ ասած, լսել էինք սփյուռքյան մեր բարեկամներից, որ ընտրության հարցում շատ հաճախ հայաստանյան պատասխանատուներն առաջնորդվում են նեղ շահերով, անհասկանալի չափանիշներով` այսպես նաև վարկաբեկելով Սփյուռքի մշակույթի ճշմարիտ նկարագիրը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը միայն սիրողական որակների ներկայացում չէ, այլև առհասարակ Սփյուռքում առկա և կուտակված գեղարվեստական իրողությունների և հայրենիքի մերձեցման հնարավորություն: Իսկ դրա համար ժամանակն է, որպեսզի փառատոների ծրագրերով զբաղվեն իրապես իրազեկ, անշահախնդիր մարդիկ, հոգ տանեն, որ Հայաստան գան գաղթավայրերում ապրող ու ստեղծագործող տաղանդավոր մարդիկ: Իսկ վերջիններս, չթաքցնելով իրենց հիասթափությունը, ասում են, որ չեն կամենում ընդգրկվել այնպիսի ծրագրերում, որոնց նպատակը Սփյուռքի ոչ թե մշակութային ձեռքբերումների, այլ խղճուկ վիճակի պատկերումն է: Երբ մոտ երկու տարի առաջ զրուցում էինք Ստամբուլի օպերային թատրոնի առաջատար երգիչ Սևան Սենջանի հետ, ում այսօր հրավիրում են աշխարհի շատ նշանավոր օպերային թատրոններից, և հարցրինք, թե ինչու՞ չի մասնակցում «Մեկ ազգ, մեկ մշակույթի» ծրագրերին, նա ասաց. - Իսկ ո՞վ է հիշում իմ և Ստամբուլի օպերային թատրոնում աշխատող մյուս հայազգի երգիչների մասին… Մենք զատված ենք հայրենիքից, որովհետև այդ հիմնադրամը մեր մասին հավանաբար տեղեկություն էլ չունի:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ