ՄԵԶ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ


Կարծես թե օրինաչափ է դարձել` հեռավոր ամերիկաներից ու եվրոպաներից հնչած ցանկացած հայտարարություն ու գնահատական հիմնավորապես ալեկոծում է ողջ քաղաքական դաշտը: Եվ այստեղ հետաքրքիրն ու ուշագրավը ոչ թե նման անիմաստ վերլուծություններն են, այլ ավելի շատ դրանց հանդեպ հայրենի քաղգործիչների ընդգծված և նույնիսկ աճող զգացմունքայնությունը: Ստացվում է այնպես, որ նշված հրապարակումներից հետո են միայն մերոնք հիշում, ասենք, ժողովրդավարություն կայացնելու մասին ու նոր թափով լծվում դեմոկրատիայի շինարարության և կամ դրա ընթացքը հունից շեղված հռչակելու գործին: Առաջին հայացքից այստեղ ահագին դրական միտումներ կարելի է տեսնել, բայց ախր որքան թանկ, նույնքան էլ ափսոս են մեր սիրելի քաղգործիչների նյարդերը: Նրանք դեռ նոր-նոր պետք է քարոզարշավում ներգրավվեն, իսկ դրանից առաջ նրանց միայն ու միայն ձմեռային լիցքաթափող հանգիստը կարող է համապատասխան քաղաքական մարզավիճակի բերել: Քաղգործիչներն, իհարկե, կփորձեն առարկել մեր պնդմանը` ձգտելով համոզել, թե հանուն ժողովրդավարության առանց զլանալու պատրաստ են իրենց բոլոր եղանակների հանգիստը զոհաբերել: Բայց մենք հո լավ ենք տեսնում աստիճանաբար աշխուժացող այն դեմքերին, որոնց մոռացվող ներկայությունը (եթե չասենք չգոյությունը) վարժվել ենք միայն քարոզարշավային զարթոնքներին վայելել: Ինչ խոսք, մյուս կողմից էլ դժվար է այս մարդկանց քաղաքական գործիչներ համարելը և նրանց քաղաքական դաշտում տեսնելը, բայց ինչ արած... Սպեկտրի գոնե կեսը նմաններն են ներկայացնում, և հենց սա էլ խանգարում է բացարձակապես արհամարհել նրանց: Թե չէ մենք էլ լավ գիտենք, որ սրանք ամեն ինչ են, բացի քաղգործիչ լինելուց: Ինչևէ: Եվ այսպես, հին սովորույթի ուժով սրանք նորից սկսել են ասել-խոսել, իսկ ավելի ճիշտ աղմուկ-աղաղակ բարձրացնել` հիմա էլ բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի մի հրապարակման շուրջ: Իսկ ի՞նչ է պատահել իրականում: Թերևս ոչինչ: Ամսագիրն իր վերջին համարներից մեկում հրապարակել է աշխարհի 167 երկրներում ժողովրդավարության զարգացման մակարդակի ուսումնասիրության արդյունք ները: Եվ ի՞նչ. մեր երկրի դիրքերը բավական հուսադրող են` 110-րդն ենք: Եվ եթե հաշվի առնենք, որ մեր հարևաններ Վրաստանին ու Թուրքիային և մինչև անգամ Ռուսաստանին այստեղ նույնպես հարևան ենք, նույնիսկ լավատես կարող ենք լինել: Ավելին, չանտեսենք նաև, որ զանազան և բազմապիսի ուսումնասիրությունները համաշխարհային ժամանակակից չափանիշներին համապատասխան են կազմակերպվում, և տվյալ դեպքում մեզ համեմատում են ընդհանրապես մոլորակի գերզարգացած, վաղուց ժողովրդավարական ու առաջադեմ երկրների հետ: Ահա և հակասության իրական պատճառը: Այսինքն` այստեղ առավելապես համեմատություններն են հակասական լինելու չափ անհաջող, ինչն էլ հենց քաղգործիչների բարձրացրած նոր հարայ-հրոցի «հարմար» առիթ է դարձել: Ասել է թե` դրսում հաշվարկներն ու մոտեցումները, ինչու չէ, նաև նպատակներն ու չափանիշներն այլ են, իսկ մերոնք հենց դրանից էլ օգտվում են: