ՄԻԱՎՈՐՎԵԼԸ ՃԻՇՏ Է, ԵԹԵ...


Սերգո Կարապետյանի դեռևս գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին արված հայտարարությունը` կոլեկտիվ տնտեսությունները վերականգնելու մասին, կարծեք թե անարձագանք մնաց: Նրա ասածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա: Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որում հայտնվել են հողագործներն ու անասնապահները, լրիվ փակուղային համարելը դեռևս փոքր¬ինչ չափազանցված կլինի, բայց այսպես շարունակվելու դեպքում հեռանկարների մասին խոսելն իսկ անիմաստ կդառնա: Երկու ոլորտներն էլ զարգացման շատ ավելի մեծ հեռանկարներ ունեն, և փնտրտուքն ընդամենն այդ հեռանկարները տեսնելու և կիրառելու սահմաններում է: Նախարարի առաջարկից ամիսներ են անցել, սակայն կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու կամ նախկինները վերականգնելու նախաձեռնությունն ակնհայտորեն ցնծությամբ չի ընդունվել: Իսկ տասնյակ հազարավոր հողագործ-անասնապահների լռությունը բավական պարզ հիմնավորում ունի. առաջարկն, ինչ խոսք, հրապուրիչ է, սակայն հեռանկարն է լրիվ անհայտ: Այսինքն, ժամանակին նույն կոլխոզների առավելությունները վայելած գյուղացին բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ հիմա, երբ գյուղնախարարի գայթակղիչ առաջարկն իր ու իր նմանների կողմից հավանության արժանանա: Իսկ մարդկանց մտավախությունը ոչ թե սոսկ պարզ կասկածամտության կամ թերահավատության, այլ վերջին տարիների իրենց կենցաղում բազմիցս խաբված լինելու արդյունք է... Ո՞ւմ հայտնի չէ, որ հողագործն իր արտադրանքն աճեցնելու հարցում (չհաշված հողը մշակելու համար պահանջվող վարձերի հայթայթումը) ազատ է եղել` մինչև այն պահը, երբ բերքը վաճառելու ժամանակն է եկել: Իսկ երևանյան շուկաներում տիրող հոռի բարքերի ու մրգաբանջարեղենային մաֆիայի մասին նորից վերհիշելու կարիքը բնականաբար չկա: Նույնը կարելի է, օրինակ, կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների մասին ասել: Պարզից էլ պարզ է, որ հենց սրանց պատճառով են հողագործությունն ու անասնապահությունը դարձել անեկամտաբեր: Այլապես, եթե սպառողի վճարած ամբողջ գումարը կամ գոնե 80-90 տոկոսը իրական հասցեատիրոջը հասներ, գյուղատնտեսությունը վաղուց կարգին եկամուտներ կապահովեր, և օդում կախված չէր մնա խնդիրը, թե արժե՞ արդյոք հող մշակել ու անասուն պահել... Նման իրավիճակում միավորվելու համար հարցերի հարցը երաշխիքների պակասն է. ավելի ճիշտ` բացակայությունը: Այսինքն, կոլեկտիվ տնտեսություն միգուցե մեկ օրում էլ հնարավոր լինի կազմավորել, եթե իհարկե դրանում ընդգրկվողները վստահ լինեն, որ իրենց հոգսերը փոքր¬ինչ կթեթևանան, իսկ եկամուտները կաճեն: Մինչդեռ մարդկանց համար անհայտ է, թե արդյո՞ք այս ամենի նպատակն իրենց ունեցած¬չունեցածը հերթական օլիգարխի սեփականությունը դարձնելը չէ ու դրանով իսկ նվազագույն եկամուտներն է´լ ավելի նվազեցնելը: Գյուղական կոոպերատիվները նախ և առաջ ներդրումներ են ենթադրում, սակայն, ինչպես երևում է, Սերգո Կարապետյանն այդպիսի ծրագիր, իսկ գործընկեր գյուղաբնակները նման հնարավորություններ չունեն: Ֆինանսների բացակայությունը հուշում է, որ կոլեկտիվ տնտեսությունները վերականգնելու գաղափարն այնքան ժամանակ թղթի վրա կմնա, քանի դեռ ներդրումների պատրաստ շահագրգիռ կողմ չի հայտնաբերվել: