ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԵՆ


Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո գերատեսչությունում իսկապես խուճապային վիճակ է տիրում: Ինչպես տեղեկացրեցին իրազեկ աղբյուրները, արդեն երկու օր է ՃՈ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ փակվում են իրենց աշխատասենյակներում և «խորհրդավոր ընթրիքներ» կազմակերպում: Միաժամանակ ջանադրաբար ինչ-որ փաստաթղթեր են տարվում ու բերվում... Մեր աղբյուրը հաղորդեց, որ ձերբակալությունների շարքը կընդլայնվի, և չի բացառվում, որ առաջիկա օրերին քննչական խումբը որոշումներ կկայացնի ևս 3-4 գնդապետի և փոխգնդապետի ձերբակալության մասին: Ստացվում է, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իսկապես վճռականորեն է տրամադրված և մտադրություն ունի կոռուպցիայի դեմ պայքարել հիմնականում կամ գուցե միայն ՃՈ համակարգում: