Երկխոսությունից` «ինքնատիպ» հարձակման


ՄԻԱՅՆ այսպես կարելի է բնութագրել ընդդիմության զգալի հատվածի` Հայ ազգային կոնգրեսի վարքագիծը: Համաձայնելով երկխոսության գաղափարին և առաջարկվող ձևաչափին, հենց ինքը լինելով իշխանության հետ երկխոսություն վարելու նախաձեռնողներից, հանկարծ հակականները հրաժարվեցին երկխոսությունից և անցան «ինքնատիպ» հարձակման` իրենց նման պահվածքը բացատրելով իշխանությունների իբր անընդունելի կեցվածքով: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հետագայում կշարունակվի երկխոսությունը, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է. - Այդ հարցին պետք է պատասխան տան իշխանությունները: Եվ կարծես տալիս են: Նախ` երեք ու կես տարվա մեջ Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ իրականացված 35 հարձակման համեմատությամբ օգոստոսի 9-ի միջադեպը ամենադաժանն էր, ամենալկտի կերպով խախտվել են մարդկանց իրավունքները: Ոստիկանությունում ծեծի են ենթարկվել փաստաբանները, ապօրինաբար մեկ ժամ նրանց զրկել են ազատությունից, չեն ներգրավել գործի մեջ, իսկ ակտիվիստների ձերբակալությունները կատարվել են ապօրինի` առանց փաստաբանների մասնակցության: Երկրորդ` առաջին անգամ մեզ չհաջողվեց անցկացնել Կոնգրեսի երիտասարդների հավաքը, որն ավանդաբար անցկացնում ենք նշելու համար Կոնգրեսի ծննդյան օրը, քանի որ իշխանությունները պարտադրել էին տարբեր հանգստյան տների ղեկավարներին` ետ վերադարձնել գումարն ու չեղյալ հայտարարել պայմանավորվածությունները: Օգոստոսի 2-ի հանրահավաքի օրը նորից խոչընդոտվում էր տրանսպորտի աշխատանքը: Այս ամենը նկատի ունենալով, կարող եմ գնահատել, որ իշխանությունները մտահոգված են երկխոսության արդյունքներով ու փորձում են տորպեդահարել այն: Արտաքուստ կարելի է հիմնավոր համարել այս բացատրությունը, որը կարող է արդարացնել ցանկացած քաղաքական ուժի պահվածք և որոշում: Սակայն հազիվ թե այս բացատրությունները անքննադատելի դիտարկվեն, քանզի ամեն ինչ իր ենթահիմքն ու ենթաշերտն ունի: Տպավորությունն այնպիսին է, թե իշխանություններն ամեն ինչ արել են` վիժեցնելու համար երկխոսությունը, որը, ըստ ՀԱԿ-ի համակարգողի, արդեն հաղթանակներ էր գրանցում նրանց համար: Սակայն որո՞նք էին այն հաղթանակները, որոնք սկսել էին նշմարվել երկխոսության ընթացքում և ինչն այնքան անցանկալի էր իշխանությունների համար: Երկխոսող կողմերն, իհարկե, սկզբից ևեթ պահպանում էին գաղտնիություն, ամեն ինչ չէ, որ ներկայացնում էին հանրությանը: Այս պահվածքը հուշում էր, որ ընդդիմադիրները իշխանության ներկայացուցիչների հետ շատ ավելի քննարկում էին «մարտավարական» հարցեր` գլխավոր դարձնելով առաջիկա ընտրություններում խորհրդարանում տեղեր ունենալու հարցը: Եվ տեսնելով, որ ըղձալին չի նյութականանում, իսկ իշխանությունը ներկայացնող անձինք չունեն այնպիսի լիազորություններ, որպեսզի խոստանային որոշակի թվով տեղեր` ընդդիմությունն անմիջապես անցավ հարձակման` հրապարակ հանելով մի քանի տասնյակ էջից բաղկացած իր պահանջների «փաթեթը», որը, ինչպես տեսանք, հիմնականում նախատեսված էր «հանրային սպառման» համար: «Հանրային սպառման» համար է նաև վերոհիշյալ հայտարարությունը, որն արել է ՀԱԿ-ի համակարգողը` այսպես բոլորի ուշադրությունը շեղելով երկխոսության տապալման բուն դրդապատճառից: Այսօր իշխանությունն արտաքնապես դարձել է խոցելի, տեղի է ունեցել մի դեպք, որի գլխավոր մեղավորը իշխանությունն է դիտարկվում` առիթ տալով շահարկումների: 1988-ին, երբ սկսվեց համազգային շարժումը, մենք բազմաթիվ սադրանքների ականատես եղանք, իմացանք զանգվածային թունավորումների, «նախապատրաստվող հարձակումների» ու էլի նմանատիպ բաների մասին, որոնք այն տարիների ընդդիմությունն անմիջապես հրապարակում էր` մեղադրելով կոմունիստական իշխանություններին: Սադրանքների «հրամանատարները» չեն փոխվել, հետևաբար կարելի է մտածել, որ ձեռագիրը կրկնվում է, և երիտասարդ ընդդիմադիրների ու ոստիկանության բախումը մտնում է ճիշտ նույն այն սցենարի մեջ, որը խաղարկվում էր 23 տարի առաջ: Ոգևորված զանգվածն այն տարիներին անմիջապես փողոց էր ելնում, լցնում Ազատության հրապարակն ու պահանջում իշխանությունների հրաժարականը: Այդ սցենարը յուրովի կրկնվեց 1996 թվականին, երբ գրեթե նույն զանգվածը գրոհեց Ազգային ժողովն ու ծեծի ենթարկեց մի քանի իշխանավորների, ովքեր 88-ի սադրանքների կազմակերպիչներն էին… Ստեղծված կացության մեջ ոստիկաններն անպայմանորեն մեղքի իրենց բաժինն ունեն, որովհետև հենց նրանք են առիթ տվել ընդդիմադիրներին` այսօր խոսելու փաստաբանների իրավունքների ոտնահարման, նույն այդ փաստաբանների հանդեպ կիրառված վայրագությունների մասին: Հայ ազգային կոնգրեսն այսօր վարպետորեն շահարկում է ոստիկանների ոտնձգությունները` դրանք պատճառ դարձնելով երկխոսության ձախավերության: Հենց այստեղ է, որ նույն այդ ընդդիմությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ երկխոսությունն իր համար խաղ էր, քաղաքական շոու, որը չէր կարող երկարատև լինել և ունենալ շարունակություն: Դեռևս օգոստոսի 2-ի հանրահավաքում հնչած որոշ մտքեր և հայտարարություններ հուշում էին, որ ընդդիմությունը հայտնվել է բավական բարդ իրավիճակում` աստիճանաբար տեսանելի դարձնելով իր իրական մղումները: Ուրեմն, պետք էր շրջադարձ արձանագրել, պետք էր մոլորեցնել հանրությանը` սեփական ծրագրերը չմատնելու համար… Հայ ազգային կոնգրեսի կեցվածքն ու հայտարարություններն արդեն առիթ են տալիս ենթադրելու, որ եկել է ժամանակը` նոր ընդդիմության երևակման: Ասպարեզում, իհարկե, դեռ չեն երևում այն հզոր ուժերը, ովքեր կարող են ստեղծել հզոր ընդդիմություն և նախընտրական շրջանը դարձնել անչափ հետաքրքիր: Նշմարվող ուժերը տակավին կայացած չեն, «Նոր ժողովրդավարները», իր շնչառությունն «ի մի բերող» Գուրգեն Արսենյանի կուսակցությունը, Տիգրան Կարապետյանի վաղուց փլուզված Ժողովրդական կուսակցությունը չեն կարող ստանձնել իրենց կողմից հայտարարվող կառուցողական ընդդիմության դերը: Նշանակում է, մի կարճ շրջան քաղաքական դաշտի մի թևում վակուում կառաջանա: Իսկ սա էլ ուզում է Հայ ազգային կոնգրեսը, որպեսզի տարփողի իր անփոխարինելիության մասին: Սակայն ցանկացած քաղաքական գործընթաց ապացուցել է, որ հատկապես ընդդիմադիրների պարագայում ոչ ոք չի հավատում անփոխարինելիության «ֆենոմենին», քանզի հնարավորությունները սպառված չեն նոր ընդդիմության ձևավորման համար: Ավելին, ստեղծված կացությունը չափազանց նպաստավոր է դառնում «Ժառանգության» և Դաշնակցության համար, որոնց միավորումից էլ կարող է ծնվել մի նոր ընդդիմադիր դաշինք, որն էլ դեպի իրեն կբերի ընտրազանգվածին: Բնավ պատահական չէր, որ հայտնի «ՎիկիԼիկս»-ի վերջերս արած բացահայտում ների մեջ տեղ էր գտնում Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Փերինայի` ժամանակին սեփական իշխանություններին հղած այն տեղեկատվությունը, թե «Ժառանգությունը» կայացած և հզոր ուժ էր 2007-ի ընտրությունների ժամանակ: Սա յուրատեսակ մեսիջ է այս կուսակցությանը, հուշում է ստեղծված իրավիճակում ստանձնելու քաղաքական լիդերությունը: Ուրեմն, իսկապես Հայաստանում նոր ու հետաքրքիր քաղաքական գործընթացներ են սպասվում, որոնք իրենցով կպայմանավորեն առաջիկա ընտրությունների ռազմավարությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ