Թափանցիկ աշխատաոճը` սկզբունք


Անժխտելի է, որ Պաշտպանության նախարարությունը վաղուց ի վեր թափանցիկ աշխատաոճն է որդեգրել որպես գործունեության հիմնական սկզբունք: Պաշտպանական կառույցի նկատմամբ հանրության հետաքրքրությունն օրինաչափ է ու արդարացված: Իսկ բանակ-հասարակություն կապի սերտացման անչափ կարևոր գործում լուրջ առաքելություն է վերապահված լրատվամիջոցներին: Դրանց մի մասը, դժբախտաբար, համակարգում տեղ գտած թերությունների շտկմանն ուղղված առողջ, սրտացավ քննադատության փոխարեն տուրք Է տալիս չարախոսությանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և լրատվամիջոցների ներկայացուցիչներն արդեն ավանդույթ դարձած այցով այս անգամ Տավուշի մարզում էին: Հատկանշական է, որ հրավիրվել էին անգամ այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ավելի հաճախակի են դառնում չստուգված փաստեր, չափազանցություններ պարունակող հրապարակումների տարածողներ: Այս պարագայում ավելորդ է, ավելին` ողջամտության սահմաններից դուրս է թափանցիկությունը կասկածի ենթարկելը: ՀՀ 26 սահմանամերձ բնակավայրերից 20-ը տեղակայված են Տավուշի մարզում: Եվ բնակչության խաղաղությունն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են: Մարտական հերթապահություն իրականացնող այս զորամասը պատվով պաշտպանում է մեր երկրի հյուսիսարևելյան սահմանի մի ստվար հատված: Կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծված գունդը բազմիցս ճանաչվել է լավագույնը 3- րդ բանակային կորպուսում, իսկ 2005-ին` Զինված ուժերում: Հերոսական պատմություն ունեցող զորամասի անձնակազմի համար Նախարարի խոսքերը հնչեցին որպես պատգամ և յուրօրինակ դաս. - Ամենակարևոր առանձնահատկությունը, որ մեր բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից եղել է և այսօր էլ պետք է փայփայենք ու փոխանցենք` հրամանատարների և զինվորների միջանձնային հարաբերություններն են, հրամանատարների անձնական օրինակը: Դրանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք բարձր մարտական ոգի, բարոյահոգեբանական մակարդակ ապահովել ստորաբաժանումներում: Այդ ամենն անհնարին էր ունենալ առանց մարդկային հարաբերությունների` հրամանատարների և ենթակայի միջև, առանց փոխադարձ հարգանքի, սիրո, որը, դժբախտաբար, երբեմն խախտվում է: Մենք կարողացել ենք հասնել հաջողությունների` համարձակ կեցվածքի շնորհիվ, համարձակ հրամանատարների և զինծառայողների անձնազոհության շնորհիվ: Այդ համարձակությունը յուրաքանչյուր անհատի մոտ պետք է զարգացնել: Մարտի դաշտում չի լինում հաղթանակ առանց համարձակ զինվորի: Եթե նսեմացնում ենք մեր ենթականերին, ապա նրանց մեջ ջարդում ենք այդ համարձակ կեցվածքը: Հմուտ հրամանատարը մտածում է, որ երբեք չպետք է նսեմացնի իր ենթակային, այլ հարգի նրա համարձակ կեցվածքը: Հրամանատարը մշտապես պետք է իր վրա աշխատի և միևնույն ժամանակ դաստիարակի համարձակ ենթականեր: Մյուս կողմից էլ, երբ զինվորը չի կատարում հրամանատարի հրամանը, ինչ-որ տեղ կոտրում է նրա համարձակ կեցվածքը: Մինչդեռ նա պետք է վստահ լինի, որ իր տված հրամանները միանշանակ, ճիշտ ժամանակին, անվերապահորեն կատարվում են: Մենք պատերազմի դաշտում հասել ենք հաջողությունների և այսօր էլ, եթե անհրաժեշտություն լինի, հասնելու ենք` համարձակ հրամանատարների ղեկավարության, փոխադարձ վստահության շնորհիվ: Լրագրողներին հնարավորություն ընձեռվեց շրջել զորամասի տարածքում, ծանոթանալ զինվորների կենցաղային պայմաններին, լինել մարտական պատրաստության ուսումնական պարապմունքների անցկացման վայրում, մեկնել մարտական հենակետ: - Այն աշխատանքները, որ այսօր իրականացնում ենք ԶԼՄ-ների հետ, մեր պաշտպանական բարեփոխումների հիմնական ուղղություններից են: Ասել է թե` մենք պետք է հասարակական իրազեկման հայեցակարգի պահանջներին համաձայն` ներկայացնենք մեր հանրությանն այն, ինչ այսօր կատարվում է Զինված ուժերում: 2011-ին մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով` «ԶՈՒ պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց»: Արդեն շուրջ 3 տարի է` բարեփոխումներ են անցկացվում: Բացի այդ, տարին հայտարարված է մարտական վարպետության մակարդակի բարձրացման տարի: Ասել է թե` լուրջ ուշադրություն ենք դարձնում թե´ անհատ զինծառայողների և թե´ ստորաբաժանումների դաշտային վարժվածությանը: Դրա հիմքում ընկած է մարտական խնդիրների կատարման ունակության բարձրացումը: Գտնվելով այս դիրքում` տեսնում ենք, որ առաջին հերթին լուրջ ուշադրություն է դարձվում մեր սահմանների ինժեներական սարքավորումների կատարելագործմանը: Ուսուցման գործընթացի մի զգալի մասը` շուրջ 30 տոկոսը` թե´ անհատական պատրաստությունը, թե´ զորավարժությունները, թե´ հրամանատարաշտաբային տարբեր զորախաղերը մենք անցկացնում ենք առաջին գծում. այն հատվածում, որտեղ պաշտպանության խնդիր ունենք… Մեզ համար ամենակարևոր ուղղություններից մեկը կարգապահության ամրապնդումն է: Յուրաքանչյուր հրամանատար պետք է տիրապետի այն մեթոդներին, սկզբունքներին, որոնք անհրաժեշտ է ուղղել դաստիարակչական աշխատանքները բարձր մակարդակի վրա դնելու համար: Իհարկե, մենք զերծ չենք մնում նաև պատահարներից, տարբեր տեսակի հանցագործություններից: Այս պարագայում ամենակարևոր խնդիրը դրդապատճառները և հանցագործնե րին բացահայտելն է, պատասխանատվության ենթարկելը: Յուրաքանչյուր դժբախտ դեպք ԶՈՒ ղեկավարության համար մտահոգիչ է. մեզ համար անընդու նելի է, որ ունենում ենք պատահարներ, կորուստներ: Յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է թե´ զոհվածների հարազատների, թե´ բանակի ղեկավարութ յան համար: Ոչ մի հանցանք, ոչ մի պատահար անհետևանք չի մնում: Վերջին դեպքերի շրջանակներում մեր իրավապահ մարմինների, Ռազմական ոստիկանության Քննչական ծառայության աշխատակիցների, նաև բանակի հրամանատարության ջանքերն ուղղվում են, որպեսզի բացահայտեն հանցագործնե րին,- ասում է նախարարը: Թերություններ կարող են տեղ գտնել յուրաքանչյուր բնագավառում: Իսկ երբ հարցն առնչվում է պաշտպանության ոլորտին, անհրաժեշտ է հնարավորինս անաչառ լինել, ու տեղ գտած թերութուններն արձանագրել մտահոգությամբ, սրտացավությամբ` զերծ մնալով տարաբնույթ ապատեղեկատվությունից: Հատկապես, երբ ոլորտի պատասխանատուներն առաջինն են բարձրաձայնում տեղ գտած թերությունների մասին և օպերատիվ քայլեր ձեռնարկում դրանց շտկման ուղղությամբ: