ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ


 

Լիբանանահայ ականավոր քաղաքական և հանրային, տնտեսական գործիչ Հակոբ ԳԱՍԱՐՃԵԱՆԸ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

 

«Լիբանանը դեռ սիրտն է Սփյուռքի, իսկ սիրտը կբաբախե»

- Ուրախությամբ շնորհավորելով Ձեզ պետական պարգևի առթիվ և փոխանցելով շատ-շատերի քաջալերանքի խոսքերը, ուզում ենք հարցնել. ի՞նչ զգացում ունեցաք, երբ տեղեկացաք, որ հայրենի կառավարությունն ըստ արժանվույն է գնահատել Ձեր գործունեությունը:

- Ես շոյված եմ այս պարգևով, մեծ ուրախություն եմ ապրում: Հպարտության զգացում ունեմ, որ իսկապես իմ երկարամյա գործունեությունն ինչպես քաղաքական ու հանրային, այնպես էլ տնտեսական դաշտերում նման գնահատության է արժանանում: Պարգևի փաստն ինքնին վկայությունն է, որ վերջապես ձևավորվել է այն ըղձալի կամուրջը Հայաստանի և Սփյուռքի միջև, ինչի մասին տարիներ շարունակ փափագում էինք ու երազում: Տասնամյակներ շարունակ մենք Սփյուռքի մեջ ծավալել ենք ազգային ու քաղաքական գործունեություն` նպատակ ունենալով բոլոր ձեռնարկներով կենդանի պահել Ոգին, հայի էությունը, ապահովել մեր ներկայությունը աշխարհի տարբեր երկրներում ծավալվող ընկերային, մշակութային իրողությունների մեջ: Շատ հաճախ գործել ենք մեր խղճի մտոք և սրտի թելադրանքով` ոչ միշտ զգալով Հայրենիքի շնչառությունը մեր թիկունքին: Պատճառները տարբեր էին, իսկ գլխավոր պատճառը այն համակարգն էր, որի մի մասնիկն էր դարձել նաև Խորհրդային Հայաստանը: Հայաստանի հետ մշտառկա կապն այլևս անշրջելի է, այն հզոր ներկայություն է, որի միջոցով էլ առավել նպատակամետ պիտի համարվեն մեր հետագա քայլերը: Մեկ անգամ ևս ասեմ, որ պարգևն ինձ ուրախություն է պատճառում, որովհետև իմ քառասունից ավելի տարիների գործունեության արժևորումն է` Հայրենիքի կողմից:

- Գիտեմ, որ հատկապես այս տարիներին սերտացան Ձեր կապերը Հայաստանի հետ:

- Անշուշտ: Հայաստանի խնդիրները, Հայաստանի հետ գործուն առնչությունների ձևավորումը կարևորագույն խնդիր էր բոլորիս համար: Աշխատել եմ ՀՀ բոլոր նախագահների հետ և բոլորի հետ էլ քննարկել եմ այն առաջնային հարցերը, որոնք անհրաժեշտ են նորանկախ պետությանը, որն ունի հզոր Սփյուռք, ունի Սփյուռքի ներուժը: Իսկ այդ ներուժի շնորհիվ պիտի կարողանանք ունենալ իրապես հզոր Հայաստան: Մանավանդ, որ այստեղ արդեն առաջընթացի բոլոր նախադրյալները կան, մասնավորաբար կայացած է բանկային համակարգը, ապահովություն կա: Ջանքերի գործադրմամբ հնարավոր եղավ մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչել:

- Այսօր, իհարկե, Լիբանանի հայ համայնքը, որքան ես նկատեցի իմ վերջին այցելության ընթացքին, չունի այն ազդեցությունները, որոնք գոյություն ունեին մինչև 1975 թվականը:

- Պատերազմը, որը տևեց ավելի քան քսան տարի, ճակատագրական եղավ նաև լիբանանահայության համար: 250 հազարանոց համայնքը կազմաքանդման տխուր նշաններն իր վրա զգաց. ոմանք հեռացան Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Կալիֆոռնիայի հայության մեջ զգալի թիվ են կազմում լիբանանահայերը: Բարեբախտաբար, Լիբանանի քաղաքական կարգն այնպիսին է, որ ամեն ինչ հենվում է համայնքային կառավարման սկզբունքի վրա, իսկ սա նշանակում է, որ, չնայած թվակազմի սակավությանը, հայության ազդեցիկությունը տակավին պահպանվել է: Դարձյալ վեց երեսփոխան ունենք, Բուրչ Համուտի քաղաքապետը հայ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ տկարացել ենք: Հիմնավոր գործունեության կարիքն ունենք կուսակցական և քաղաքական, մշակութային ծիրերի մեջ, գործարարության աշխարհի մեջ: Ինչպես ամենուրեք` Լիբանանում ևս գոյաներկա է երիտասարդության զբաղվածության հիմնահարցը: Եթե Հայաստանը շուտ զորանա տնտեսապես, ապա պիտի հուսանք, որ լիբանանահայ երիտասարդություն այստեղ պիտի գա` արդեն Հայաստանում ձևավորելով իր ապագան: Սակայն, անկախ ամեն ինչից, Լիբանանը դեռ Սփյուռքի սիրտն է, իսկ այդ սիրտը կբաբախե:

- Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր զրույցի համար և մաղթել ամենալավն ու բարին:

- Շնորհակալություն: Մասնավորաբար կամենում եմ առանձնացնել այն հանգամանքը, որ հայրենի իշխանությունը ջանքեր է գործադրում արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ասպարեզում: Իսկ լեզվական տարանջատվածությունը բերում է նաև հայության տարբեր հատվածների զատվածություն: Մենք այլևս իրարից զատված ապրելու իրավունքը չունենք:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ