Անդրկովկասը` չմարող հակամարտությունների գոտի


Աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոնում երկու հսկաների` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև առկա պայքարն է: Այն, ըստ էության, միաբևեռ և բազմաբևեռ աշխարհների գոյության պայքար է: Դրա բացահայտ դրսևորումն էր, երբ ՆԱՏՕ-ի օդուժը, առանց ՄԱԿ-ի համաձայնության, ռմբակոծեց Բելգրադը: Դրանից մի քանի տարի անց, ԱՄՆ-ը պետք է հայտարարեր Կոսովոյի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու իր պատրաստակամության մասին: Կոսովոյի անկախությունն այսօր ճանաչել են արդեն 30 երկրներ: Իսկ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ բալկանյան այդ երկրամասի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է: Սակայն, տեսնելով, որ սերբական հարցում Արևմուտքը հաշվի չի նստում իր կարծիքի հետ, Ռուսաստանը հայտարարեց, թե կարող է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Նկատենք` պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի ազդեցությունը թոթափելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նկրտումները վաղուց արդեն չի թաքցնում: Մեկ անգամ չէ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ իր հարաբերությունների սրման հարցում Վրաստանը մեղադրել է ռուսական կողմին: Կարծես Աբխազիայի հետ ունեցած վեճը հարթելու նպատակով, Սահակաշվիլին վերջերս Աբխազիային առաջարկեց անսահմանափակ ինքնավարություն, Վրաստանի փոխնախագահի պաշտոնը, ազգաին, մշակութային, լեզվին առնչվող որոշումների վրա վետո կիրառելու իրավունք: Սակայն, Աբխազիայի կարծիքով, Սահակաշվիլիի այս առաջարկը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Վրաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելու նպատակ է հետապնդում: Եվ Սուխումիում հիշեցին 90-ական թվականները, երբ ի պատասխան դաշնային հարաբերություններ հաստատելու առաջարկին, Վրաստանի տանկերը շարժվեցին դեպի Աբխազիա: Այսօր էլ Աբխազիայի մերժումն անարձագանք չմնաց. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն շտապեց նկատել, թե Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարներն իրենց ժողովուրդների ցանկությունը արտահայտելու փոխարեն, կրկնում են այն, ինչ ասում է հարևան երկիրը: Բուրջանաձեն, հարևան երկիր ասելով, նկատի ունի Ռուսաստանը: Իրենց պայքարում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը օգտագործում են ձեռքի տակ եղած այն լծակները, որոնց ադզեցությունը տվյալ պահին ավելի մեծ կարող է լինել: Ի դեպ, ԱՄՆ-ը չի բացառում, որ առաջիկայում կարող է սկսվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության գործընթացը, չնայած` դրան դեմ են Նիդեռլանդները, Ֆրանսիան և Գերմանիան: Իսկ այդ պարագայում, չի բացառվում, որ իրավիճակը կտրուկ սրվի հատկապես վրաց-աբխազական ու վրաց-օսական հարաբերություններում: Դրությունը պակաս մտահոգիչ չէ նաև ղարաբաղյան հակամարտության հարցում: Ադրբեջանական տարածքների մասին բանաձևի ՄԱԿ-ում քննարկման ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից քննադատության արժանանալուց հետո, պաշտոնական Բաքուն առաջարկել է փոխել Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցութ յուններում Ադրբեջանի խուսանավումներն այնքան բացահայտ են, իսկ միմյանց հաջորդող ռազմաշունչ հայտարարություններն այնքան անհեթեթ, որ ի վերջո Մեթյու Բրայզան հայտարարեց` եթե Ադրբեջանը չի ցանկանում քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բանակցություններն անիմաստ են: Մեթյու Բրայզայի այս ձևակերպման մեջ, թերևս, կարելի է նշմարել Ադրբեջանի դիրքորոշման հանդեպ ԱՄՆ հարգանքը: Մյուս կողմից էլ Հայաստանում հետընտրական զարգացումների առնչությամբ Միացյալ Նահանգների արտահայտած «մտահոգություննները» ավելորդ անգամ հավաստում են, որ հանուն իրենց աշխարհաքաղաքական նպատակների, աշխարհի հզորները պատրաստ են զոհաբերել ամեն ինչ… Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են նշամարվում, հարևան Թուրքիայում` նույնպես: Միացյալ Նահանգներն այսուհետ նույնպես մեծ ջանքեր կգործադրի` Իրանին մեկուսացնելու համար: Այս զարգացումներից անմասն չի կարող մնալ Անդրկովկասը: Այստեղով է անցնում Ռուսաստանի ճանապահը դեպի Մերձավոր Արևելք: Այստեղ է գտնվում Արևելք-Արևմուտք խաչմերուկը, այստեղ են հատվում Արևմուտքի և Ռուսաստանի շահերը…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ