Այս փուլում կարևոր է խաղաղության պահպանումը


ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի օր հետո` մարտի 5-ին դարձյալ Ռուսաստանի նախաձեռնությամբ դարձյալ Սոչիում կկայանա Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Եվ հատուկ ընդունակություններ ունենալու հարկ չկար` հասկանալու համար, որ անցած շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի և օգնականի այցը տարածաշրջան, տեղավորվում էր այդ հանդիպման տրամաբանության շրջանակներում: Կարող ենք ավելին ասել` այս այցի ներկայացուցչական կազմը, թերևս, խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունն անչափ կարևորում է Սոչիում կայանալիք հանդիպումը: Վիեննայում ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի բացմանը կազմակերպության գործող նախագահողը` Լիտվայի արտգործնախարարն, անհանգստություն հայտնեց Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին ժամանակահատ վածում իրադրության լարվածության առնչությամբ: Արդյո՞ք պատահական էր (մեծ քաղաքականության մեջ, որպես կանոն, պատահականություններ և զուգադիպություններ չեն լինում ), որ այդ օրերին WikiLeaks կայքը հրապարակեց Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպանի հայտարարածը, թե այդ երկրի զինուժը քանակական առումով առավելություն ունի, բայց Ղարաբաղում հայերի զբաղեցրած դիրքերն անգերազանցելի են, և Ադրբեջանն ի զորու չէ պատերազմի դեպքում հաղթանակի հասնել: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Սթայնբեքի ու Գորդոնի առաքելությունը հետապնդում էր հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը (հասկանալի է` Ադրբեջանի կողմից) կանխելու նպատակ: Դրա օգտին է, թերևս, խոսում նաև այն, որ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելով` Լիտվան, որպես իր նախապատվություն, հայտարարեց հակամարտությունների հաղթահարմանը ոչ թե հասնելը, այլ դրանց աջակցելը: Պաշտոնական Վիլնյուսը համոզված է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել փոխվստահության մթնոլորտ, որին կնպաստի շփման գծից դիպուկահարներին հետ քաշելը: Այսինքն, ըստ միջազգային հանրության, հակամարտության գոտում իրադրությունն այն աստիճան սրված է, որ այդ մասին բարձրաձայնում է ԵԱՀԿ գործող նախագահող երկիրը: Մասնավորապես, դիպուկահարներին հետ քաշելու մասով ԵԱՀԿ-ի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են: Պաշտոնական Բաքուն կարծես աշխատում է շրջանցել այս հարցը. ոչինչ չի ասում, առերես դեմ չի արտահայտվում, փոխարենը… Ըստ էության, ներկա փուլում գործընթացներն Աստանայի գագաթնաժողովում զարգացումների տրամաբանական շարունակությունն են: Այնտեղ հակամարտության խաղաղ կարգավորման գործողությունների ծրագիր չընդունվեց, Ալիևը հրաժարվեց Հայաստանի նախագահի հետ ծրագրված հանդիպումից և շարունակեց շփման գոտում սադրանքների, դիվերսիոն գործողությունների կազմակերպումը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանին ազգակից Թուրքիայի Zaman-ը նույնպես գրում է, որ տարածաշրջանի ամենագրագետ ու մարտունակ բանակը հայկական զինուժն է: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարը հույսեր է փայփայում, թե հայկական կողմը գուցե տարածքներ զիջի: Բաքվում խոսելով Սոչիում սպասվող հանդիպումից իր ակնկալիքների մասին, Մամեդյարովն ասել է, թե հաշտության հնարավորություն միշտ էլ կա, պարզապես, ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից: Ու էլի` պատահաբար էր, թե պլանավորված, Սթայնբեքին ու Գորդոնին Երևանում ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա` Մեդվեդևի հետ տպավորութ յունները կիսելու: Ռազմավարական գործընկեր երկրների նախագահների մոսկովյան առանձնազրույցից մանրամասներ, բնականաբար, չեն հաղորդվում: Միայն, որպես աչքալուսանք, տեղեկացվեց, որ Հայաստան առաքվող ռուսական գազն այդ հանդիպման արդյունքում այս տարի ապրիլի 1-ից չի թանկանա: Կարելի է հասկանալ, որ Մոսկվայում գոհ են` Երևանում ամերիկացի բարձրաստիճան հյուրերի հետ ամեն ինչ ընթացել է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև նախնական պայմանավորվածության համաձայն: Այսինքն, ուժային կարևորագույն երկու կենտրոնները` Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, այս փուլում խոսքները մեկ են արել ու ստիպելու են Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցություններն ու հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից: Սա իրադրության ներկա պայմաններում, թերևս, միակ իրատեսական հնարավորությունն է: Քաղաքագետներն ու վերլուծաբաններն է´լ ավելիին հասնելու ակնկալիքներ չունեն մարտի 5-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: Խնդիրն այն է, որ, ինչպես տարբեր առիթներով ասվել է` տարածաշրջանում միջնորդների շահերն ու նպատակները բացի Ղարաբաղյանից, խաչվում են նաև այլ` դրա հետ այս կամ այլ կերպ առնչվող հարցերում: Աչքաթող չանենք` ամերիկացի Սթայնբեքից ու Գորդոնից առաջ Երևանում էր նրանց ռուսաստանցի գործընկեր Գրիգորի Կարասինը: Նրա հետ բանակցություններում Թուրքիայի փոխարտգործնախարարը դարձյալ առաջ էր քաշել իրենց սիրած երգը` հայկական զինուժի կողմից վերահսկվող` Ղարաբաղին հարակից շրջանների մի մասի Ադրբեջանին վերադարձնելու մասին: Հայաստանի պատասխանը հայտնի և հասկանալի է: Այն համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը: Իսկ թեկուզ ամեն գնով հայ-թուրքական սահմանը բացված տեսնել շա˜տ կցանկանար ԱՄՆ-ը: Նաև` մոտենում է Ապրիլի 24-ը, և սպասվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ավելի կակտիվացնեն հակահայ քարոզչությունը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ