Հելլոուինը` ոգեհարցության քարոզ 


 

Այսպես է կարծում Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին` նախազգուշացնելով  իր հոտին` ձեռնպահ մնալ

Ինչպես հայտարարել է արքեպիսկոպոս Անձեյ Ձենգան` երիտասարդներին թույլ տալով նշել Հելլոուինը, մեծահասակները բացում են հեթանոսական հավատի դռները: Նրա համոզմամբ` այդ տոնը կապված է «մահվան պաշտամունքի» հետ:

Շեցինա-Կամենյայի թեմի առաջնորդն այդ առնչությամբ նամակ է գրել, որն այս կիրակի կընթերցվի պատարագի ժամանակ:

- Զվարճանքի այդ տեսակը, երբ երեխաներին գայթակղում են քաղցրավենիքներով, կարող է վնաս հասցնել նրանց հոգևոր աշխարհին,- նշված է ուղերձում:

«Անպատասխանատու և հակա-քրիստոնեական զվարճությունը», ըստ արքեպիսկոպոսի` երեխաներին ծանոթացնում է «խավարի աշխարհին, ուր բնակվում են սատանաները, հոգեգեշները (վամպիր) և դևերը». ու այդ ամենը` «հանուն ժամանցի»:

Նոյեմբերի 1-ին Լեհաստանում նշվում է Բոլոր սրբերի օրը, երբ հիշում են այս աշխարհից հեռացած հարազատներին ու մտերիմներին, այցելում են նրանց շիրիմներին` դրանք զարդարելով պսակներով ու լապտերներով: Բայց հենց այդ տոնի նախօրյակն ամերիկյան ոճով` «անմաքուր ուժերի» հանդերձներով նշելը տարածվել է ողջ աշխարհում:

Երևանում նույնպես այս տարի հոկտեմբերի 31-ն այդ կերպ նշեցին երիտասարդները: Թվում է` սարսափելի ոչինչ չկա: Մանավանդ` հոգսաշատ մեր առօրյայում զվարճանալը նույնպես ուրախալի էր: Բարեբախտաբար` մեր Եկեղեցին անհանգստության նշաններ չցուցաբերեց: Լեհաստանում ևս «Հելլոուին» «խաղացողների» մտքով իսկ չէր անցնի կրոնական «ծալքեր» որոնել իրենց ժամանցում` եթե հոգևոր հայրերն այլ ենթատեքստեր չորոնեին դրանում: