Ձեր արածը ձեր դուրը գալի՞ս է


Փորձեք հիշել մի դեպք, երբ քաղաքային իշխանությունները որևէ խնդրի կամ իրադրության մասին խոսելիս հատուկ չնշեն, թե կազմ և պատրաստ են այս կամ այն ծրագրի կատարմանը, որ խնդիր չունեն` այն ժամանակին ավարտին հասցնելու: Մեր պաշտոնյաներին լսելիս, եթե մի պահ իրականությունից վերանաս, կթվա, թե, ինչպես մեզ ջահել-ջուհուլները կասեին` «կյանքը տոնածառ է»: Ամեն ձմռան նախաշեմին մայրաքաղաքի բնակչությունը ճիշտ և ճիշտ նույն հավաստիացումներն է լսում. պատրաստ է այսքան մեխանիզմ, կուտակված է այսքան այսուայն բան... Այսինքն, ձմեռը գա էլ, գնա էլ, երևանցիներ, վախենալու և մտահոգվելու «պատճառ չիք»: Թե ինչ ձմեռ անցկացրին երևանցիները, միայն իրենք գիտեն: Իշխանավորներն ի՞նչ իմանան: Նրանք ճոխ-ճոխ խոստումներ տալու տերն են: Ոտքները գետնին կպնո՞ւմ է, որ իմանան` ոտքի տակինն ասֆա՞լտ է, թե՞ շլոփաձյուն կամ սառցակտոր: Լրագրողներիս միջոցով քաղաքապետարանն աչքալուսանք տվեց երևանցիներին. քաղաքային նշանակության փողոցները վերակառուցվում-վերանորոգվում են: Հստակ ժամկետներ նշվեցին, ընդհանուր առմամբ, մինչև անձրևների սկսվելը, այսինքն աշնան կեսերը: Հար ու նման խոստումներ և հավաստիացումներ, որոնք թարսի պես իրականություն չեն դառնում: Մեկ բնությունն է խառնում քաղաքապետարանի հաշիվները, մեկ բիտումի ներկրումն է տապալվում թարսի պես: Թե ինչպես են քայքայվում տեխնիկան և մարդկանց (վարորդ-ուղևորի) նյարդերը` քանդուքարափ արված Կոմիտասի պողոտայով երթևեկելիս, այդպիսի հաշվարկ դեռ ոչ ոք չի արել: Այդ անչափելի վնասի հետևանքները նույնպես ոչ ոք չի չափել: Եղածը եղած է, վերջը բարի լինի: Թե որ լինի: Հիմա ո՞վ հույս ունի, ո՞վ կհավատա, թե Կոմիտասի պողոտայում ընթացող շինարարությունը մինչև ցրտերն ընկնելը կավարտվի (ձմեռը քթներիս տակ է, մեկ էլ տեսար, «ձյունն էկավ-կիտվեց, սարուձոր դիզեց»): Առանց այն էլ պողոտան իր վայրէջք-վերելքային դիրքով ձմռանը տեղից պրոբլեմատիկ է, և քանդելու հետևանքով առաջացած փոսերը փողոցը վթարի բուն են դարձնելու: Այլևս ո՞ւմ է հետաքրքիր` որտեղից ինչպիսի բիտում պիտի բերվեր: Փաստն այն է, որ չբերվեց: Թեև խոստացել էին` մե՜ծ-մե՜ծ, պի՜նդ-պի՜նդ: Երևան-Էջմիածին խճուղու մինչև օդանավակայան ձգվող հատվածի վերակառուցումն էլ էստեղ հարամվեց: Բա չուրախանայի՞նք. երեսներս պարզ` արագընթաց, երկու կողմերը շուկայական այլազան տեսարաններից մաքուր ճանապարհով, մեր հյուրերին քաղաք պիտի մտցնենք: Իսկ ո՞ւր են պարտակվելու հայրենի կահույքագործների ցուցադրանքները` դրսից ու ներսից, խանութները, կազինոները, տները: Անէանալո՞ւ են, երկի՞նք են համբառնելու: Եվ ոչ մի պատրանք: Տարանջատվելու են, ցանկապատով պատնեշվելու են: Ինչ-որ բան, հավատացեք, անհասկանալի է, անպատկերացնելի: Դեռ ամիսներ առաջ, երբ ծրագիրը մատուցվեց հանրությանը, արդեն իսկ կանխատեսելի էր ժողովրդի բողոքի այն ալիքը, որ որոշումից ամիսներ անց բարձրացավ: Այդպիսի կանխատեսմամբ մենք կիսվեցինք սույն ծրագիրը ներկայացնող քաղաքապետարանի պաշտոնյայի հետ. չլինի՞ թե մի օր էլ արգավանդցիները համալրեն իրենց տներից հանիրավի քշված, քաղաքապետարանը պաշարող բողոքավորների շարքերը: Պատասխանն այսպիսին էր. «Ոչ մեկի շահը չի վնասվելու, ոչ մեկին` ոչ ձեռներեցներին, ո°չ գործարարներին չի խանգարելու»: Էն էլ ո¯նց է խանգարում: Եվ մեր ասելիքի մեջ որքան սա է էական, նույնքան էլ այն, որ մայրուղու այդպիսի վերակառուցում նախագծողները կամ այդ պահի տերն են (հլը մի որոշենք, հետո կտեսնենք ինչ կլինի), կամ էլ լավ էլ գիտեն, որ ժողովուրդն ընդվզելու է, սակայն բողոքի ալիքը մարելու, ընդվզումը խեղդելու փորձի պակաս չունեն: Եվ ուրեմն` մտահոգվելու պատճառ չունեն: Ժողովուրդ է, մեկ-երկու կբլթա ու... կինոն կպրծնի: Մի խոսքով, ամեն ինչ ընթանում է երևանցիներին հայտնի սցենարով: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ էդպես, պարոնայք:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ , Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ