«Եվ կգան գայլեր գառների տեսքով...»


Աստվածաշնչյան այս և բազմաթիվ այլ տողեր այսօր մեզ համար որպես ահազանգ են հնչում, որովհետև իրականանում է մարգարեաբար կանխորոշվածը: Օրեցօր համալրվում են աղանդավորական շարքերը: Դրանք համալրվում են նոր մարդկանցով, ովքեր նույնիսկ վերապատրաստվում են հոգեորսիչների նորամշակ գիտություններով: Աստվածաշնչյան ճշմարտություններն ու բազում այլ իրողություններ, որ վաղուց արդեն հայտնի են մարդկությանը նաև նշանավոր գիտնականների (Ռենե Դեկարտ, Չարլզ Դարվին, Բեռնշտայն...) շնորհիվ, նրանք ներկայացնում են իբրև նոր բացահայտումներ. պետք չէ ոտնահարել հոգևոր օրենքները, մարդը կարող է փոխել իր գենետիկան, մարդու պահվածքը կանխատեսելի է ցանկացած իրավիճակում, մարդը կարող է լինել երջանիկ` փոխելով անհաջող գծերը իր կյանքում և ճակատագրում: Իսկ ինչպե՞ս և ո՞վ է կատարելագործում ու ուղղորդում նրանց: Մի՞թե հերթական պառակտիչ գործունեության զոհը չի դառնում Հայաստանը, որտեղ արդեն երկար ժամանակ խոր արմատներ են ձգել կասկածելի նպատակների համար, կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող նմանատիպ բազմաթիվ կառույցներ: Նրանց ծավալած գործունեությունը, ինչ խոսք, մեզ շատ ծանոթ սոցիալական քարտերի ու ապագայում նաև chip-երի սցենարի շարունակություն կարելի է համարել: Իսկ chip-եր ներարկելուն, բարեբախտաբար, մարդիկ ծանոթ են միայն գեղարվեստական ֆիլմերից: Որոշ շնաձկների ու շների հասցրել են արդեն չիփավորել, փորձարկումից հետո նրանք կորցրել են բնությունից իրենց տրված կենդանական հատկությունները` դառնալով կենդանի խաղալիքներ: «Կեցցե՜ս, մարդկային միտք...» Ահա այդ մտքի «փայլատակումներից» կարելի է համարել նաև ամերիկացի բժիշկ Տոյչի և նրա կնոջ ստեղծած «IDEAL» մեթոդը, որը «բուժում է» մի շարք հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, հեռացնում բացասական լիցքերը, մարդուն դարձնում երջանիկ, իսկ ամենազարմանալին այն է, որ մշակել են ծրագիր, որով կարողանում են փոխել մարդու գենետիկ շեղումները` առանց քիմիական միջամտության, միայն գիտակցության միջոցով (ինչը գիտականորեն հերքվում է. մի՞թե նոր փրկիչ է եկել): Մի խոսքով, հրաշքներ, որոնց ծանոթանալու համար խորհրդատվության մեկ ժամի արժեքը 750 ԱՄՆ դոլար է: Վերջինիս առկայությունը առանց բժշկական հրաշքների էլ շատերին կերջանկացնի: Իսկ այդ երջանկությունը լիարժեք լինելու համար պետք է աղոթենք առ Աստված, որ մեզ ազատի կեղծ բարեպաշտության տակ քողարկված մարդկանցից ու նրանց «մարդասիրական» նպատակներից...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ