ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ` ՀԻՇԱՏԱԿԻԴ

ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆԻ ՀՈՎԻՎՅԱՆ

Մոսկվայից հասած բոթը թիկունքին ստացած դավադիր հարվածի պես անակնկալի բերեց Վարդանին ճանաչողներին: Առաջին ու ամենամեծ արձագանքը ափսոսանքն էր... Հազա˜ր ափսոս Վարդան Հովիվյանին. մեզ` նրա «մի խումբ ընկերների» համար` դիլիջանցի Վարդանին... Իսկ «մի խումբ ընկերների» պատմությունն այս է.

1990 թվականին «Սպուտնիկ» համամիութենական տուրիստական երիտասարդական գործակալության միջոցով երկշաբաթյա շրջագայության էինք մեկնել Ռումինիա: Խմբի ղեկավարը «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանն էր («Ավանգարդ»-ից ևս 2 աշխատակիցներ կային խմբում), մնացածները հանրապետության տարբեր հիմնարկներում աշխատող երիտասարդներ էին` մեկս մյուսին դեռևս անծանոթ: Եվ անծանոթության ու օտարության սառույցը ուղևորության առաջին րոպեներից, հենց «Զվարթնոց» օդանավակայանում, կոտրեց խմբի թերևս ամենակրտսերը` 25-ամյա Վարդանը, ով Դիլիջանից էր եկել: Երևանից ինքնաթիռով հասանք Մոսկվա: Վայրէջքից քիչ անց, երբ պետք է ուղևորվեինք երկաթուղային կայարան, համոզելու մեծ ձիրքով օժտված Վարդանը դիմեց խմբի ղեկավարին.

- Մի կտոր հաց չուտե՞նք, մոտիկից չծանոթանա՞նք…

Հանպատրաստի սեղանը բացվեց հենց օդանավակայանի ժամանման սրահում` տնից ճանապարհի համար վերցրած մթերքներով: Նաև խմիչք հայտնվեց, կենացներ հնչեցին, մթնոլորտը ջերմացավ, որը շարունակվեց Մոսկվայից Ռումինիա ուղևորվող գնացքում: Գնացքի ամեն վագոնում խորհրդային տարբեր հանրապետություններից հավաքված երիտասար դական խմբեր էին, որոնց անդամների հետ, դարձյալ` շնորհիվ Վարդանի, դրվեց ծանոթության և հետագա ընկերության հիմքը...

Իսկ հետո` անմոռանալի օրեր, իրադարձություններով, դիպվածներով և արկածներով հագեցած երեկոներ և աստղազարդ գիշերներ` ծովափնյա գողտրիկ քաղաք Մամայայում, ուր ցերեկները Սև ծովի ափին մեզանից յուրաքանչյուրն իր երազանքների դղյակներն էր ուրվագծում ռումինական թեժ ավազների վրա... Մեր խմբի շարժիչ ուժն էր Վարդանը, անհնարինը մեկ էլ տեսար նրա մտքի թռիչքի շնորհիվ դառնում էր ակնհայտ, զարմացնում և հիացնում էր բոլորիս` իր անսպասելի նախաձեռնություններով և հենց դրանում էր նրա հմայքի մեծ ուժը: Մի անգամ Վարդանը, Վարուժանը և Գայանեն, Վարդանի նախաձեռնությամբ, ուտելիք և խմիչք վերցրած` խարխուլ նավակով բաց ծով են դուրս գալիս և չեն էլ նկատում, թե ինչպես ափից մի քանի տասնյակ մետր հեռանում են: Անսպասելի քամի է բարձրանում, նավակը տերևի պես սկսում է ճոճվել ծովում: Երեքից ամենասթափը` աղջիկը, սկսում է օգնություն կանչել, և, բարեբախտաբար, քիչ անց ռումինացի բարձրահասակ և ամրակազմ լողորդի շնորհիվ անվնաս հասնում են ափ... Վարուժանը, որ լողալ չգիտեր, ափ հասնելուց հետո, չգիտես ինչու` սկսում է Իսահակյան արտասանել.

- Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին...

Իսկ Վարդանը, որ թեև ամուսնացած չէր, բայց համարվում էր կանանց «գիտակ» և նրանց բնութագրում էր խոհափիլիսոփայական ուրույն ձևակերպումով, կրկին հիշեցնում է.

- Ի՞նչ նավակ, ի՞նչ երդում, բա չեմ ասել` հատը հատ ա...:

Այսինքն, ուզում էր ասել` սիրելի տղամարդիկ, ի՞նչ եք ձեզ այդպես կոտորում, բոլոր կանայք էլ մեկ են, բնությունը նրանց միանման է ստեղծել, այլ խոսքով` հատը հատ ա... Նաև այսպիսին էր մեր սիրելի ընկերը...

Վարդանի պապը` Հայկ Հովիվյանը, ծնվել է Տրապիզոնի Էլևի գավառում: Նրա գերդաստանի 78 անդամները դարձել էին Եղեռնի զոհեր: Ինքը ապաստան էր գտել Բեյրութի Մերջայուն քաղաքում և ամուսնացել էր Ադանայից փախած Արաքսի Կիզիրյանի հետ: 1946 թվականին 6 զավակների հետ ներգաղթել էին Հայաստան, բնակություն հաստատել Դիլիջանում:

Հովիվյան ընտանիքի ավագ որդին` Ստեփանը, մանկական հիվանդության սխալ բուժման հետևանքով 10 տարեկանից եղել է հաշմանդամ: Հայրենիքում բազում վիրահատություններից հետո, սկսել է քայլել հենակների օգնությամբ: Երբեք դպրոց չհաճախած Ստեփանը զբաղվել է ինքնուսուցմամբ, էքստեռն կարգով հանձնել է քննություններ և ստացել հասունության ատեստատ: Երկար տարիներ աշխատել է որպես լրագրող: Ունեցել է չորս երեխա:

Վարդանը` Ստեփանի կրտսեր որդին, ծնվել է 1965 թվականին: 14 տարեկանում ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, բայց չդիմանալով ծնողների կարոտին` վերադարձել է Դիլիջան: Ավարտել է Դիլիջանի ռադիոտեխնիկական տեխնիկումը: Աշխատել է քաղաքի տարբեր հիմնարկ ?-ձեռնարկություններում: 90-ական թվականների սկզբներին ամուսնացել է հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Համեստի հետ և տեղափոխվել Մոսկվա: Այս տարի նրանց ավագ դուստրը` Ամալյան, ավարտել է Պլեխանովի անվան համալսարանը: Փոքր դուստրը` Աննան, ոսկե մեդալով ավարտելով դպրոցը` ընդունվել է Էներգետիկայի ինստիտուտ: Ընկերների հետ ֆեյսբուքյան վերջին գրառումներում Հայաստանի կարոտը սրտում Վարդանը հպարտացել էր օտար ափերում հայ մարդու դիմագիծը պահպանած իր ընտանիքով, ուրախացել դուստրերի հաջողություններով, և տեղեկացրել, որ երկար տարիների բացակայությունից հետո վերջապես կարող է հանգիստ խղճով գալ հայրենիք և գոնե որոշ ժամանակ հանգիստը վայելել հայրենի տանը` Դիլիջանում` ընկերների հետ սեղան նստել և բաժակ բարձրացնել…

Մենք շատ էինք սպասում այդ հանդիպմանը: Միայն նա` Վարդանը կարող էր Հայաստան վերադանալով` իրար գլխի հավաքել վաղուց ցրված և կյանքի դժվարությունների ու հոգսերի բեռը ուսած իր ընկերներին: Չեկա´վ: Չկայացա´վ այդ հանդիպումը: Վարդանի հանկարծահաս մահը ծանր հարված էր` շատ ցավալի ու անասելի կսկծալի: Բոլոր նրան ճանաչողների և անգամ` նրան երբևէ չճանաչածների համար: Անհավատալի´ է: Ինչպես կարող էր մահն այդքան դաժան ու անհոգի գտնվել… Աներևակայելի է: Այն ձգող մթնոլորտը, այն տրամադրությունը, որ նա էր ստեղծում իր շուրջը և դրանցով ոգեշնչում շրջապատին, չե´ն կարող, պարզապես, այդպես հեշտ ու հանգիստ տեղի տալ: Չե´ն կարող մեկեն անէանալ և ընդամենը ցավալի հուշ կամ հիշողություն դառնալ…

Վարդան Հովիվյանը սիրվելու, հարգվելու, շրջապատի սիրելին դառնալու բնատուր բացառիկ հատկությամբ էր օժտված: Մենք ավելի շուտ դա այսպես ենք կոչում` աստղո´վ տղա էր: Այո, աստղով էր, ի´ր աստղն ուներ… Վարդանը Վարդան էր, շա˜տ Վարդան… Մարդ չկար, չէիր գտնի մեկնումեկին, որ նրան չսիրեր: Վարդանը, քավ լիցի, իդեալական կամ կատարյալ չէր, թերություններ էլ` որքա˜ն ասես ուներ, բայց անհնարին էր չսիրել նաև մարդկային այդ թերությունները: Նրա աստղը որքան պայծառ ու լուսաշող էր, այնքան էլ վաղաժամ, ճակատագրի չար կատակով, մարեց: Ճիշտ է, մարեց Երկրի վրա, բայց և, վստահ ու հավատացած ենք` երկնային անմահություն գտավ…

Խորին խոնարհում հիշատակիդ` մեր անմոռանալի ընկեր:

ԸՆԿԵՐՆԵՐ